Մերկելի խոստումը հայաստանցիներին.
 
 
 
 
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայաստանյան այցի, այսպես կոչված, պաշտոնական մասը կարելի է ավարտված համարել։ Կանցլերը բարձր մակարդակի բանակցություններ է վարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ դրանք եզրափակելով համատեղ ասուլիսով, հանդիպում է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ, այցելել է Ծիծեռնակաբերդ, Թումո կենտրոն։
 
 
 
Իրադարձությունն ինքնին պատմական է, որովհետև Գերմանիայի կանցլերն առաջին անգամ է պաշտոնական այցով գտնվում Հայաստանում և, բացի դրանից, վաղօրոք պլանավորված այցը կայացավ Հայաստանում տեղի ունեցած պատմական իրադարձությունների համատեքստում, ինչը հնարավորություն ընձեռեց, որպեսզի Բեռլինն անմիջականորեն ծանոթանա Հայաստանում տեղի ունեցող բեկումնային փոփոխություններին, իսկ Երևանը Եվրամիության առանցքային երկրին ներկայացնի իր եվրոպական քաղաքականության՝ որոշակիորեն խմբագրված օրակարգը։
 
Թերևս բանակցություններին հետևած ասուլիսում հնչեցին որոշ կարևոր հայտարարություններ, որոնք բովանդակային հարթության վրա նորություն չէին, սակայն վկայում են կողմերի փոխըմբռնման մասին։
 
Մերկելն ասել է, թե Գերմանիան իրենից կախված ամեն ինչ կանի, որ Հայաստանը Եվրոպական Միության վիզաների ազատականացման հարցում առաջընթաց ունենա, թեև հասկացրել է, որ Հայաստանը նույն ակնկալիքները չպետք է ունենա, ինչ արդեն ստացել են Եվրամիության ասոցացված անդամներ Վրաստանն ու Ուկրաինան։
 
Այնուամենայնիվ, վիզաների ազատականացման հարցում Մերկելի դիրքորոշումն այս այցի ընթացքում ամենաառարկայական խոստումն էր հայաստանցիներին։
 
«Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքականությունը որևէ գործընկերոջ հետ չի վարում որևէ այլ գործընկերոջը հակակշռելու նպատակով: Մենք ասել ենք, որ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ թավշյա հեղափոխությունից հետո շրջադարձեր տեղի չեն ունենալու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ Հայաստանի մոտեցումներն արտաքին քաղաքականության մեջ լիովին ընկալելի են Գերմանիայի համար: Սա նույնպես կանխատեսելի հայտարարություն էր․ մենք դեռ առավոտյան նկատել էինք, որ Մերկելը Վրաստանում ձեռնպահ է մնացել աշխարհաքաղաքական սուր հարցադրումներից՝ շեշտն ավելի շատ դնելով տնտեսական համագործակցության հեռանկարների վրա։ Պատահական չէ, որ Գերմանիայի կանցլերի վրաստանյան այցի շոշափելի արդյունքը վերաբերում էր հենց տնտեսության ոլորտին։ Գերմանիան 150 մլն եվրո է տրամադրել Վրաստանին երկրում առաջին գազային պահուստը կառուցելու համար: Նոր գազապահոցը թույլ կտա նվազեցնել Թբիլիսիի էներգետիկ կախվածությունը հարևան երկրներից: Բացի դրանից՝ պահոցի կառուցումը նախատեսված էր ասոցիացիայի մասին համաձայնագրով, որը Վրաստանը և ԵՄ-ն կնքել են 2014 թվականին։ Հայաստանում առայժմ նման գործնական արդյունքներ չկան, սակայն Փաշինյանն ու Մերկելը պայմանավորվել են սեղմ ժամկետներում հստակեցնել երկկողմ համագործակցության կոնկրետ ոլորտները։
 
Հարկ է նկատել, որ Մերկելի այցը թեև տարածաշրջանային էր, սակայն Հարավային Կովկասի երկրներից յուրաքանչյուրում Գերմանիայի կանցլերն ուներ իր օրակարգը։
 
Վրաստանն ունի հստակ արտաքին քաղաքական կողմնորոշում, եվրատլանտյան ինտեգրացիան Թբիլիսիի համար առաջնահերթություն է՝ չնայած Մերկելն այս առումով նոր ոչինչ չասաց Թբիլիսիում՝ հասկացնելով, որ Վրաստանն առաջիկա հինգ տարիներին չի կարող հավակնել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցության։ Թբիլիսիում Մերկելը վերահաստատել է իր կառավարության ու Եվրամիության անվերապահ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը, սակայն հասկացրել է, որ Բեռլինը չի կարող հրաժարվել Մոսկվայի հետ համագործակցությունից։ Գերմանիան չի կարող «ոչ» ասել ՌԴ–ին գազի և նավթի մատակարարման հարցում․
 
Երևան գալուց առաջ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը։ Գերմանիայի կանցլերն այս հանդիպման ժամանակ ակամայից բացահայտել է իր տարածաշրջանային այցի հիմնական նպատակակետը։ «Ադրբեջանը, իհարկե, այն երկիրն է, որտեղից կարող ենք գազ ստանալ, բայց եթե անկեղծ լինենք, հնարավորություն չկա ստանալ այն նույն գնով, որով ստանում ենք ռուսական գազը։ Եվրոպան գազը ՌԴ-ից ավելի էժան է ստանում, քան այլ երկրներից»,- հավելել է նա։
 
Մերկելին ամենածանր բանակցությունները սպասվում են հենց վաղը՝ Բաքվում։ Ռուսաստանից արտահանումների կախվածությանը դեմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը բարձրաձայնում է այդ մասին: Մերկելը սկսել է այլընտրանքային ուղիներ փնտրել, և այս այցը հենց դրան է միտված: Բեռլինում կարևորում են էներգակիրների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, ինչը, մի կողմից, թույլ կտա թուլացնել կախվածությունը Մոսկվայից, մյուս կողմից՝ կարգավորել հարաբերությունները Վաշինգտոնի հետ։ Շահ Դենիզ-2 գազային դաշտը դիտարկվում է որպես դեպի Գերմանիա արտահանման սկիզբ։ Նախատեսվում է գազամուղն անցկացնել Թուրքիայի տարածքով:
 
Ամփոփելով՝ նկատենք, որ որևէ պարագայում պետք չէ նման այցերից ունենալ չափազանցված ակնկալիքներ․ ի վերջո՝ Հայաստանը դեռ հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի փուլում է, իսկ մեր երկրի միջազգային գործընկերներին առայժմ ժամանակ է պետք գործընկերային հարաբերությունները նոր իրողություններին ադապտացնելու համար։
 
Հեղինակ՝ Սարգիս Արծրունի