Անտեսանելի ճակատը. տարօրինակ իրավիճակ հայ-թուրքական սահմանին.
 
 
Հայաստանում ռուս սահմանապահները ձերբակալել են սահմանն ապօրինի հատած երկու քաղաքացու, որոնք Պակիստանի քաղաքացիներ են: Այլ մանրամասներ դեռևս չկան:
 
Հատկանշական է այն, որ այդօրինակ տեղեկատվությունը վերջին ամիսներին դարձել է գրեթե առօրյա: Թուրքիայի սահմանից Հայաստանի սահմանի խախտումը դարձել է հաճախակի երևույթ: Իսկ հայ-թուրքական սահման ասվածը ըստ էության պետք է ներառի նաև Նախիջևանի ուղղությունը՝ մի շարք բավական հայտնի պատճառներով:
 
 
Եվ ուրեմն, հենց այդ ուղղությունից սկսած, անցնող ամիսներին արդեն բավականաչափ դեպքեր են տեղի ունեցել, երբ ձերբակալվել են տարբեր երկրների քաղաքացիներ, որոնք տարբեր պատմությունների բերումով հատել են Հայաստանի պետական սահմանը: Բանգլադեշի վեց քաղաքացիներ դա արել էին Նախիջևանից, հենց այն շրջանում, երբ Ադրբեջանը սկսել էր ըստ էության դիրքային պատերազմ: Եվ սա առավել քան ուշագրավ էր դարձնում, որ այդ պայմաններում Հայաստան են անցնում 6 բանգլադեշցիներ: Արդյո՞ք դիրքային պատերազմի խնդիրը նաև հենց այստեղ, այսպես ասած, ուշադրություն խլելն ու սողանցք բացելը չէր: Հետո աշխուժացավ թուրքական ուղղությունը, և արդեն իսկ արձանագրվել են մի քանի դեպքեր՝ ընդհուպ թուրք հետախույզի ձերբակալությունը: Այժմ ահա ձերբակալվում են երկու պակիստանցի:
 
Ինչո՞ւ է Հայաստանը դարձել այդպիսի «ուշադրության» առարկա: Նո՞ր երևույթ է դա, թե՞ ռուս սահմանապահներն են «նոր ձևով» նայում այդ երևույթին, ինչն էլ պայմանավորված կարող է լինել Նոր Հայաստանի հանգամանքով: Բանն այն է, որ Հայաստանը սկսել է Ռուսաստանի հետ հարաբերության վերանայման գործընթաց, բարդ ու, իհարկե, ժամանակատար, աշխատատար գործընթաց, բայց միևնույն ժամանակ կենսականորեն անհրաժեշտ: Եվ այս տեսանկյունից առանցքային դիրքերից մեկը Հայաստանում ռուսական սահմանապահ ծառայության գոյությունն է՝ որպես ռուսական ռազմական ներկայության առանցքային բաղկացուցիչ: Այդ իմաստով նույնիսկ հարցադրումներ են հնչել, թե արդյո՞ք Հայաստանը չպետք է վերանայի այդ ծառայության ներկայության որոշակի պայմաններ: Արդյո՞ք նոր իրավիճակում ու մթնոլորտում Մոսկվան փորձում է ցույց տալ սահմանի պահպանության բարձր արդյունավետություն, նաև բարձր ռիսկայնություն՝ հայկական կողմում, այսպես ասած, նման խոսակցությունները չեզոքացնելու համար:
 
 
Մյուս կողմից՝ չի բացառվում, որ խնդիրը զուտ սահմանապահների բաղադրիչը չէ, պարզապես Մոսկվան այդ բաղադրիչը փորձում է դարձնել հայ-ռուսական հարաբերության խորքային վերանայման Երևանի մտադրությունների դեմ խաղաքարտ: Սրանով հանդերձ՝ անշուշտ կա նաև խնդրի հակառակ կողմը, և հայ-ռուսական հարաբերությունը, դրա չափազանց զգայուն և ցավոտ կետերը կարող են այլ խաղացողների ձեռքին լինել խաղաքարտ Ռուսաստանի դեմ՝ սկսած հենց Թուրքիայից մինչև Թուրքիայի տարածքն օգտագործելու հնարավորությունը:
 
Այս համատեքստում պետք է դիտարկել նաև Փանիկում ՌԴ ռազմակայանի ստորաբաժանման հետ կապված միջադեպն ու դրան վարչապետ Նիկոլ Փաշինյանի բավականին կոշտ գնահատականը՝ սադրանք հայ-ռուսական հարաբերության դեմ: Այդ գնահատականը չէր հնչել տաք հետքով, հնչել էր մեկ-երկու օր անց, հետևաբար այն չէր կարող չլինել հաշվարկված: Հետևաբար գնահատականը հիմնված է եղել բավականին կոնկրետ իրողությունների կամ ռիսկերի, հնարավոր է նաև՝ տեղեկատվության վրա:
Սրան զուգահեռ՝ օրեր առաջ Հայաստանի ԱԱԾ պետը հանդիպել է Հայաստանում ռուսական սահմանապահ ծառայության նոր նշանակված ղեկավարի հետ: Եվ ի վերջո՝ այս ամենի համատեքստում էլ ուշագրավ է թերևս հիշել, որ Սերժ Սարգսյանն իր նախագահական պաշտոնավարման ավարտին բարձրաձայնել էր ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարության վերանայման անհրաժեշտության մասին՝ ԱԱԾ-ի առաջ դնելով հակաահաբեկչական կանխարգելիչ գործողությունները ուժեղացնելու խնդիր: Խոշոր հաշվով՝ Հայաստանի անվտանգության կոնցեպտում անհրաժեշտ է թերևս ռազմական գործողությունների սպառնալիք ասվածը չդիտարկել միայն Ադրբեջանից հնարավոր արտաքին վտանգը:
 
Ավելին, ակնառու է, որ այդ հարցում Բաքուն ունի, այսպես ասած, աշխարհաքաղաքական լեգիտիմության կամ պարզապես հավանության խնդիր, առանց որի Ալիևը չի գնա ինքնասպանության: Իսկ այդ դեպքում առաջանում է հարց, թե ինչի կարող են գնալ Ալիևը կամ նրանք, ովքեր, այդուհանդերձ, կուզեին, որ Բաքուն ապակայունացներ տարածաշրջանը: Եթե չի ստացվում, այսպես ասած, ճակատ ճակատի, ապա կարող են փորձել այլ տարբերակներ, և այստեղ իհարկե առաջանում է անվտանգության «անտեսանելի ճակատի» խնդիրը: Իհարկե, մյուս կողմից՝ լավ է, որ նկատվում է նաև այդ ճակատում հնարավոր խնդիրների դեմ աշխատանքը:
 
Հեղինակ՝ Արամ Ամատունի