Եթե դա կա, ապա հակահեղափոխություն ասվածին ոչինչ չի օգնի
 
Փոխե՞լ խորհրդարանի ընտրության ժամանակացույցը, թե՞ ոչ: Առա՞ջ բերել ընտրությունը, թե՞ ձեռք չտալ նախնական մտադրությանը, ըստ որի՝ ծրագրվում է խորհրդարանի արտահերթ ընտրությունն անցկացնել 2019-ի գարնանը:
 
Այդ հարցադրումները բավական հրատապ դարձան և հաճախակի սկսեցին հնչել այն բանից հետո, երբ Վերաքննիչ դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը և ազատ արձակեց նրան, ինչը դարձավ հակահեղափոխական մոբիլիզացիայի մասին աշխույժ դատողությունների առիթ: Դրանց շրջանակում էլ սկսեցին կարծիքներ հնչել, որ նոր իշխանությունը պետք է արտահերթ ընտրությունն անցկացնի հնարավորինս շուտ, քանի դեռ հակահեղափոխությունը չի հավաքել մեծ թափ, որովհետև 2019-ի գարնանը արդեն կարող է ուշ լինել:
 
Ռացիոնա՞լ մտահոգություններ են այդ ամենը, թե՞ որոշակի իռացիոնալ խուճապ, կամ, գուցե, այսպես ասած պլանավորվող խուճապ, որովհետև ամենևին չպետք է բացառել, որ այդօրինակ մտքերը կրում են ոչ միայն հեղափոխության հեռագա հաջողությամբ ու ամրությամբ մտահոգ քաղաքացիական ու քաղաքական շերտեր, այլ նաև խմբեր, որոնց համար առաջնայինը հանրության շրջանում թերահավատություն, խուճապ, որոշակի իրարանցում առաջացնելն է:
 
Առաջին հայացքից տրամաբանական է թվում պնդումը, որ ժամանակն աշխատում է թավշյա հեղափոխության թիմի դեմ, և հակահեղափոխությունը կարող է թափ հավաքել: Իբրև աքսիոմ՝ դա թերևս անթերի է: Սակայն այդպե՞ս է պրակտիկ իրականությունը: Սա մի հարց է, որն առնվազն չունի միարժեք պատասխան, որովհետև եթե ժամանակը աշխատում է թավշյա հեղափոխության դեմ, ապա, խոշոր հաշվով, հակահեղափոխությունն այստեղ կապ չունի՝ դա հեղափոխության խնդիրն է: Ընդ որում՝ ոչ միայն հեղափոխության արդյունքում ձևավորված ժողովրդական իշխանության, այլ նաև հենց ժողովրդի, հասարակության, հանրային ակտիվ խմբերի: Եթե ժամանակը աշխատում է հեղափոխության դեմ, ապա հակահեղափոխությունն այստեղ կապ չունի, այլ դա նշանակում է, որ հանրությունն ու իշխանությունը ժամանակը չեն օգտագործում արդյունավետ: Եվ ոչ թե որովհետև հակահեղափոխությունը այդքան վատը չէ, կամ ընդհանրապես հորինվածք է, այլ որովհետև հակահեղափոխություն ասվածը թավշյա հեղափոխության անխուսափելի ուղեկիցը պետք է լիներ, ըստ պարզ տրամաբանության:
 
Չի կարող լինել այդ ճանապարհով իշխանությունից մի ամբողջ համակարգի հեռացման պրոցես առանց որևէ դիմադրության, առանց դիմադրության, պաշտպանության, ինքնապաշտպանության փորձերի: Ըստ այդմ՝ հակահեղափոխություն ասվածը մի բան է, որը պետք է անխուսափելի ենթադրված ու հաշվարկված լիներ դեռևս հեղափոխության օրորոցում: Եթե այդ հաշվարկը, ըստ այդմ՝ նաև ռիսկերի դեմ այդ հաշվարկից բխող լուծումներն ու քայլերը մշակված կամ պատկերացված չեն, ապա դա արդեն հեղափոխության և դրա տերերի՝ նոր իշխանության ու ակտիվ հասարակության խնդիրն է, որոնք պետք է շտապեն տեր կանգնել հեղափոխությանը բովանդակային իմաստով:
 
Այս ամենը, սակայն, այսպես ասած, առավելապես տեսական դատողության սահմանում է, քանի որ գործնականում առայժմ իրավիճակը ամենևին խուճապային չէ և մոտ էլ չէ դրան, ինչպես ցույց տվեց նաև օգոստոսի 17-ի հանրահավաքը: Խնդիրը պարզապես արդյունավետության, հաստատակամության և հետևողականության գործակցի քայլ առ քայլ բարձրացումն է, ինչը նշանակում է, որ գործնականում ժամանակը ամենևին էլ թավշյա իրողությունների դեմ չէ, որովհետև ժամանակ է պետք մի շարք խնդիրներ լուծելու համար, այդ թվում նաև՝ ընտրության կազմակերպմանն առնչվող: Պետք չէ հանրությանը մատնել անվստահության, սեփական ուժերի հանդեպ խուճապային թերահավատության՝ ասելով, թե պետք է շտապել, այլապես ուշ կլինի:
 
Պետք չէ շտապել, պարզապես պետք է լինել զգոն և սթափ՝ տեղում չդոփելու համար: Որովհետև եթե այդ զգոնությունը, սթափությունն ու իրավիճակի պատկերացման լրջմտությունը չկա, ապա ոչինչ չի փրկի անգամ հենց վաղը ընտրություն անելու դեպքում էլ: Իսկ եթե կա, ապա հակահեղափոխություն ասվածին ոչինչ չի օգնի անգամ տասը տարի հետո ընտրություն անելու պարագայում:
 
 
Հեղինակ՝ Արամ Ամատունի