Նիկոլ Փաշինյանն ընդդեմ գների. նոր հեղափոխության ժամանակը.
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին բավականին շեշտված անդրադարձ է կատարել գնաճին, որը վերջին շրջանում ներքին լսարանում ավելի ու ավելի հաճախ հնչող խնդիրներից մեկն էր: Նիկոլ Փաշինյանն այդ կապակցությամբ նույնիսկ հանդիպում է ունեցել ԿԲ նախագահի հետ: Գնաճը Հայաստանում նոր երևույթ չէ, միևնույն ժամանակ հանրությունը տարիներ շարունակ եղել է համոզված, որ դա այսպես ասած սխալ քաղաքականության հետևանք է, մասնավորապես շատ ոլորտներում նաև օլիգոպոլիաների և մենաշնորհների հետևանք:
 
Ներկայումս նոր կառավարությունն ունի այս իրավիճակում գործելու խնդիր՝ մի կողմից թույլ չտալ գնաճ, հանրության մոտ սոցիալական դժգոհություն և հեղափոխությունից հիասթափություն թույլ չտալու համար՝ ի վերջո այս առումով հանրության մի ահռելի մասի սպասումները եղել են գերազանցապես սոցիալական, իսկ մյուս կողմից նոր կառավարությունն ունի հասարակությանը հավաստիացնելու խնդիր, որ ներկայումս գնաճի դրսևորումները մենաշնորհների և օլիգոպոլիաների դեմ անբավարար պայքարի հետևանք չեն:
 
Մյուս կողմից կա նաև մեկ այլ հանգամանք՝ գնաճը կարող է լինել այսպես ասած հին համակարգի տնտեսության սաբոտաժը կամ պայքարը նոր իշխանության դեմ: Իհարկե այս առումով եղավ նշանակալից գործը սուպերմարկետների դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բոյկոտել նրանց և խոր ցանցերը հրաժարվեցին պատերազմից: Բայց չի բացառվում, որ նրանք անցել են «պարտիզանական» պայքարի և փորձում են իրավիճակի վրա ազդել այլ կերպ: Խոշոր հաշվով խնդիրը այն է, որ Հայաստանում կա նոր իշխանությունը, բայց դեռ չկա նոր տնտեսություն: Նոր ոչ միայն թվաբանական իմաստով, այլ նաև բաղադրության և կառուցվածքի, հարաբերությունների և հարաբերակցության: Իսկ այստեղ իհարկե հնարավոր չէ ամբողջ տնտեսության դեմ գնալ կոշտ լուծումների, եթե ապահովված չէ «զուգահեռ» գործընթաց, որը թույլ կտա խուսափել այդ կոշտ լուծումների հետևանքով հնարավոր անկումներից:
 
Ի վերջո Հայաստանն ունի անվտանգային խնդիրներ, որոնք պահանջում են կայունություն: Այստեղ բավական բարդ հանգույց է՝ մի կողմից հին տնտեսության խորքային, ենթատեքստային և ինչ որ իմաստով նույնիսկ օբյեկտիվ ազդեցությունը, առանց որևէ սաբոտաժի՝ որովհետև այդ հինը նոր պայմաններում ինքնաբերաբար հայտնվում է արդեն որոշակի տուրբուլենտության մեջ և հետևաբար դիմադրում ենթագիտակցաբար, անգամ բնազդով, մյուս կողմից նորը կառուցելու, ձևավորելու համար ժամանակի անխուսափելի անհրաժեշտությունը, ու նաև ներդրումների կենսական անհրաժեշտությունը: Դրան զուգահեռ, ներդրումների հարցում էլ կան կարևոր հարցեր, որոնց պատասխանը բիզնեսը չունի՝ արտահերթ ընտրության հստակ ժամկետ և արդյունք:
 
Բիզնեսը պետք է պլանավորի սցենարներ, իսկ այդ գործում կա որոշակիության բավարար մակարդակի բացակայություն: Օգոստոսի 17-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հեղափոխության նոր փուլի մասին, ակնարկով, որ դա լինելու է այսպես ասած «արդարադատության» ուղղությամբ: Մյուս կողմից հասկանալի է, որ խնդիրը այստեղ հանրությունից ու պետությունից յուրացված փողի և ռեսուրսների վերադարձի արագությունն ապահովելն է: Նիկոլ Փաշինյանը այդ մասին խոսում է գրեթե բաց տեքստով: Սակայն, այդ ամենով հանդերձ՝ որպես ելման կետից բխող օբյեկտիվ անհրաժեշտություն, թերևս հասունացել է ժամանակը, որ քաղաքական և քաղաքացիական հեղափոխությունն անցում կատարի նաև տնտեսական հեղափոխության փուլ:
 
Հեղինակ՝ Արամ Ամատունի