Խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով ժամանակավորապես գործում են որոշակի սահմանափակումներ։
 
Նշենք որ, Խոզերի աֆրիկյան ժանտախտը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը թողնում է զգալի տնտեսական հետևանքներ՝ ազդելով երկրում խոզերի պոպուլյացիայի վրա: Գրեթե 30 տարի առաջ այն հաջողությամբ վերացվել է Եվրասիական մայրցամաքի մեծ մասում: Սակայն 2007թ.-ին հիվանդությունը հայտնվեց Կովկասում: 2007 թ. –ին Վրաստանի Հանրապետությունում հիվանդության հայտնվելու պահից ի վեր խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսը տարածվեց  ամբողջ տարածաշրջանում՝ վարակելով խոզերի նախիրները Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի Հանրապետություններում և տարածվելով դեպի հյուսիս՝ Ռուսաստան: Տարածաշրջանում վիրուսի նույնականացումից նույնիսկ շատ տարիներ անց վիրուսը դեռ շրջանառում է: Ի տարբերություն անդրսահմանային վիրուսային վարակների մեծամասնությանը, գոյություն չունի պատվաստանյութ խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի դեմ: Հետևաբար, վարակված կենդանիների հայտնաբերումը և վերահսկողությունը հանդիսանում են հիվանդության վերահսկման և վերացման միակ միջոցը: Սույն ծրագրով կիրականացվեն անհրաժեշտ հետազոտություններ՝ Հայաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի շրջանառությունը և համաճարակաբանական ընթացիկ իրավիճակը պարզելու և մասնավորապես՝ վիրուսի փոխանցման ուղիները և միջավայրում նրա կենսունակության աստիճանը որոշելու համար: 
 
 
 
ՍԱՊԾ-ից հայտնում են, որ 2018 թվականի օգոստոսի 28-ից ժամանակավորապես կասեցվել է կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի) կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և  միջադիրների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն ՌԴ որոշ մարզերից։
 
Կասեցման վերաբերյալ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքէջում հրապարակվել է տեղեկատվություն առ այն, որ Ռուսաստանի Դաշնությունում արձանագրվել են խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունները, ինչպես նաև հիմք ընդունելով Ռուսաստանի Դաշնության Անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավարի պաշտոնակատարի որոշումը «Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունում գոտիավորման» վերաբերյալ։