ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը օգոստոսի 28-ին շարունակել է հանդիպումների շարքը, որի մասին բարձրաձայնել էր օգոստոսի 17-ին հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո, որտեղ Փաշինյանը խոսել էր ժողովրդական ուղիղ կառավարման, անցումային արդարադատության եւ Սահմանադրության փոփոխությամբ խորհրդարանի ինքնալուծարման մեխանիզմի ներդրման հեռանկարի մասին:
 
Արա Բաբլոյանը դրանից հետո մտահոգություն էր հայտնել պետական ինստիտուտների համար, ասելով, թե նախաձեռնում է վարչապետի, նախագահի, ԲԴԽ նախագահի եւ ՄԻՊ հետ հանդիպումների շարք:
 
Օգոստոսի 27-ին Բաբլոյանն առաջին հանդիպումն ունեցել է վարչապետ Փաշինյանի հետ, որի արդյունքում տարածվել է հայտարարություն: Դրանում արձանագրվել է, որ անցումային արդարադատության կարիք առայժմ չկա, իսկ մինչեւ 2019 թվականի մայիս խորհրդարանի ընտրության ժամանակացույցը չեղարկման ենթակա չէ:
 
Օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքում հնչեցրած ելույթով գործնականում վերջնագիր ներկայացրեց նախկին իշխանությանը, որի բուն պատճառը թերեւս Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հայտն էր, որ նա արել էր օգոստոսի 13-ին ազատության մեջ հայտնվելուց հետո: Նիկոլ Փաշինյանի վերջնագրի տողատակը փաստացի այն էր, որ, եթե նախկին իշխանությունը մտադիր է ազատել ձեռքերը իշխանության փոխանցման «սահուն գործընթացից»՝ Ռոբերտ Քոչարյանի միջոցով, ապա այդ դեպքում կստանա իշխանությունը «վերցնելու» կոշտ գործընթաց:
 
 
Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը փաստացի երկրորդ անգամ փորձեց միջամտել «սահուն փոխանցմանը»: Նրա դիրքորոշումը հայտնի դարձավ ՆՏՎ-ի հետ հարցազրույցում, որ իշխանությունը ճամպրուկ չէ: Ապրիլի 30-ի միջամտությունն ունեցավ միջանկյալ հաջողություն, մինչեւ ապրիլի 2-ը:
 
Օգոստոսի 13-ին Ռոբերտ Քոչարյանի երկրորդ միջամտությանը Նիկոլ Փաշինյանը հակադրեց օգոստոսի 17-ի կոշտ ելույթը, փորձելով հասկացնել, որ չի ստացվի Ռոբերտ Քոչարյանի միջոցով ենթադրվող «ռեինկարնացիա», երբ ՀՀԿ «մարմինը» կմնա «սահուն գործընթացին» հավատարիմ, իսկ «հոգին» կտեղափոխվի Ռոբերտ Քոչարյանի մեջ, այդպիսով գործնականում դուրս գալով պայմանավորվածությունից, բայց ֆորմալ առումով մնալով հավատարիմ:
 
Խոշոր հաշվով տվյալ իրավիճակն էր ակնարկում Նիկոլ Փաշինյանը, խոսելով 2019-ի մայիսին վարչապետի հրաժարականից հետո հնարավոր խորամանկության մասին:
 
Դա էր պատճառը, որ Արա Բաբլոյանը շտապեց Փաշինանի մոտ: Գործնականում Բաբլոյանը Սերժ Սարգսյանի դեսպանն է ներկայիս իրավիճակում, քանի որ Նիկոլ Փաշինյանի ուղերձի հասցեատերը թերեւս հենց Սերժ Սարգսյանն է, որի հետ է փաստացի «սահուն փոխանցման» շուրջ պայմանավորվածությունը, որն արտացոլվեց Սարգսյանի հրաժարականի տեքստում բավական ուշագրավ ու հայտնի ձեւակերպումներով:
 
Խոշոր հաշվով, Փաշինյան-Բաբլոյան հանդիպումը ոչ թե նոր համաձայնություն էր, այլ եռամսյա վաղեմության պայմանավորվածության վերհաստատում: Ըստ երեւույթին, ԱԺ նախագահը համոզիչ ապացույցներ է ներկայացրել, որ չկա դրանցից դուրս գալու որեւէ խորամանկ մտադրություն: Հետաքրքիր է, որ հաջորդիվ տեղի է ունեցել հանդիպում նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որտեղ հայտարարվել է բոլոր հարցերը երկխոսության ու պայմանավորվածությունների ոգով լուծելու կարեւորության մասին: Երեք ամիս առաջ «սահուն փոխանցման» պայմանավորվածությունը գործնականում մեկնարկեց Արմեն Սարգսյանի միջնորդական ջանքով, երբ նա եկավ Հանրապետության հրապարակի հանրահավաք՝ ընդունելով այնտեղ հանդիպելու եւ իրավիճակը քննարկելու Նիկոլ Փաշինյանի կոչը:
 
Սերժ Սարգսյանը Բաբլոյանի միջոցով վերհաստատում է պայմանավորվածություններին հավատարմությունը, հավաստելով, որ դուրս չի գալիս դրանից, սակայն այս փուլում ավելի հետաքրքիր հարց է, թե նախկին իշխանությունից կամ պարզապես ՀՀԿ-ից ովքեր են դուրս գալու Սերժ Սարգսյանի այդ պայմանավորվածություններից, ովքե՞ր են նրա «պայմանավորվածության» փոխարեն ընտրելու Ռոբերտ Քոչարյանի «չպայմանավորվելը»:
 
Իսկ այդ տեսանկյունից իրավիճակը ՀՀԿ-ում միարժեք չէ, եւ դա ապրիլի 23-ից սկսած, ինչի մասին վկայել են իրադարձությունների զարգացման հատկանշական դրվագները: Փաշինյան-Բաբլոյան հանդիպման արդյունքի վերաբերյալ ՀՀԿ-ից հնչող գնահատականները միարժեք չեն, ինչն անշուշտ պայմանավորված է նրանով, որ համակարգ՝ իբրեւ այդպիսին, գոյություն չունի, եւ այդ տեսանկյունից գերիշխող խնդիրը անձնական երաշխիքների ձեւավորումն է: Խոշոր հաշվով, նաեւ հենց դա է, որ Ռոբերտ Քոչարյանին մղել է քաղաքականություն: Մի տեղ, ուր հայտնվելուց նա կտրականապես հրաժարվում էր հետնախագահական ամբողջ տասնամյակի ընթացքում, որովհետեւ չուներ անձնական երաշխիքի խնդիր:
 
 
Իսկ այդ իմաստով էլ առաջանում է մեկ այլ հարց, կապված Սարգսյան թե Քոչարյան ընտրության հետ, քանի որ խոշոր հաշվով պայմանավորվել-չպայմանավորվելը հարաբերական է ստեղծված իրավիճակում, առավել եւս դրա լայն՝ ռեգիոնալ ու միջազգային համատեքստում, ինչպես հայտնի անեկդոտում՝ ես պառկած եմ, իսկ դու կանգնած, բայց դրսում ասում են, որ երկուսս էլ նստած ենք: Տվյալ պարագայում հարցը նոր իշխանության հետ «սահուն անցման» շուրջ պայմանավորվածության ծավալներն են ու գինը: