Մերկելի երևանյան այցի ամենակարևոր ուղերձը.
 
 
 
Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը Վրաստանում եղել էր տասը տարի առաջ՝ ֆորս-մաժորային իրավիճակում՝ ռուս-վրացական պատերազմից օրեր անց։ Երեկ Գերմանիայի ղեկավարի տարածաշրջանային այցի առաջին կանգառը դարձյալ Վրաստանն էր, ու Մերկելը, բնականաբար, անդրադարձել է ռուս-վրացական հակամարտությանը՝ նշելով, որ իր դիրքորոշումները մնում են անփոփոխ։ Ընդ որում՝ Եվրամիության ամենաազդեցիկ երկրի ղեկավարը նույն հարթության վրա է դրել Ուկրաինայի ու Վրաստանի խնդիրները՝ ակնարկելով, որ երկու դեպքում էլ գործ ունենք Մոսկվայի ագրեսիվ քաղաքականության հետ։
«Տասը տարի առաջ ես վճռականորեն պահանջեցի դուրս բերել ռուսական զորքը, և տասը տարի անց ես կրկին աջակցում եմ Վրաստանի տարածքային ամբողջականությանը»,- երեկ Թբիլիսիում այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Մերկելը, ըստ էության, ներկայացրել է այս հարցում Եվրամիության կոնսոլիդացված դիրքորոշումը՝ խոստովանելով, որ անցած տասը տարիներին շատ քիչ բան է արվել, որպեսզի, իր իսկ խոսքով, այդ անարդարությունը մնա անցյալում։
 
 
 
Մյուս կողմից՝ վրացական ու միջազգային լրատվամիջոցները նկատում են, որ մեր տարածաշրջանում Գերմանիայի հավասարակշռված ու զգուշավոր արտաքին քաղաքականությունը, մեծ հաշվով, պահպանվել է, ու երեկ Մերկելը հրաժարվել է օգտագործել այնպիսի արտահայտություններ, որոնք կարող են ավելորդ դժգոհություն հարուցել Մոսկվայում կամ նպաստել ռուս-վրացական հարաբերությունների ավելի սրմանը։ Ռուս-վրացական հակամարտության հարցում Մերկելը վճռականորեն պաշտպանել է Թբիլիսիի դիրքորոշումները, սակայն լրատվամիջոցների փոխանցմամբ՝ համառորեն խուսափել է օգտագործել որոշ արտահայտություններ, որոնք գործածելի են հարևան երկրում, այդ թվում՝ օկուպացիա բառը։
 
 
 
 
Չի բացառվում, որ Մերկելի շեշտադրումների վրա որոշակիորեն ազդել է ԱՄՆ-ի կոշտ քաղաքականությունը, որը տնտեսական ու էներգետիկ հարցերում սուր հակասություններ ունի Եվրամիության ու մասնավորապես՝ Գերմանիայի հետ։ Շատ միջազգային փորձագետներ անգամ նշում են, որ Վաշինգտոնի կոշտ քաղաքականությունը հանգեցրել է Բեռլինի ու Մոսկվայի որոշակի տակտիկական մերձեցմանը։ Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անցած շաբաթ օրն ավելի քան երեք ժամ շարունակված հանդիպում են ունեցել Բեռլինի մերձակայքում՝ Մեզենբերգում գտնվող կառավարական նստավայրում, որն ավարտվել է առանց էական արդյունքների. երկու առաջնորդները բանակցություններից հետո մամուլի ասուլիս չեն տվել, Կրեմլի խոսնակը միայն նշել է, որ «կողմերը համաձայնությունների չեն հասել, քանի որ նման խնդիր չի եղել»։
 
 
 
 
 
Այնուամենայնիվ, փորձագետները նշում են, որ Գերմանիայի դաշնային կանցլերը երեկ Թբիլիսիում հավատարիմ է մնացել գերմանական քաղաքականությանը, որը, որպես կանոն, հաշվի է նստում մեր տարածաշրջանում ռուսական ավանդական շահերի հետ։ Ինչպես ընդգծել է Մերկելը Թբիլիսիում, տարածաշրջանում նախատեսված իր հանդիպումների առանցքային թեման տնտեսական հարաբերություններն են: Գերմանիայի կառավարությունը տպավորիչ է համարում Վրաստանի տնտեսական առաջընթացը և եվրոպամետ բազմաթիվ բարեփոխումների ակնհայտ դրական արդյունքները: Բեռլինը բազմիցս դրական է արտահայտվել նաև Թբիլիսիի հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ: Նա նշել է, որ Արևելյան գործընկերության համատեքստում Վրաստանը շատ կարևոր գործընկեր է:
 
 
 
 
«Ասոցացման համաձայնագիրը, Ազատ առևտրի համաձայնագիրը, երկկողմ հարաբերությունների ամրապնդումը և ընդլայնումը: Այժմ մենք աշխատում ենք ընդլայնել առկա գործիքները, և իմ այցը նպաստում է, օրինակ, տնտեսական հարաբերությունների խորացմանը»,- ասել է Անգելա Մերկելը:
 
 
 
 
 
Ի դեպ, եթե Մերկելի շեշտադրումներում աշխարհաքաղաքական բաղադրիչի ավելի թույլ արտահայտումը որոշակի հիասթափություն կարող է առաջացնել Թբիլիսիում, ապա հակառակը՝ ավելի է նպաստում նրա երևանյան այցի արդյունավետությանը։ Հայաստանում Ռուսաստանը համարվում է ռազմավարական գործընկեր, ու Երևանը հնարավորինս փորձում է համադրել իր արտաքին քաղաքականության ռուսական և եվրոպական ուղղությունները։
Այսօր արդեն Երևանում սպասում են Գերմանիայի կանցլերի առաջին պաշտոնական այցին, որի ընթացքում առաջնայինը, անշուշտ, նրա բանակցություններն են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որոնք կեզրափակվեն մամուլի ասուլիսով։ Հայկական կողմի խնդիրն է հնարավորինս պատշաճ ներկայացնել նոր Հայաստանի այցեքարտը, կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ արդյունավետ պայքարը, ինչը բարենպաստ ներդրումային միջավայր է ստեղծել Հայաստանում։ Կենսական անհրաժեշտություն է դարձել հեղափոխության արժեքների կապիտալիզացումն արտաքին քաղաքական հարաբերություններում՝ դրանք երկրի զարգացմանը հնարավորինս ծառայեցնելու նպատակով, մանավանդ՝ ուրբաթ օրվա հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում սկսվում է տնտեսական հեղափոխությունը, ինչը ենթադրում է զարգացում ապահովող ներդրումների ներգրավում, ներառական տնտեսության մոդելի զարգացում։
 
 
 
 
 
Մյուս կողմից՝ Գերմանիան Եվրամիության առաջատար երկիրն է, իսկ հիմա Երևանը բանակցում է Բրյուսելի հետ հավակնոտ մի ծրագրի շուրջ, ու կասկածից վեր է, որ Բեռլինը մեծ դերակատարություն կարող է ունենալ Հայաստանի ու Եվրամիության միջև նոր որակի հարաբերությունների ձևավորման գործընթացում։ Փաշինյանի ու Մերկելի բանակցություններում հազիվ թե կենտրոնական դեր գրավի ԼՂ հարցը՝ թեև այն, անշուշտ, կքննարկվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գերմանիայի կանցլերը Երևանից մեկնելու է Բաքու։
 
 
 
 
Գերմանիան հետևողականորեն հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության դիրքերից։ Դա, անկասկած, զսպող գործոն է Ադրբեջանի համար։
Հեղինակ՝ Սարգիս Արծրունի