Օգոստոսի 27-ի՝ Փաշինյան-Բաբլոյան հանդիպման արդյունքում արված արձանագրումները թե՛ մամուլում, թե՛ փորձագիտական շրջանակներում, ըստ էության, միանշանակ գնահատականների չեն արժանացել. ոմանք դրանք համարում են խոշոր հաշվով ոչինչ չասող արձանագրումներ, որոշներն էլ դրանցում քաղաքական խորքային ենթատեքստ ու հեռուն գնացող հետևանքներ ու պլաններ են նշմարում: Բոլոր դեպքերում պետք է ֆիքսել, որ հեղափոխություն-ՀՀԿ քաղաքակիրթ երկխոսության տեսանկյունից Փաշինյան-Բաբլոյան հանդիպումը կարևոր քայլ էր՝ հատկապես հաշվի առնելով օգոստոսի 17-ի հանրահավաքից հետո ստեղծված քաղաքական մթնոլորտին բնորոշ սուր կողմերը: Պետք է ամրագրել, որ հայտարարությունն, ըստ էության, երկուստեք որոշակի փոխզիջումների արդյունք է. Փաշինյանը հրաժարվում է ՀՀԿ-ի հանդեպ «ինքնադատաստան» իրականացնելուց՝ բառիս ամենալայն իմաստով, ՀՀԿ-ն էլ, իր հերթին, այլևս հրաժարվում է հնարավոր սաբոտաժի մտքից՝ բաց թողնելով  երկխոսության դուռը՝ մի բան, որն , անկասկած, բխում է նաև հայկական պետականության շահերից՝ առավել գլոբալ իմաստով:
 
Տեղի ունեցածը, սակայն, հետաքրքրական է ոչ միայն Փաշինյան-ՀՀԿ հարաբերությունների տեսանկյունից, այլև հատկապես Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ապագայի՝ մեկի, ով, ինչպես հայտնի է, այժմ ջանում է դառնալ հակահեղափոխության առանցքը:  Այս իմաստով գլխավոր հարցը հետևյալն է՝  Փաշինյան-Բաբլոյան հանդիպումն ու դրա արդյունքում արված հայտարարությունը որքանո՞վ է բխում Քոչարյանի  շահերից, Փաշինանի ու ՀՀԿ-ի միջև փաստացի արձանագրված ստատուս-քվոյի պահպանումն ու վճռական բախման հետաձգումն ինչպե՞ս կարող է անդրադառնալ Քոչարյանի քաղաքական ապագայի վրա, դրականորե՞ն, թե՞ բացասաբար:
 
Այստեղ կարևոր է հասկանալ, թե կոնկրետ ինչ փոխզիջումների մասին  կարող է խոսք գնալ: ՀՀԿ-ի մասով ակնհայտորեն փոխզիջումների շրջանակն առավել քան տեսանելի է. խնդիր կար հեղափոխության զոհ չդատնալու, և ՀՀԿ-ն իր համար լուծեց այդ խնդիրը՝ խուսափելով  ինքնադատաստանի ենթարկվելու իրական վտանգից: Այլ է հարցը, սակայն, կապված այն բանի հետ, թե դրա դիմաց Փաշինյանն ի՞նչ գին է պահանջել  ՀՀԿ-ից: Ի՞նչ պետք է տար կամ ինչի՞ն պետք է համաձայներ ՀՀԿ-ն, որպեսզի կարողանար խուսափել  Փաշինյանի ցասումից՝ գոնե միառժամանակ:
 
Գաղտնիք չէ, որ օգոստոսի 17-ի հանրահավաքում Փաշինյանը որպես գլխավոր թիրախ ընտրել էր Քոչարյանին՝ բեմահարթակից ի լուր աշխարհի երաշխավորելով, որ անհնար է լինելու պատախանատվությունից խուսափելը: Փաշինյանի հանրահավաքային ելույթն ուշագրավ էր նաև նրանով, որ վարչապետը, փաստորեն, իր խիստ հայտարարություններում  շատ իմաստներով նույնականացրել էր Քոչարյանին ու ՀՀԿ-ին. սպառնալիքների տեղատարափը հավասարապես հասցեագրված էր թե՛ ՀՀԿ-ին, թե՛ Քոչարյանին՝ չնայած Փաշինյանի հիմնական ու առաջնային թիրախն, ըստ էության, հենց Քոչարյանն էր դարձել, իսկ ՀՀԿ-ն էլ հայտնվել էր «դրբի տակ» ընկածի կարգավիճակում:
 
Եվ ուրեմն՝ այս ամենը հաշվի անելով՝ կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Փաշինյանի՝ ՀՀԿ-ից պահանջած գինն եղել է ընդամենը մեկը՝ Քոչարյանը, կարելի՞ է, արդյոք, ենթադրել, որ Բաբլոյան-Փաշինյան հանդիպման վերջնարդյունքը ՀՀԿ-ի՝ Քոչարյանից հրաժարվելն է դարձել՝ հօգուտ սեփական ապագայի, հանուն գոյության պահպանման: Կամ որքանո՞վ է հավանական նման սցենարն այն պարագայում, երբ հայտնի է, որ ներկա իրավիճակով պայմանավորված՝ առաջին հերթին հենց ՀՀԿ-ին է հարկավոր հենման կետ, որի դերում կարող էր հանդես գալ Քոչարյանն, ում հետ, ի դեպ, երկարամյա աշխաանքային փորձառություն ունի կուսակցությունը:
 
Այս հարցերին պատասխանելն իրականում այնքան էլ հեշտ չէ, քանի որ հիմնավոր պատասխան գտնելու համար նախ պետք է պարզել մեկ այլ հարց՝ որքանո՞վ են  Քոչարյան-ՀՀԿ ներկա հարաբերություննրն անկեղծ, և որքանո՞վ են այս երկուսը միմյանց վստահում՝ հաշվի առնելով նրանց միջև առկա տասնամյա անդունդը, որը հաղթահարելն, ակնհայտորեն, չի կարող հեշտ խնդիր լինել:
 
Մյուս կողմից, իհարկե, բոլորովին չի կարելի բացառել  այն, որ կայացած համաձայնությունն ընդամենը ժամանակավոր հանգրվան է թե՛ հեղափոխության, թե՛ ՀՀԿ-ի համար՝ ժամանակ շահելու, սեփական դիքրերն ու հնարավորությունները վերագնահատելու, ճիշտ դիրքավորվելու: Չկա որևիցե երաշխիք, որ կնքված «դաշնը» չի կարող ցանկացած ժամանակ խախտվել կողմերից որևէ մեկի կողմից, և դեռ հարց է՝ ո՞ւմ է ավելի շատ ձեռնտու ժամանակի երկարաձգումը, Փաշինյանի՞ն, թե՞ ՀՀԿ-ին:
 
Քոչարյանը հայտնվել է «օդից կախված» վիճակում: