Նոր փուլ. Երևանի առաջարկը Մոսկվային.
 
 
Օգոստոսի 17-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի ելույթը արժանացավ տարբեր քննարկումների ու գնահատականների, նույնիսկ մի ծայրահեղությունից մինչև մյուսը, սակայն ելույթում հիմնական ուշադրությունը կենտրոնացավ, այսպես ասած, ներքին իրավա-քաղաքական և հեղափոխական ասպեկտների վրա, մինչդեռ Փաշինյանը արեց որոշակի ուղերձներ, որոնք իրենց խորության մեջ պարունակում էին ոչ պակաս կարևոր համատեքստ պետականության հետագա ընթացքի, վեկտորի, զարգացման արդյունավետության մասով: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն արեց մի հայտարարություն, որտեղ զուգակցվում են ներքին ու արտաքին կարևոր ասպեկտներ: Նա հայտարարեց, թե տարիներ շարունակ Հայաստանի իշխող համակարգը փորձել է կերտել Հայաստանի բարեփոխումների թշնամի Ռուսաստանի կերպար, ուղղակի, թե անուղղակի ներկայացնելով, թե Ռուսաստանն է, որը թույլ չի տալիս Հայաստանին անցում կատարել կառավարման օրինական, որակապես նոր համակարգ: Փաշինյանի հայտարարությունը շոշափում է իրապես կարևորագույն խնդիր, քանի որ առնչվում է թե՛ ներքին քաղաքականությանը, թե՛ շոշափում արտաքին առանցքային խնդիրներից մեկը՝ հայ-ռուսական հարաբերությունն ու դրա հեռանկարը:
 
 
Միաժամանակ անկասկած է, որ այդ արտահայտությունը շոշափում է Հայաստանի զարգացման տեսանկյունից գրեթե հիմնարար հարցերից մեկը՝ ներքին քաղաքականության վերափոխումը արտաքին քաղաքական կուրսի և, այսպես ասած, ազդեցության գոտու պահպանման պարագայում:
 
 
Անհերքելի է, որ Հայաստանում կա բավականին արմատավորված մի տեսակետ, որ Հայաստանի որակական արդիականացումը կարող է լինել միայն արտաքին քաղաքականության արևմտյան կուրսի պայմաններում և քանի դեռ այն չի փոխված, կնշանակի՝ որևէ հիմնարար հեռանկար չունի ներքին վերափոխման գործընթացը:
 
 
Այս մտայնությունը խորացրել է իշխող համակա՞րգը՝ ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, թե՞ այստեղ կան նաև միանգամայն հիմնարար տրամաբանական եզրահանգումներ: Սա մի հարց է, իսկ արդեն բուն խնդիրը՝ ներքին զարգացում և արդիականացում առանց արտաքին կուրսի փոփոխության, այլ հարց: Վերջին հաշվով, այն, որ Հայաստանը գտնվում է քաղաքականապես հետադեմ համակարգերով պետությունների ինտեգրացիոն շղթայում և այն չի կարող չազդել ընդհանուր մթնոլորտի վրա, թերևս դժվար է վիճարկել: Մյուս կողմից առաջանում է հարց, թե այդ դեպքում ինչպե՞ս իշխանափոխություն տեղի ունեցավ այդ շղթայում: Մտածել, թե Ռուսաստանի անուշադրության կամ, այսպես ասած, թերագնահատման հետևանքով, մեղմ ասած՝ կլինի միամիտ: Հատկապես այժմ, երբ Ռուսաստանը աշխարհաքաղաքական դիմակայության շրջապտույտում է, այդ երկրի իշխանությունը աչալուրջ է ամենամանր հարցերում անգամ: Հետևաբար չէր կարող անլուրջ կամ թերի վերաբերվել Հայաստանի իրավիճակին, ու դա այն դեպքում, որ Հայաստանը ռուսական քաղաքականության ու պետականության համար ունի շատ ավելի մեծ նշանակություն, քան նույնիսկ կարող է թվալ մեզ՝ հայերիս համար:
 
Եվ ուրեմն ինչո՞ւ է Ռուսաստանը թույլ տալիս իշխանափոխություն, չի դիմադրում, եթե մտադիր է դիմադրել որակափոխությանն ու արդիականացմանը: Կնշանակի, որ Ռուսաստանն իրականում դիմադրում է, և շոուն վաղուց ավարտվել է, կամ իրականությանն այդքան էլ չի համապատասխանում մտայնությունը, որ արդիական Հայաստանը Ռուսաստանի համար վտանգավոր է, քանի որ կսահի ձեռքից և կփախչի Արևմուտք: Իսկ ճշմարտությունն ինչպես հաճախ գուցե ինչ-որ տեղ մեջտեղում է կամ, այսպես ասած, տարածքում:
 
 
Խնդիրն այն է, որ աշխարհաքաղաքականությունը իր տրամաբանությամբ և վեկտորալ ընթացքում հայտնվել է բավականին մեծ տուրբուլենտության փուլում և այստեղ իրավիճակը գնահատել տարիների ստանդարտներով, կնշանակի, թերևս, տալ քարացած գնահատականներ, որոնք հեռու են շատ ավելի փոթորկուն իրականությունից: Այդ իրականությունը պահանջում է փնտրել և գտնել հնարավորությունները, խոչընդոտները մատնացույց անելու և դրանց «պատանդը» դառնալու փոխարեն: Ռուսաստանի պարագան տվյալ դեպքում Հայաստանի հանրության առաջ կանգնած է հենց այդ դիտանկյունից՝ մենք Ռուսաստանը դիտարկում ենք որպես խոչընդոտ և կանգնում այդ փակուղու առա՞ջ, թե՞ դիտարկում ենք որպես հնարավորություն և աշխատում, մտածում այն օգտագործելու ուղղությամբ: Նոր իրավիճակը դուրս բերելով աշխարհը որոշակի քարացած, ստատիկ զարգացումներից, մի կողմից, իհարկե, սրել է անվտանգային խնդիրները, մյուս կողմից՝ տվել է ավելի ստեղծագործ քաղաքականության հնարավորություն, տվյալ պրագայում Ռուսաստանի առնչությամբ:
 
 
Ռուսաստանը ներկայումս հայտնվել է շոշափելի խնդիրների առաջ և այստեղ կարծրատիպային գնահատականների փոխարեն անհրաժեշտ են այդ իրավիճակն օգտագործելու և նոր բնույթի առաջարկների միջոցով Ռուսաստանին հարաբերության ու ընդհանրապես ռազմավարության նոր ռեժիմի և տրամաբանության բերելու համար: Խոշոր հաշվով, օգոստոսի 17-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի արտահայտած միտքը այս համատեքստում է, այդ խնդիրը ձևակերպելու մեկնարկային փորձ: Երևանը Մոսկվային առաջարկում է ազատել Հայաստանի կոռուպցիոն համակարգի համար «պատասխանատվությունից», դրա փոխարեն ակնկալելով այդ համակարգի վերափոխման գործում չեզոքություն: Իսկ երաշխիքների խնդիր Ռուսաստանը տվյալ պարագայում գործնականում չունի, քանի որ կան մի շարք գործոններ, որոնք Մոսկվային թույլ են տալիս վիճակը պահել կառավարելի: Այդ իմաստով, նոր փուլում Երևանի խնդիրը գործնականում առաջարկվող նոր բանաձևը, այսպես ասած, հնարավորինս հարստացնելն է, հաջորդ փուլերի համար Ռուսաստանը չխանգարողից, այսպես ասած, օգտակար գործընկերոջ դաշտ բերելու համար: Ի դեպ, խոշոր հաշվով, սա է նաև Հայաստանից Արևմուտքի ակնկալիքը՝ ի տարբերություն դարձյալ կարծրատիպերի, թե ակնկալիքը Ռուսաստանից հեռանալն ու Արևմուտք գնալն է:
 
 
 
Հեղինակ՝ Արամ Ամատունի