Վերջին պահի գործոնը. Նիկոլ Փաշինյանն ու խորհրդավոր պլան Բ-ն.
 
 
 
 
Ժողովրդական ուղիղ կառավարման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հնչեց օգոստոսի 17-ի հանրահավաքում, շատերը գնահատել են իբրև պետական ինստիտուտների չեղարկման սպառնալիք, ասելով, թե դա կարող է տանել վտանգավոր ուղով: Վտանգավոր ուղով կարող է տանել իհարկե ամեն ինչ, անգամ անբարենպաստ եղանակը: Ըստ այդմ գործնականում ամեն ինչ իր վտանգավորության կամ անհրաժեշտության մասով կախված է նրանից, թե ինչ խնդիրներ են ձևակերպվում: Ահա այստեղ էլ պետք է դիտարկել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:
 
 
Այդ առումով, ձևակերպվող խնդիրն այն է, որ  ժողովրդական ուղիղ կառավարումը թավշյա հեղափոխության գործընթացը տրամաբանական ավարտին, այսինքն արտահերթ ընտրությանը հասցնելու միջոց է: Նիկոլ Փաշինյանը բավական հստակ հայտարարեց, որ խորհրդարանի այն հատվածը, որ ներկայացնում է նախկին համակարգը՝ իսկ դա գործնականում մեծամասնություն ունեցող հատվածն է, որի մի մասը պարզապես քաղաքական իրավիճակի բերումով ունի այլ դիրքորոշում, առնվազն կարող է ունենալ պլան Բ: Որն է այդ պլանը: Մեկ տարի անց անվստահություն հայտնել վարչապետին, բայց հետո ոչ թե չընտրել վարչապետ և լուծարվել, այլ ընտրել արդեն իր վարչապետին և այդպիսով սկսել թելադրել քաղաքական զարգացումներ, անցնելով այսպես ասած հակահեղափոխության: Ինչքանով է այդ տարբերակը հնարավոր, այլ հարց է, բայց որ իբրև տեսական վարկած ունի գոյության իրավունք և պետք է լինի թավշյա հեղափոխության դիտակետում, վեր է կասկածից: Ըստ այդմ, ժողովրդական ալիքը այն երաշխիքն է, որը թույլ չի տալու այդպիսի սցենարի զարգացում, որովհետև այդ սցենարի կամ պլան Բ-ի հիմնական հաշվարկային հենքը հենց այն է, որ ժողովրդական ալիքը մինչ այդ կմարի:
 
 
Ավելին, այս դեպքում արդեն բանը կարող է չհասնել էլ վարչապետի հրաժարականին, այլ նրան անվստահություն հայտնելուն, երբ խորհրդարանը վարչապետի ընտրությունից մեկ տարի անց կստանա դրա օրինական, սահմանադրական հնարավորությունը: Այդպիսով, հստակ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդական ուղիղ կառավարումը դիտարկում է այդ սցենարները բացառելու ուղիղ միջոց, կամ այլ կերպ ասած թավշյա հեղափոխության արդյունքը մինչև արտահերթ ընտրություն պահպանելու ուղիղ միջոց, որից հետո արդեն արդյունքը կպահպանվի ընտրության արդյունքով և այդպիսով այլևս չի լինի պետական ինստիտուտներին զուգահեռ հասարակական, ժողովրդական ինստիտուտի գոյությունը, քանի որ այդպիսին կլինի արդեն ընտրությունը:
 
 
Հետևաբար, խնդիրը ոչ թե պետական ինստիտուտները փոխարինելն է, այլ հեղափոխական շրջանը տրամաբանական, պետական ավարտին հասցնելը, քանի որ պետական ինստիտուցիոնալության այսպես ասած որոշակի վակուումը ինքնին որևէ հեղափոխական գործընթացի անխուսափելի դրսևորում է: Այլապես կլինի ոչ թե հեղափոխություն, այլ փոփոխություն ընտրության միջոցով: Մինչդեռ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, և եթե այն ունեցել է բացառապես խաղաղ և անարյուն բնույթ, դա դեռ չի նշանակում, որ այն հավասարազոր է բնականոն քաղաքական ինստիտուցիոնալ գործընթացներին և ենթակա է դրանց պրիզմայով դիտարկմանը: Այսինքն, իրավիճակն ու դրանում առաջարկվող ուղիղ ժողովրդական կառավարման մեխանիզմը պետք է դիտարկել այդ ելակետից, որովհետև դա է հայաստանյան իրականությունը, ոչ թե այդպիսին է դիտարկողների ցանկությունը:
 
 
Բանն այն է, որ հեղափոխությանն աջակցած ուժերի զգալի մասը, որոնք նաև կազմեցին այդ հեղափոխության այսպես ասած ժամանակավոր հենարանը խորհրդարանում, դրա օգտին են դիրքավորվել, միացել են դրան ընդհուպ վերջին պահին: Հետևաբար, այդ ուժերի գործողություններում երբեք հնարավոր չէ բացառել «վերջին պահի» գործոնը նաև այլ իրավիճակներում: Ընդ որում տվյալ պարագայում խնդիրը ամենևին հակահեղափոխությունը չէ այդ բառի այսպես ասած դասական իմաստով:
 
 
Խնդիրը իրավիճակի փոփոխությունն է ընդհանրապես, որը կարող է լինել ցանկացած կերպ: Իհարկե, այդ դեպքում հնարավոր չէ բացառել այսպես ասած ավելի նպաստավորև փոփոխությունը, տեսականում, սակայն մյուս կողմից նաև պրակտիկայում ավելի հավանական է բացասական փոփոխությունը: Իսկ ընդհանուր առմամբ, խնդիրը այն է, որ կիսատ է կարող է մնալ թավշյա գործընթացը, չհասնելով իր օրակարգի ամենակարևոր հարցին՝ արտահերթ ընտրությանը: Ըստ այդմ խնդիրն արդեն այն էլ չէ՝ որևէ բան ավելի լավը կփոխվի, թե ավելի վատը, այլ այն, որ թավշյա օրակարգը կմնա կիսատ: Ժողովրդական ուղիղ կառավարումն այդ օրակարգը ամբողջական պահելու և տրամաբանական հանգրվանին հասցնելու մեխանիզմն է:
 
 
Աղբյուրը՝ 1in.am
Հեղինակ՝ Արամ Ամատունի