Քանդել այն, ինչ միայն իրավապահները չեն կարող. փողից դեպի երազանք.
 
Ներառական տնտեսության գաղափարը, որ առաջ է քաշում վարչապետ Փաշինյանը՝ որպես թավշյա հեղափոխության տնտեսական քաղաքականության կամ գաղափարախոսության առանցք, անշուշտ, միանգամայն ողջունելի է: Խոշոր հաշվով դա առանցքային խնդիր է, հաշվի առնելով այն, որ տնտեսական աճի բաշխում ասվածը, ըստ էության, պետք է արտահայտվի հենց այդ տրամաբանությամբ, այսինքն՝ աճի հնարավորությունների բաշխմամբ, ոչ թե աճի արդյունքի: Այդպիսի տնտեսությունն է, որ ունակ է դիմակայել հնարավոր ճգնաժամերին ու անկումային փուլերին: Իսկ ներկայիս աշխարհում տնտեսության անկումային փուլերը հաճախակի երևույթ են՝ թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ գործոններով պայմանավորված:
 
Ըստ այդմ, կա խնդիր կառուցել ոչ միայն տնտեսական աճ, այլ այնպիսի աճ, որը լինի նաև ճգնաժամադիմացկուն: Մյուս կողմից, սակայն, ներառականության գաղափարը կարևոր, անհրաժեշտ, սակայն գործնականում բավականին բարդ իրականացվելի գաղափար է, եթե այն վերաբերում է հայաստանյան հասարակությանը: Բանն այն է, որ հասարակությունը չունի ներառականության բավարար ռեսուրս, մյուս կողմից էլ՝ Հայաստանը ունի բավականին փոքր շուկա, և այդ առումով ռեսուրսները կրկնակի թանկանում են, երբ խոսքը տնտեսության մեջ ներգրավվելու մասին է: Սրան զուգահեռ, Հայաստանը ունի կարևոր մի խնդիր՝ սպասարկել Արցախյան հակամարտությունն ու, հատկապես, դրա ռազմական բաղադրիչը, ինչն էլ պահանջում է կայուն և նվազագույն չափի անհրաժեշտ եկամուտներ, հատկապես երբ բացառում ենք կոռուպցիոն, ստվերային բյուջեների հանգամանքը:
 
Սա էլ իր հերթին ստիպում է զերծ մնալ տնտեսության մեջ հեղափոխական քայլերից, որոնք, մի կողմից, քաղաքացիների համար կբացեն տնտեսական ներգրավվածության առատ հնարավորություններ, մյուս կողմից, սակայն, կարող են ժամանակավորապես նվազեցնել բյուջետային մուտքերը: Բանն այն է, որ քաղաքացիներին տրվեն ներառվելու լայն հնարավորություններ, անհրաժեշտ կլինի նրանց ձեռքին, այսպես ասած, ավելի շատ փող թողնել, այսինքն՝ ավելի քիչ հարկ վերցնել: Կամ պետք է ապահովել, այսպես ասած՝ երկար փողեր, որոնք կնվազեցնեն վարկային տոկոսները դարձյալ հեղափոխական աստիճան, ինչն էլ մարդկանց կտա ներառական տնտեսության սուբյեկտ դառնալու նոր և լայն հնարավորություն: Ակնհայտ է, որ այս խնդիրները գործնականում անհնար է լուծել ներկայիս իրավիճակում, դա չի անի որևէ կառավարություն, որը երկրում չունի հաստատուն սահմանադրական մեծամասնություն:
 
Ահա այդ տեսանկյունից, որքան էլ հույժ կարևոր խնդիր է տնտեսական քաղաքականությունը, ակնառու է, որ ներկայիս օրակարգի և իրավիճակի պայմաններում այն գործնականում զուրկ է առանցքային հիմքից՝ սահմանադրական մեծամասնությունից: Համենայն դեպս այդպես է, քանի դեռ դրված է արտահերթ խորհրդարանի ընտրությամբ նոր իշխանություն ձևավորելու օրակարգային հարցը: Այլ հարց է, որ նոր կառավարությունը մինչև ընտրություն աշխատի ներառական տնտեսության, այսպես ասած, արտաքին ասպեկտի վրա, այսինքն` ներառի հնարավորինս մեծ թվով նոր մասնակիցներ դրսից: Եվ այդ ուղղությամբ աշխատանքը, կարծես թե, կատարվում է, առայժմ, իհարկե, ավելի շուտ հայտարարությունների մակարդակով արդյունքի տեսքով: Սակայն աներկբա է, որ խորքային առումով նոր Հայաստանի ձևավորումը անհնար է լինելու առանց համակարգային այդ խնդրի լուծման, և միայն իրավական գործիքների կիրառմամբ և կոռուպցիայի դեմ պայքարով հնարավոր չէ լուծել Հայաստանի համար առանցքային խնդիրը՝ տնտեսական համակարգի ապամոնտաժումն ու նոր համակարգի ձևավորումը, որը կլինի մրցակցային իր կառուցվածքով, ոչ թե օրենքի տառով:
 
Հայաստանում խորքային առումով հենց տնտեսության այդ կառուցվածքի ձևավորումն է դառնալու իրապես քաղաքական մրցակցության ձևավորման հիմքը, բազան, երբ կձևավորվեն իրապես հավասարազոր և, միևնույն ժամանակ, ոչ թե փողի ծավալի, այլ տնտեսական պատկերացումների, գաղափարախոսության և անգամ երազանքի շուրջ մրցակցող տնտեսական «կլասթերներ», ըստ այդմ՝ իրենց քաղաքական պահանջմունքներով։
 
 
 
Հեղինակ՝ Արամ Ամատունի