Ապրիլի 9-ը ամեն դեպքում իր մեջ մի դրական խորհուրդ ունի. այդ օրը Ռոբերտ Քոչարյանը վերջապես դուրս է գալու նախագահի կաբինետից և, հուսով ենք, այլևս երբեք որևէ պետական պաշտոն չի զբաղեցնելու: Եվ երևի ժամանակն է ամփոփել նրա տասնամյա գործունեությունը կամ գոնե թվարկել այդ սև տասնամյակի առանցքային դրվագները:
  
 
Եվ այսպես, սկսենք 1998-ից: Առաջին քայլը շատ տպավորիչ էր: Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից անմիջապես հետո նա հայտարարեց, թե ըստ երևույթին ՀՀ Սահմանադրությունն իրեն թույլ չի տալիս առաջադրվել նախագահի պաշտոնում, իսկ մի քանի օր անց ԺԷկ-ից տեղեկանք ներկայացրեց այն մասին, որ վերջին տասը տարիների ընթացքում մշտապես բնակվել է Հայաստանում: Ընդ որում, ՀՀ Սահմանադրության այսպիսի բացահայտ ոտնահարումը շոկի մեջ էր գցել նաև հենց իր մերձավոր շրջապատին: 
 
Քայլ երկրորդ: 1999թ. խորհրդարանական ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանը հայտնվեց անգլիական թագուհու կարգավիճակում, իսկ նրա հիմնական զինակիցը` Սերժ Սարգսյանը, զրկվեց ՆԳ և ԱԱ նախարարի պաշտոնից և մնաց միայն որպես Ազգային անվտանգության նախարար: Հերթով սկսեցին «խորհրդավոր հանգամանքներում» սպանվել Վագզեն Սարգսյանի զինակիցները` Արծրուն Մարգարյան, Վահրամ Խոռխոռունի և այլն: Զուգահեռաբար, Ռոբերտ Քոչարյանը ղարաբաղյան հարցով բանակցություններ էր վարում և Հայաստանի քաղաքական ուժերին համոզում, թե Մեղրին Լաչինի հետ փոխանակելը լավ տարբերակ է: 
 
Քայլ երրորդ: 1999թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանի դահլիճում սպանվեցին Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը և այլոք: Ռոբերտ Քոչարյանը մի քանի ամիս «սափրված չէր», հետո երկրապահներից ու ՀՀԿ-ականներից մի քանիսին պաշտոններ տվեց, փոքր-ինչ ամրապնդեց իր դիրքերը և պաշտոնանկ արեց Արամ Սարգսյանին ու Վաղարշակ Հարությունյանին: Հոկտեմբերի 27-ի գործով մի քանի կասկածյալներ ազատ արձակվեցին, ռուսաստանցի փաստաբանը հայտարարվեց «բոմժ», իսկ կազմակերպիչների մասով գործն առանձնացվեց, ապա կարճվեց: 
 
Քայլ չորրորդ: «Առագաստ» սրճարանում Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները ծեծելով սպանեցին Պողոս Պողոսյանին: Մարդասպանը ոչ մի պատիժ չկրեց, իսկ ինքը` Քոչարյանը, հայտարարեց, թե եթե Պողոս Պողոսյանը ողջ մնար, ինքը նրան մի երկու բան կասեր: 
 
Քայլ հինգերորդ: Փակվեցին «Ա1+» և «Նոյյան Տապան» անկախ հեռուստաընկերությունները` իբր մրցույթի արդյունքում: Հանձնաժողովի եզրակացությունից առաջ Ռոբերտ Քոչարյանն «Ա1+»-ի մասին ասաց` ափսոս, լավ հեռուստաընկերություն էր: 
 
 
Քայլ վեցերորդ: 2003թ. խորհրդարանական և նախագահական ընտրություններն անցան այնքան բացահայտ կեղծիքներով, որ միջազգային բոլոր կազմակերպություններն ամենախիստ գնահատականները տվեցին: Փաստաթղթերում խոսվում էր «հարյուր հազարավոր ձայներ կեղծելու» մասին: Ընդդիմության հանրահավաքներին մասնակցող հարյուրավոր մարդիկ ձերբակալվում էին, Երևան մտնող ճանապարհները փակ էին: 
 
 
Քայլ յոթերորդ: 2004թ. ապրիլին հատուկ ստորաբաժանումները բռնի ուժով ցրեցին ընդդիմության խաղաղ հանրահավաքը: Ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակները թալանվում էին, տասնյակ մարդիկ` ձերբակալվում: 
Քայլ ութերորդ: Դրանից արդեն մեկ-երկու ամիս անց հայկական դրամը սկսեց «արժեվորվել»: Գործընթացը շարունակվում է առ այսօր: Արդյունքում` ներկրումներով զբաղվող իշխանական կլանները գերշահույթներ են ստանում, իսկ արտասահմանից ստացվող օգնություններով ապրող հարյուր հազարավոր քաղաքացիներ բառիս բուն իմաստով թալանվում են: 
 
Քայլ իններորդ: 2007թ. խորհրդարանական ընտրություններն անցան բացահայտ կեղծիքներով և արժանացան միջազգային ամենախիստ գնահատականների: Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն խորհրարանում բացարձակ մեծամասնություն ստացավ: 
 
Քայլ տասներորդ: 2008թ. նախագահական ընտրություններն անցան խայտառակ կեղծիքներով: Ընդդիմության խաղաղ հանրահավաքը ցրվեց բռնի ուժով: Առնվազն ութ մարդ զոհվեց, կան հարյուրավոր տուժածներ: Հապճեպ ընդունված օրենքները գործնականում արգելեցին քաղաքացիական ազատությունները: Միջազգային բոլոր հեղինակավոր կազմակերպությունները ոչ միայն դատապարտեցին դա, այլև ղարաբաղյան հարցում բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշում որդեգրեցին: 
 
Անցած տասնամյակի ընթացքում, միջազգային փորձագետների գնահատականների համաձայն, Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի ունեցվածքն ավելացավ մի քանի հարյուր անգամ: 
 
 
Թերևս սա է Ռոբերտ Քոչարյանի տասնամյա գործունեության համառոտ ամփոփումը: Եվ ամենևին մեր մեղքը չէ, որ այս ամենն ավելի շատ «քրեական ամփոփագիր» է հիշեցնում: 
 
«Չորրորդ իշխանություն», Ապրիլի 4 2008 թ