Նիկոլ Փաշինյանի շանսը՝ Հանրապետականին. ՀՀԿ-ն՝ բանականության և Ռոբերտ Քոչարյանի միջև.
 
Հայ-չինական դպրոցի բացման հանդիսավոր միջոցառումից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին՝ տողատակում մի քանի հետաքրքիր ուղերձներ հասցեագրելով ՀՀԿ խմբակցությանը, որի ներկայացուցիչների հռետորաբանությունն ակնհայտորեն փոխվել է Ռոբերտ Քոչարյանի գործոնի ակտիվացումից հետո։
 
Հարցին՝ տարբերակներ տեսնո՞ւմ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար իր հրաժարականից հետո ՀՀԿ-ն խորհրդարանում քվեարկի վարչապետի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանին ընտրելու օգտին, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ես, անկեղծ ասած, տարբերակ չեմ տեսնում: Ես պարզապես ցանկացա ցույց տալ, որ հարկավոր է իրավիճակը գնահատել ռեալ՝ ավելորդ բարդություններից խուսափելու համար: Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն՝ իր ղեկավարությամբ, շարունակում է իրավիճակը ճիշտ չգնահատել»:
 
Փաշինյանը ՀՀԿ ղեկավարությանը հասկացնում է, որ չարժե խանդավառվել Քոչարյանի գործոնով, որովհետև երկրորդ նախագահը հին համակարգը ռեստավրացնելու, իշխանության վերադառնալու որևէ շանս չունի։ Այս իմաստով ՀՀԿ վերնախավը իրապես կանգնած է երկընտրանքի առջև՝ դիմադրության շարունակությունը կարող է այս կուսակցությանը դարձնել հեղափոխական ավելի հուժկու ալիքի թիրախ, մյուս կողմից՝ ըստ ամենայնի գործ ունենք Ռոբերտ Քոչարյանի գործադրած ճնշումների հետ, որը երբեմն ոչ ադեկվատ վարքագիծ է առաջացնում ՀՀԿ գործիչների մոտ։
 
Այս համատեքստում Փաշինյանն այսօր ակնարկել է, որ ՀՀԿ պատգամավորների, խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանի հետ հանդիպման, նրանց հետ երկխոսության պատուհանը փակ չէ: «Պարզապես պետք է մարդկանց հետ խոսել, նրանց ներկայացնել իրավիճակը, օգնել, որպեսզի նրանք իրավիճակն ավելի ռեալ գնահատեն, ոչ մի հավելյալ քայլեր ձեռնարկելու կարիք չկա»,- ընդգծել է վարչապետը: Նա հավելել է, որ պատգամավորների հետ հանդիպումներ և քննարկումներ կունենա, որպեսզի որևէ մեկի մեջ որևէ հավելյալ մտավախություն չլինի: «Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր քաղաքացիները, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորները, ներքաղաքական կյանքի բովանդակությունը ճիշտ ընկալեն»,- ասել է նա: Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանը հասկացրել է, որ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման համատեքստում սահմանադրական փոփոխությունների գնալը տարբերակներից մեկն է՝ չբացառելով, որ կարող են լինել նաև այլ տարբերակներ, որոնք այդ հարցերն օրակարգից կհանեն:
 
Առավել քան ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ին հրավիրում է երկխոսության, քննարկումների դաշտ՝ այս կուսակցությանը Ռոբերտ Քոչարյանի ռևանշիստական նկրտումներից հեռու պահելու համար։ Սա տարբերակ է, որը թույլ կտա խորհրդարանի արտահերթ ընտրություններն անցկացնել առանց ցնցումների՝ հեղափոխության հաղթանակը վերջնականապես ամրագրելու համար։
 
ՀՀԿ-ն, ըստ էության, կանգնած է ճակատագրական ջրբաժանի առաջ։ Հեղափոխությունը հաղթելու է ցանկացած պարագայում. օգոստոսի 17-ի հանրահավաքը ցույց տվեց, որ հասարակությունը պատրաստ է հաղթահարել ցանկացած խոչընդոտ, ու Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումը ժողովրդին ոչ թե վախեցրել, այլ ավելի շատ է կոնսոլիդացրել հեղափոխության շուրջ։
 
ՀՀԿ-ում իսկապես պետք է սթափ գնահատեն իրավիճակը։ Նրանք արդիականացվելու, դասական ընդդիմություն դառնալու դեռ հնարավորություն ունեն, եթե վերացնեն հակահեղափոխական դիմադրությունն ու իշխանության հետ գնան ռացիոնալ երկխոսության՝ ըստ էության զոհաբերելով Ռոբերտ Քոչարյանին։ Սա ՀՀԿ-ի փրկության միակ ճանապարհն է, որը նաև երկիրը զերծ կպահի ավելորդ ցնցումներից։
 
Հեղինակ՝ Սարգիս Արծրունի