Ռոբերտ Քոչարյանը հաղթել չի կարող, եթե հեղափոխությունը չպարտվի.
 
 
Մարտի 1-ի գործում արձանագրված շրջադարձից հետո, որի առանցքային դրվագը դարձավ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, երկրորդ նախագահի քաղաքական գործոնը մեծացավ՝ հակահեղափոխության ռևանշին տալով կոնկրետ դեմք։ Իհարկե, հին համակարգի ռեստավրացիայի մասին խոսակցություններն ունեն թե իրական և թե, այսպես կոչված, հիպոթետիկ հիմք։ Օրինակ՝ ենթադրվում է, որ հակահեղափոխական ռևանշը կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ մյուս տարվա ապրիլ-մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն, արտահերթ ընտրություններ նախաձեռնելու նպատակով, հրաժարական տա, իսկ խորհրդարանը՝ արձակվելու ուղղությամբ գնալու փոխարեն՝ վարչապետի աթոռին նստեցնի Ռոբերտ Քոչարյանին։ Նման վարկածի կողմնակիցները՝ որպես փաստարկ, բերում են այն հանգամանքը, որ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար ստորագրել է 46 պատգամավոր՝ ֆորմալ մեծամասնության շեմից պակաս ընդամենը յոթով։ Նման ռիսկ, հավանաբար, տեսել է նաև Նիկոլ Փաշինյանը, հակառակ պարագայում՝ օգոստոսի 17-ի հանրահավաքում չէր խոսի սահմանադրական փոփոխությունների հնարավորության մասին, որը ճանապարհ կբացի արտահերթ ընտրությունների անցկացման համար՝ առանց վարչապետի հրաժարականի։
 
 
Սակայն հակահեղափոխության ռևանշի ցանկացած փորձ ձախողված է, քանի դեռ հասարակության սուբյեկտությունը պահպանվում է։ Նման իրավիճակներում համակարգի ռեստավրացիայի կողմնակիցները պետք է կարողանան ներկայացնել ապագայի տեսլական, ինչը Ռոբերտ Քոչարյանն անել պարզապես չի կարող․ գոյություն չունի որևէ ռացիոնալ գաղափար, որի շուրջ Քոչարյանը կամ նախկին համակարգի որևէ ներկայացուցիչ կարողնա կոնսոլիդացնել հասարակությանը կամ նրա որևէ շերտի։ Երկրորդ նախագահի թմբկահարած թեզը՝ իր պաշտոնավարման տարիներին տնտեսական երկնիշ աճի մասին, լուրջ չի ընկալվում նույնիսկ հեռացած համակարգի շատ ներկայացուցիչների կողմից։ Տեղին է հիշեցնել, որ իր վարչապետության տարիներին Տիգրան Սարգսյանը հիմնավորապես ապացուցեց, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների երկնիշ աճը եղել է «փուչիկ»՝ իրական առնչություն չունենալով տնտեսության զարգացման հետ։
 
 
Նմանապես, երբ նախկին իշխանության ներկայացուցիչները, օրինակ՝ ԱԺ հանրապետական պատգամավորները, գործող իշխանությանը մեղադրում են ժողովրդավարության սահմանափակման մեջ, ապա այդ մեղադրանքները լսողների աչքերի առջև անմիջապես երևում են Մարտի 1-ի սահմռկեցուցիչ տեսարանները՝ զոհերով, ընդդիմադիրների խոշտանգումներով ու ձերբակալություններով։ Հին համակարգի ռեստավրացիայի մտադրությունը կարող է հաջողել, եթե ուղեկցվի քաղաքական կամ հանրային շարժումով, սակայն դրա հնարավորությունը չկա՝ ապագայի տեսլականի հետևանքով։
 
 
Հակահեղափոխությունը հաղթել չի կարող, եթե չպարտվի հեղափոխությունը։ Իհարկե, սա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի թիմը պետք է կորցնի զգոնությունը․ իրական հակահեղափոխությունը կարող է ծնվել հենց հեղափոխության ձախողումից, մանավանդ, որ նախկինները տակավին չեն կորցրել, այսպես կոչված, համակարգային մտածողությունն ու վարքագիծը, իսկ հեղափոխությունը դեռ չի ստեղծել իր համակարգը, ինչը պահպանում է իրավիճակի ռիսկայնությունը։
 
 
Ամենակարևորն այն է, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հնարավորինս արագ կազմակերպի խորհրդարանական արատահերթ ընտրություններ, այսինքն՝ չկորցնի հեղափոխության արդյունքների ամրագրման պատմական պահը։ Դա պետք է տեղի ունենա, քանի դեռ պահպանվում է հեղափախական էյֆորիան, այսինքն՝ հասարակության սուբեկտության բարձր մակարդակը։ Հեղափոխության արդյունքների կապիտալիզացիան պետք է տեղի ունենա, քանի դեռ փողոցն ու հրապարակն ակտիվ են՝ շրջափակման մեջ պահելով ռեստավրացիայի կողմնակիցներին։ Իսկ արտահերթ ընտրություններից հետո հին համակարգի ներկայացուցիչներն այլևս չեն լինի քաղաքական համակարգում ու նրանցով թերևս զբավնեն բացառապես իրավապահ մարմինները։
 
 
Խիստ էական է, որպեսզի հեղափոխության շրջանում նվաճված ժողովրդավարական արժեքներն ամրապնդվեն ինստիտուցիոնալ բարեփոխումներով։ Ռեստավրացիայի կողմնակիցների հաջողության մյուս բանալին ժողովրդավարության դաշտի սահմանափոկումն է։ Ռևանշիզմը միանշանակ պարտված է լեգալ քաղաքական դաշտում, ժողովրդավարության դաշտում ու հակառակը՝ Փաշինյանի թիմին կարող է հաղթել այն հարթություններում, որոնք կապ չունեն քաղաքականության, հասարակական հարաբերությունների հետ։
 
 
Եվ վերջապես՝ անհարաժեշտ է արագ ավարտել, այսպես կոչված, անցումային փուլն արտաքին քաղաքական հարաբերություններում․ հակահեղափախությանը «կենսունակություն» կարող են հաղորդել երկրի արտաքին քաղաքականության կամ անվտանգային միջավայրի հետ կապված լուրջ ֆորս-մաժորային իրավիճակները։
 
 
Եթե վերը շարադրվածն ընդհանրացնենք մեկ պարբերությմաբ, ապա Նիկոլ Փաշինյանի թիմը հանրավորինս արագ պետք է կազմակերպի արտահերթ ընտրություններ ու ստեղծի նոր, կենսունակ համակարգ՝ ինստիտուցիոնալ բարեփոխումների ու կադրային թիրախային քաղաքականության միջոցով։ Դա է արդյունավետ ներքին և արտաքին քաղաքականության ճանապարհը, որի համատեքստում հակահեղափոխության մասին խոսակցությունները կկորցնեն իրենց ակտուալությունը՝ ճանապարհ բացելով դեմոկրատական հակաշիռների ձևավորման համար։
 
 
Հեղինակ՝ Սարգիս Արծրունի