Ովքե՞ր են «հողեր հանձնողները». ե՞րբ է Քոչարյանը խոստովանելու, որ Փաշինյանը ճիշտ է.
 
 
 
Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 17-ի հանրահավաքային ելույթի ղարաբաղյան հատվածն ըստ էության կառուցված էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախորդ օրվա հարցազրույցին անուղղակի պատասխանելու հենքով։ «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը որոշել է հողերը հանձնել. իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց՝ ուրիշ բանի մասին չեն բանակցել։ Եվ ես դա հիմա գիտեմ փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին՝ ով ինչ է խոսել»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ԼՂ խնդրի որևէ տարբերակ, որն ինքը կհամարի ընդունելի, նախ պետք է արժանանա ժողովրդի հավանությանը՝ հաստատվելով հրապարակում։
 
 
 
 
Վարչապետի ակնարկը բանակցային գործընթացի նախորդ տարիների մասին, մասնավորապես՝ «բացի հող հանձնելուց՝ ուրիշ բանի մասին չեն բանակցել» արտահայտությունը ցավագին ընդունվեց հատկապես ՀՀԿ գործիչների կողմից. վերջիններս դա ակնարկ-քննադատություն համարեցին՝ հասցեագրված Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։
 
 
 
ՀՀԿ գործիչներն ըստ էության ճիշտ էլ հասկացել են, որովհետև ԼՂ խնդրի ոչ միայն բանակցային ձևաչափը, այլ նաև բովանդակությունը ձևախեղվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում, իսկ Սերժ Սարգսյանն ըստ էության շարունակել է վերջինիս քաղաքականությունը։
 
 
 
«Նիկոլ Փաշինյանը փորձեց սենսացիոն ակնարկներ անել բանակցային գործընթացի պատմության մասին: Եվ քանի որ կիսատ-պռատ մոտեցումները ու պոպուլիզմը այս հարցում ճակատագրական կարող են լինել, ակնկալում ու պահանջում եմ, որ այդ ջինը դուրս գա շշից ամբողջությամբ, և Փաշինյանը հրապարակի ողջ բանակցային գործընթացի տեղեկատվությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից սկսած»,- ֆեյսբուքյան իր էջում Փաշինյանի ելույթի ղարաբաղյան հատվածին այսպես է արձագանքել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
 
 
 
Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը դիմացինին մեղադրել է պոպուլիզմի մեջ՝ չնկատելով, որ իր առաջադրած պահանջն ինքնին պոպուլիստական է։ Բացի այդ՝ համոզված չենք, որ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի թեկուզև փաստաթղթային գաղտնազերծումը դիվիդենդներ կբերի Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահներին, ավելի շատ հակված ենք մտածել ու համոզված ենք, որ, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը հայտնվելու է աննախանձելի իրավիճակում։
 
 
 
Լևոն Տեր-Պետրոսյանը խաղաղության անհրաժեշտության մասին խոսել է մշտապես, ավելին՝ միակ գործիչն է, որ այդ գաղափարը բերել է քաղաքական օրակարգ՝ դեռ նախագահի կարգավիճակում հանդես գալով «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հայտնի հոդվածով։ Առաջին նախագահը սկզբունքորեն ճիշտ է վարվել, երբ 90-ականների երկրորդ կեսին բանակցել է նաև ազատագրված որոշ տարածքների վերադարձի շուրջ՝ երաշխավորելու համար ԼՂՀ փաստացի անկախությունն ու դրա իրավական ճանաչմանը հասնելու միջազգային հեռանկարներն ու Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Այն ժամանակ Հայաստանի շուրջ միջազգային համատեքստը դեռ բարենպաստ էր, մեր երկրի դիրքերը՝ ամուր, ու Տեր-Պետրոսյանն իրավամբ կարծում էր, որ Հայաստանը կարող է Ադրբեջանին խաղաղության պայմանագիր պարտադրել։
 
 
 
Սակայն առաջին նախագահը նաև զգուշացրել էր ստատուս քվոյի փոփոխության անխուսափելիության մասին. աշխարհում ու մեր տարածաշրջանում ոչինչ ստատիկ չէ։ Սակայն Տեր-Պետրոսյանի կոնցեպցիան ռացիոնալ դաշտում քննարկելու փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը գերադասեց տուրք տալ Արցախի խնդրի էժանագին շահարկմանը և «8000 քառակուսի կիլոմետրանոց Արցախ» ստեղծելու պոպուլիստական կարգախոսի մոտիվացիայով Հայաստանոմ իրականացրեց պալատական հեղաշրջում։
 
 
 
Ռոբերտ Քոչարյանի պոպուլիստական իշխանության միջազգային ճանաչման գինը դարձավ Արցախի դուրսմղումը բանակցային գործընթացից։ Քոչարյանից սկսած՝ Հայաստանը գնացել է նաև բովանդակային էական զիջումների, ինչի դրսևորումներն են կարգավորման «Ընդհանուր պետության» փաթեթը, Քի Ուեսթի գործընթացը, Մեղրիի փոխանակման շուրջ նվաստացուցիչ քննարկումները։ Միջազգային հանրությունը տեսել է, թե ինչպես է Քոչարյանը պատերազմում հայկական կողմի ձեռք բերած հաղթանակը մսխում այդ բանակցություններում, երկրի ներսում՝ այն վերածելով քրեաօլիգարխիկ համակարգի անվերահսկելի ու սանձարձակ իշխանության։ Ռոբերտ Քոչարյանն արմատապես ձևախեղեց առաջին նախագահի պաշտոնավարման շրջանում վարվող հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը ու ի հեճուկս համաշխարհային համատեքստի ու տարածաշրջանային միտումների՝ ամբողջապես կապիտուլացվեց Մոսկվայի առաջ՝ Հայաստանը դնելով ինտեգրացիոն բոլոր գործընթացների, նախագծերի լուսանցքում։ Այս համատեքստում ԼՂ կարգավորման բանակցությունները չէին կարող այլ բանի մասին լինել, քան հողեր հանձնելը։
 
 
 
Այս լույսի ներքո Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ի հանրահավաքում միանգամայն ճիշտ էր, մանավանդ, որ Սերժ Սարգսյանի երկչոտ փորձերը չհանգեցրին քաղաքականության որակական վերանայման երկրի ներսում ու արտաքին հարաբերություններում, նաև՝ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում։
 
 
 
Կարծում ենք՝ այսօր կա շանս իսկապես փոխելու կարգավորման գործընթացի հարացույցը, փիլիսոփայությունը։ Այսօր չի կարող առհասարակ խոսվել հողերը վերադարձնելու մասին. դրա համար գոյություն չունի ոչ մի նախադրյալ. աշխարհը փոխվել է արմատապես՝ դառնալով ավելի քաոտիկ, ինչի հետևանքով միջազգային գործիքներն ու երաշխիքները կորցրել են իրենց նշանակությունն ու կենսունակությունը։ Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը դարձել է սանձարձակ պետություն՝ ըստ էության դրսևորվելով տարածաշրջանային բանդիտի կարգավիճակում։
 
 
 
Այս իրավիճակում արմատապես պետք է փոխել կարգավորման գործընթացի տրամաբանությունը. ազատագրված տարածքների թեման պետք է դառնա ընդհանուր, վերջնական կարգավորման մի էլեմենտը, բաղադրիչը։
 
 
 
Կարծում ենք՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության ղարաբաղյան քաղաքականությունն այս փուլում ամբողջացումների ու բյուրեղացման փուլում է հենց մեր նշած տրամաբանության համատեքստում, ու սրա մասին էր վարչապետի օգոստոսի 17-ի ուղերձը, ինչն ադեկվատ չի ընկալվել ընդդիմախոսների կողմից։
 
 
 
Աղբյուրը՝ 1in.am
 
 
 
Հեղինակ՝ Սարգիս Արծրունի