ԱԱԾ արխիվից այն տեղեկատվությունը, որի գաղտնիության ժամկետը լրացել է՝ կհրապարակվի. Արթուր Վանեցյան
 
Ազգային անվտանգության ծառայության տարածքում նոր շենք է կառուցվում, որտեղ տեղաբաշխվելու է արխիվը և հնարավորություն է ստեղծվելու գալ և ծանոթանալ արխիվին՝ «թույլատրելիի սահմաններում», այսօր Ծաղկաձորում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
 
«Հիմա ամբողջ արխիվը թվայնացվում է, և որը որ գաղտնիության ժամկետը լրացել է՝ կհրապարակվի և կտրամադրվի հասարակությանը», ֊ հայտարարեց Վանեցյանը։
 
ԱԱԾ֊ն մասնակցություն չի ունենալու ընտրություններին.
 
Ներկաների խնդրանքով Վանեցյանը խոսեց առաջիկա ընտրություններին ԱԱԾ֊ի դերի մասին։
 
«Ազգային անվտանգության ծառայությունը որևէ մասնակցություն չի ունենալու ընտրություններին։ ԱԱԾ-ն ընտրություններով կզբաղվի, եթե կստանա հստակ տեղեկություններ ընտրակաշառքի վերաբերյալ և այլն։ Ուրիշ պարագաներում ԱԱԾ֊ն ընտրություններին չի միջամտելու», ֊ հայտարարեց Վանեցյանը։
 
ԱԱԾ տնօրենը նաև հայտարարեց, որ մարդու իրավունքների պաշտպանությունն իր համար առաջնահետրթություն է։
 
«Ես խոստանում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանությունը լինելու է կարմիր թելով անցնող մի բան, որը չեմ թողնելու երբևիցե մեկը խախտի», ֊ ընդգծեց Վանեցյանը։
ԱԱԾ֊ում ստեղծվելու է երկու նոր դեպարտամենտ.
 
Արթուր Վանեցյանը նաև տեղեկացրեց, որ Ազգային անվտանգության ծառայությունում կառուցվածքային փոփոխություններ են իրականացվում։
 
«Այսօր իմ նախաձեռնությամբ ստեղծվելու է երկու նոր դեպարտամենտ։ Մեկը լինելու է տնտեսական անվտանգության և կռուպցիայի դեմ հակազդման դեպարտամենտ, և երկրորդը լինելու է տեղեկատվական անվտանգության և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի դեպարտամենտ, որը նորություն է՝ առհասարակ չկա և չէինք զբաղվում», ֊ հայտարարեց Վանեցյանը։ ֊ «Նման ստորաբաժանում՝ շատ փոքր, ուներ ոստիկանությունը։ Դա 6֊րդ վարչությունն էր, որը այսօրվա պահանջներին չի համապատասխանում։ Կիբեռհանցագործություններն այսօր դառել են ամենամեծ գլխացավանքը, որի համար պետք է լուրջ մասնագիտական ունակություններով օժտված մարդկանց թիմ, իսկ այդ մասնագետները, ցածր աշխատավարձի պատճառով, ցավոք սրտի, չեն ուզում աշխատել Ազգային անվտանգության ծառայությունում»։
 
Անցած երեք ամիսներին ԱԱԾ աշխատանքի դիմել է 7000 քաղաքացի.
 
 
Միևնույն ժամանակ, Վանեցյանը փաստեց, որ եթե անցած տարիների ընթացքում ԱԱԾ֊ն մշտապես կադրերի ներգրավման խնդիր է ունեցել, ապա անցած երեք ամիսների ընթացքում իրավիճակը փոխվել է։
 
«Այսօր՝ երեք ամսվա ընթացքում ես ստացել եմ 7000 քաղաքացուց դիմում՝ աշխատանքի ընդունվելու համար։ 91 թվականից մինչև այսօր այդքան դիմում չի եղել», ֊ նշեց ԱԱԾ տնօրենը։