ՀՀ կառավարությունը նախատեսում է փոփոխել «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի որոշ պայմաններ: ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշմամբ հաստատված հավելվածում նախատեսվում է կատարել որոշ փոփոխություններ և լրացում:
 
Ըստ նախագծի՝ հիփոթեքային վարկը կարող է տրամադրվել առնվազն 10 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 9.5 տոկոս տոկոսադրույքով, որից պետության կողմից կսուբսիդավորվեն՝ 2 տոկոսային կետով  և 4 տոկոսային կետով համապատասխանաբար Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում ձեռք բերվող անշարժ գույքի համար տրամադրվող հիփոթեքային վարկերը: Ներկայում հիփոթեքային վարկը տրամադրվում է 10.5-11 տոկոսով, որից 2 տոկոսն է  սուբսիդավորում պետությունը ՝ անկախ ձեռք բերվող բնակարանի գտնվելու վայրից:
 
Առաջարկվում է կիրառել առկա հիփոթեքային պարտավորության ապահովագրություն՝ կանխավճարի առնվազն 50%-ի չափով: Ընդ որում, նշված պայմանի առկայության դեպքում տրամադրվող հիփոթեքային վարկի գումարը չի կարող գերազանցել 20.000.000 դրամը։ Ապահովագրության պահանջը դադարում է գործել այն պահից սկսած, երբ վարկի գծով վճարումների արդյունքում վարկ/գրավ հարաբերակցությունը հասնում է 80%-ի։