Ահա, թե ինչ է ուզում Նիկոլին հասկացնել տխմար Քոչարյանը, որը բոլորին իր արշինով է չափում.
 
«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է 1990-1999թթ. ՀՀ ԳԽ և ԱԺ պատգամավոր, 1992-1997թթ. ՀՀ Մաքսային վարչության պետ Երջանիկ Աբգարյանը:
 
–Պարոն Աբգարյան, ՀՀ–ում Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները սահմանին ձերբակալել են ապօրինի սահմանը հատած երկու պակիստանցիների։ Վերջին շրջանում սա առաջին դեպքը չէ։ Արդյո՞ք ռուս սահմանապահները նորովի են խնդրին մոտենում, և որքանո՞վ է սա պայմանավորված այն հանգամանքով, որ ՀՀ–ն սկսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման գործընթաց։
 
-Եթե նկատել եք, այդ դեպքերը հաճախակիացան Փանիկում իրականացված ռուսական ապօրինի զորավարժության նկատմամբ Հայաստանում առաջացած վրդովմունքի բռնկումից հետո: Կարծում եմ՝ ռուսական կացինային մտածողությամբ մի քանի այդպիսի դեպքերի «բացահայտումը» կօգնի հայերին արագ մոռանալ Փանիկում կատարվածը: Իրականում, ՀՀ սահմանի հատումը թուրքական կողմից արդեն բազմաթիվ անգամներ են եղել, որոնց միայն չնչին մասն է հայտնի դարձել հայ հանրությանը: Մյուս կողմից, ակնհայտ է դառնում, որ թուրքերը դեպի ՀՀ սահման են ուղղորդում այլազգի փախստականներին: Դրա նպատակը հասկանալն առայժմ դժվար է, քանի որ դրանով փախստականների ճանապարհը դեպի Եվրոպա ավելի է երկարացվում: Թե 10-ը սահմանահատներից քանիսն են բռնվում՝ դժվար է ասել ռուս-թուրքական ներկա եղբայրացման պայմաններում:
 
–Առհասարակ, ՀՀ–ում ռուսական սահմանապահ ծառայության ներկայությունը, որպես ռուսական ռազմական ներկայության առանցքային բաղադրիչ, որքանո՞վ է նպատակահարմար այս փուլում։
 
-Ես կարծում եմ, որ ընդհանրապես օտար զորքերի, առավել ևս սահմանապահների առկայությանը անկախ Հայաստանում, սկզբունքորեն և գործնականորեն անընդունելի են բոլոր ժամանակներում: 19-րդ դարում ձևակերպված Հայաստանի անվտանգության հայեցակարգն արդեն առաջին աշխարհամարտի օրոք վերջնականապես բացահայտեց իր արմատական սնանկությունը: Այդ հայեցակարգի թելադրած գործունեության հետևանքով մենք դարեր շարունակ մեծ թվով թշնամիներ և անբարյացակամներ ստեղծեցինք ո՛չ միայն մեր շրջապատում, այլև աշխարհում: Մենք առ այսօր չենք կարողանում ոչ միայն վերացնել օտարի ռազմական ներկայությունը Հայաստանում, այլև անկարող ենք մնում օտար զորքի կենցաղային կարիքների ապահովման ծանր բեռը մեր ժողովրդի ուսերից թոթափել: Ի դեպ, սա նախադեպ չունի ողջ աշխարհում: Հայերի վերնախավի այս գործելակերպը հիմնված է դարավոր բնազդային անասնական վախի վրա, որն էլ ավելի են սրել ռուսները՝ վերջին 300 տարիներին: Հայերի վերնախավը երբեք մտքով չի անցկացրել ազատվել «կողմնորոշումային» այդ կործանարար ախտից: Ինչ վերաբերում է ձեր՝ կոնկրետ Հայաստանում ռուսական սահմանապահ ծառայության ներկայության հարցին, ապա դա հենց սկզբից իրենից ոչ մի արժեք չի ներկայացրել, այլև եղել է վնասակար: Այսպես, սահմանային գոտին արհեստականորեն ընդլայնված է և որոշ դեպքերում իր մեջ է ներառում մշակվող հողատարածություններ կամ այլ կառույցներ: Սա նշանակում է, որ հայ գյուղացին իր սեփական հողը կարող է մտնել միմիայն ռուսների սահմանած օրակարգով: Արաքսի ձախափնյա հարստությունները՝ ավազը և ձուկը ռուս սահմանապահներն են տնօրինում: Գետի ձախափնյա ավազահանքերի շահագործողները՝ առանց ռուսների հետ «պայմանավորվելու», չեն կարող ավազահանքը շահագործել: Ձուկը թույլատրվում է գետից որսալ միայն ռուսներին առձեռն փող վճարելով, կամ դրան համարժեք ապրանքով՝ ձկով: Դեռ 90-ականներից սկսած՝ առ վերջերս հայտնի են դեպքեր, երբ ռուս սահմանապահ մաքսանենգների օգնությամբ սահմանը հատել են զգալի թվով փոքր ու խոշոր եղջերավոր անասունների հոտեր և նախիրներ: Սա, առանց սահմանային փշապատնեշը հաղթահարելու, անհնարին կլիներ: Իսկ ո՞վ է ասում, որ դրանց առջև չեն բացվել սահմանային տեղական դարպասները, որոնք գտնվում են միմյանցից որոշակի հեռավորության վրա: Այս և այլևայլ հարցերով Հայաստանի պետական մարմինները երբեք չեն զբաղվել: Մի կողմ եմ թողնում օդանավակայաններում և Մեղրու անցումային կետում անձնագրային ռեժիմի հետ կապված ռուս սահմանապահների կատարած անօրինությունները: Դե մեկ-մեկ էլ նարկոնյութեր են առգրավում՝ մոռանալով, որ դա իրենց գործը չէ, այլ մաքսայինի, որին պետք է անմիջապես հայտնեն այդպիսի տեղեկությունը՝ համապատասխան ձևակերպումներ կատարելու համար, և ոչ թե իրենք ջարդոտեին ավտոմեքենայի թափքի կողերը:
 
–Ամիսներ առաջ, երբ ռուս սահմանապահներն արգելել էին Մեղրու հատվածում ճանապարհաշինության իրականացումը, այդ ժամանակ խումբ ձևավորվեց, որի նպատակն էր պահանջել ռուս սահմանապահներին դուրս բերել ՀՀ տարածքից։ Ընդհանրապես, ռուս սահմանապահներին հայկական ստորաբաժանումներով փոխարինելն այս փուլում որքանով է հնարավոր, ձեր կարծիքով։
 
-Ընդհանրապես, կարծում եմ, և պատմականորեն դա տեսանելի է, որ գաղութացված երկրները հաջողությունների են հասնում մետրոպոլիայի նկատմամբ, երբ վերջինս ակնհայտորեն թուլանում է ինչ-ինչ պատճառներով: Տվյալ դեպքում, Ռուսաստանը տարեց տարի մեկուսացվում է ամբողջ աշխարհից: Այն անհաջող փորձեր է կատարում դիմակայել դրան: Մյուս կողմից՝ սխալ պետական քաղաքականություն վարող «մեր» ռուսամետ իշխանությունները ստեղծել են մի իրավիճակ, երբ երկիրը դարձել է կախյալ ոչ միայն օտար ռազմական ներկայությունով, այլև աղետալիորեն՝ տնտեսապես: Եվս մի հանգամանք՝ երկրում կան օտար պետության՝ Ռուսաստանի ոչ դիվանագիտական պետական խոշոր սեփականություններ՝ «Գազպրոմ», ՀԷՑ, երկաթուղի, Հրազդանի կասկադը և այլն, և այլն: Սա էլ է աշխարհում չտեսնված երևույթ, որը ևս իրականացրեցին ռուսական գաղտնի ծառայությունների գործակալներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժիկ Սարգսյանը: Նկատի ունենալով այս հանգամանքները, գտնում եմ, որ հեղափոխական իշխանությունը նախապես մեծ ջանքեր պիտի թափի Հայաստանի տնտեսական կապերի և, առաջին հերթին, առևտրի ուղղությունները փոխելու դեպի հարավ և արևմուտք, պիտի հիմնովին վերացնի մեր երկրում գտնվող օտար պետության պետական ձեռնարկությունները, ինչը հնարավորություն կտա նշանակալիորեն թուլացնել Ռուսաստանի ազդեցության լծակները մեր երկրի վրա: Անտարակույս, այսօր առաջնահերթ է դարձել հատկապես Հայաստանի սահմանների պահպանությունը ապահովել հայաստանցի սահմանապահներով: Նպատակահարմար եմ գտնում, որ դա կատարվի պետականորեն և հնարավորինս շուտ: Այսօր Հայաստան եկողների վրա ամենավատ տպավորությունը թողնում են ռուս սահմանապահները: Չեմ ուզում ընդարձակվել այս կապակցությամբ ռուս-ադրբեջանական որոգայթների շուրջը, որովհետև դրանք առկա են եղել վերջին 30 տարիներին՝ սկսած Սումգայիթից առ այսօր: Եվ չեմ էլ կոչ անում հայ-ռուսական հարաբերությունները սրել, այլ գտնում եմ, որ Ռուսաստանը պետք է հարմարվի մեր երկրի հետ միմիայն իրավահավասար և փոխշահավետ հարաբերություններ ունենալու մտքի հետ՝ այնպիսի համբերությունների, ինչպիսին մենք ունենք աշխարհի այլևայլ երկրների հետ:
 
– Նախկին իշխանությունները հայտարարել էին, որ հայ–ռուսական հարաբերություններն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, Քոչարյանն էլ ասել էր, որ Ռուսաստանի հետ չի կարելի նման ձևով խոսել։ Նրանց ռուսամետ դիրքորոշումը որքանո՞վ արձագանք կստանա Ռուսաստանում, և որքանո՞վ է հնարավոր նրանց աջակցությունը Ռուսաստանի կողմից։
 
 
-Դե իհարկե, հայ-ռուսական հարաբերությունները կարող են իրենց «լավագույն» ժամանակներն ապրել միայն ղարաբաղյան կլանի հանցագործ պարագլուխների և սրանց ՀՀԿ-ՀՅԴ-ական կռճոնակեր լաքեյների ժամանակներում: Սրանք հանուն իրենց իշխանության պատրաստ են Ռուսաստանին տալ երկրի ունեցվածքից այն ամենը, ինչը վերջինս կուզի և դեռ մի բան էլ ավելի: Ի՞նչ է նշանակում ասել, թե «Ռուսաստանի հետ չի կարելի նման ձևով խոսել»: Եթե Քոչարյանի համար Պուտինը «պապա» է, ապա դա հասկանալի է՝ ռուսական «պաուկ» գործակալի հանգամանքով: Իսկ եթե Քոչարյանը Պուտինի հետ հարաբերվել է ամեն ինչի պատրաստ պոռնիկի պես, ապա դա էլ անհասկանալի չի մնում, քանզի հայտնի է, որ, հակառակ դեպքում, կոմպրոմատների կույտերն իրեն են սպասում: Ահա թե ինչ է ուզում Նիկոլին հասկացնել տխմար Քոչարյանը, որը բոլորին իր արշինով է չափում: Վերջապես ինչի՞ մասին է խոսքը, ինչքան հայտնի է՝ նոր իշխանությունն ամեն ինչ անում է Ռուսաստանի հետ նորմալ և արժանապատիվ հարաբերություններ սկսելու համար: Երբեմն, նույնիսկ ափսոսալիորեն «մի քիչ» էլ ավելի: Էդ ինչո՞վ է փորձում վախեցնել մի մարդու, որին ժողովուրդն իր ուսերի վրա է բերել և դրել երկրի ղեկավարի աթոռին: Այո, Ռուսաստանը միշտ էլ ձգտել է և այսօր էլ ձգտում է «իր» մարդն ունենալ Հայաստանի ղեկին: Եվ ամեն ինչ փորձելու է անել այդ ղեկին նորից տիրանալու համար: Եվ կասկածից դուրս է, որ պուտինյան Ռուսաստանը և անձամբ Պուտինը տարաբնույթ խառնակչություններով կշարունակեն փորձել աջակցել հայաստանյան հակահեղափոխությանը՝ ինչքան էլ ոմանք աշխատեն դուր գալ ռուսներին և Պուտինին: Պետք է վերջապես, որ մեր ժողովրդի այսօրվա ղեկավարները հասկանան, որ իրենք այն մարդկային տեսակը չեն կարող լինել, որ ռուսական նացիստական քիմքին կարող է հաճելի լինել, ինչպես, ասենք, եղել են դավաճան, թալանչի և արյունաբու Ռոբիկն ու Սերժիկը:
 
Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան