Լոռու մարզի Հագվի համայնքի բնակիչներն արդեն տևական ժամանակ պայքարում են համայնքի տարածքով հոսող Սեդվի գետի համար: Տարածաշրջանին գետերի ու, առհասարակ, օգտակար հանածոները ժամանակ առ ժամանակ հայտնվում են որևէ մի ընկերության կամ անհատի ուշադրության կենտրոնում, բայց տեղացիներն անդրդվելի են՝ բնության առատաձեռնությունը մեկ ուրիշին բաշխել չեն ուզում:
Հանքի շահագործման չեղարկումը դեռ չմարսած՝ հագվեցիները հիմա էլ պայքարում են, որ Սեդվին  ՀԷԿ-ի զոհ չդառնա, ու շարունակի ծառայել համայնքին:
 
Vesti.am-ը խնդրի մասին ավելի վաղ էր գրել: Մտահոգություն էինք հայտնել, որ Սեդվիի վրա ՀԷԿ-ի կառուցումը կապվում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանի ընտանիքի հետ: Մտահոգություն էինք հայտնել նաև, որ երկրի ջրային ռեսուրսները պահպանող «գլխավոր անձը» դրանց կյանքը, ինչ-որ առումով, վտանգում է: Պարզելու համար, թե Գաբայանն ու ընատնիքն, ի՞նչ կապ ունեն Սեդվիի հետ, օրերս Ազգային Ժողովում, երբ քննարկվում էր Սևանից ջրառ իրականանցնելու հարցը, Ջրտնտպետկոմի նախագահից հետաքրքրվեցինք.
 
– Ի՞նչ կապ ունի ՀԷԿ-ի կառուցման նախագծի հետ:
 
Տղաս է ուզում փոքր ՀԷԿ կառուցել: Այնտեղ համայնքը կիսվել է երկու մասի. մի մասն ուզում է, մի մասը չի ուզում: Բայց նշեմ, որ տարիներ առաջ մեկ այլ ընկերություն է այդտեղ ուսումասիրություններ կատարել: Այնտեղ հողի սահքի խնդիր կա, և դա նշանակում է, որ գետը պետք է վերցվի խողովակների մեջ, կամ ինչ-որ այլ լուծում գտնվի, որպեսզի ջուրը խնդիրը չլինի սահքի համար: Եվ մենք մտածեցինք, որ դա կարող է համընկնել ՀԷԿ-ի կառուցման հետ, ինչը, գուցե, վերացնի այդ վթարային իրավիճակը:
 
 
– Բայց, կարծես, գյուղացիները դեմ են այդ ՀԷԿ-ի կառուցմանը
 
– Որքան գիտեմ, շահառու երկու գյուղեր կան, ու գուցե շահերը չեն համընկնում:
 
– Հակասակա՞ն չէ, որ ջրային ռեսուրսները պահպանող գերատեսչության ղեկավարի ընտանիքն է զբաղվում այդ ռեսուրսների ճակատագրով:
 
– Վա՞տ է բիզնեսը, կամ, ընդհնարապես, բիզնես ունենալը վա՞տ է: Եթե գյուղացիները չցանկանան, դա չի կառուցվելու, ուժային որևէ բան չի արվելու, հավատացեք:
 
– Օրերս Կառավարությունը հրապարկեց այն գետերի ցանկը, որոնց վրա չի թույլատրվում ՀԷԿ կառուցել, և Սեդվի գետը չկար այդ ցանկում: Հնարավո՞ր է՝ Դուք, լինելով Կառավարության անդամ, որևէ կերպ ազդեցություն եք ունեցել այդ որոշման վրա:
 
– Անկեղծ ասած, դեռ չեմ ծանոթացել ցանկին: Ես հավաստիացնում եմ՝ կառավարության համապատասխան նիստին չեմ մասնակցել, ավելին՝ դա ոչ թե մեր կողմից պատրաստված նախագիծ է, այլ Բնապահպանության նախարարության: Հավատացեք՝ նման ազդեցություն չի եղել:
 
Վրույր Սևակ