Երկար տարիներ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ հանդիսացած Ռոբերտ Նազարյանը կարող է հայտնվել ճաղերի հետևում. Հայաստանում ընթացող խստագույն հակակոռուպցիոն միջոցառումների շրջանակներում, ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության տարածած տեղեկությունից, բացահայտվել է կոռուպցիոն կապ Ռոբերտ Նազարյանի ու «Վեոլիա ջուր» ընկերության միջև. «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման 2017-2018 թթ. հայտը հաստատելու նպատակով այն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնելուց առաջ, նույն ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն և գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, կաշառք տալու դիտավորությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և ՀԾԿՀ ևս 7 պաշտոնատար անձանց համար «Վեոլիա ջուր» ՓԲԸ ֆինանսական ծախսային միջոցներից 26.08.2017թ. գնել և տրամադրել են Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ, ընդհանուր 4,239,235,8 դրամ արժողությամբ 8 ավիատոմսեր, իսկ հյուրանոցի ծախսերի համար փոխանցել են ևս 8.359.133 դրամին համարժեք՝ 15.338,18 եվրո, որն ընդհանուր կազմել է 12,598,368 դրամ, ինչից հետո հանձնաժողովի կողմից 22.11.2017 թ. համապատասխան որոշմամբ խմելու ջրի սակագինը բարձրացվել 11,414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից։
 
Այս դեպքը, թերևս, լավագույնս է բնութագրում  պետության ու հայ հասարակության հանդեպ գոյություն ունեցած այն քամահրական վերաբերմունքին հատուկ մութ կողմերը, որոնք տասնամյակներ ի վեր բնորոշ են եղել բարձրաստիճան չինովնիկներին: Հարցն այստեղ ոչ միայն հասարակության կենսական շահերի ու  հայրենի բնության անգին բարիքների՝  համապատասխան պետական մարմնի ու դրա ղեկավարի փաստացի իրականացրած  վաճառքի հարցն է, այլև այն գինը, որը պահանջվել է նմանատիպ ապօրինության համար: Փաստորեն՝ Ռոբերտ Նազարյանի համար Հայաստանն ընդամենը Փարիզի տոմսի արժեք ունի…
Ցավոք, միամտություն կլինի կարծելը, թե Հայաստանն ընդամենը մեկ ավիատոմսի չափ արժևորող չինովնիկների շարքը սկսվում ո ավարատվում է Նազարյանով. սա չինովնիկական  համընդհանուր արժեհամակարգ է, իսկ Նազարյանն ընդամենը մեկն  է այն բազումներից, ովքեր նմանատիպ սխեմաներով ու նման սառնասրտությամբ երկար տարիներ կեղեքել են ժողովրդին, երկրի բնական ռեսուրսներն ու հսկայական ունեցվածք կուտակել՝ թքած ունենալով Հայաստան երկի վրա:
Մնում է միայն  հուսալ, որ այսուհետ ՀՀ-ում գործող բոլոր վերահսկողական մարմիններն իրենց աշխատանքը կկառուցեն բոլորվին այլ սկզբունքների ու արժեհամակարգի վրա՝  հեղափոխվելով անմիջապես ներսից: Մտածելակերպի խորքային փոփոխություն է անհրաժեշտ՝ կանխելու մակաբույծների հետագա առաջացումն ու   բազմացումը: