Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում; Ժամը 08:40-ի սահմաններում Մազմանյան փողոցում ժողովրդին հայտնի «Կվարտալի խաչմերուկում» բախվել են Mercedes մակնիշի 35 NR 377 համարանիշի և Երևանի բնակիչ, 52-ամյա Արթուր Ավետիսյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 49 94 Տ համարանիշի թիվ 27 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ:
 
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մարդատար ГАЗель-ը, որը սպասարկում է 3-րդ գյուղից դեպի Դինամո մարզադաշտ ուղին, կանգառում կանգնած է եղել, երբ Mercedes-ը, որի վարորդը վթարից հետո մեքենան թողնելով դեպքի վայրում՝ դիմել է փախուստի, մխրճվել է ГАЗель-ի մեջ ու եթե ГАЗел- ը կանգառում կանգնած չլիներ, Mercedes-ը կմխրճվեր կանգառում նստած քաղաքացիների մեջ: Դեպքի վայր ժամանած Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները կարողանում էին կարգավորել երթևեկությունը և վթարի վայրից հեռացնել հեռաքրքրասեր քաղաքացիներին:
 
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Սարգիս Գևորգյանի գլխավարությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր էր ժամանել 35-ամյա Արտակ Ստեփանյան անունով քաղաքացին և Երևանի ՃՈ պետի տեղակալ Դ.Ավագյանին համոզում էր, որ Mercedes-ն ինքն է վարել, որ ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ եղել է վթարի պատճառ, սակայն ճանապարհային ոստիկանության համակարգում երկար տարիներ աշխատած, փորձառու Դ. Ավագյանին Ա. Ստեփանյանը չկարողացավ մոլորեցնել: