Խախտելով ՀՀ Սահմանադրությունը՝ Միքայել Հարությունյանը 2000-ականներին դարձել է ՊՆախարար
 
Մարտի մեկի գործով որպես մեղադրյալ ներգրավված, միջպետական հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանը 2000-ական թվականներին պաշտպանության նախարար է եղել՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը:
 
 
Բանն այն է, որ այսօր ռուսական «Ինտերֆաքս» գործակալության տարածած գրության համաձայն՝ ՌԴ իրավապահ մարմինները Միքայել Հարությունյանին արտահանձնելու՝ Հայաստանի իրավապահների դիմումը մերժել են՝ հիմնավորելով, որ Հարությունյանը 2002 թվականից ՌԴ քաղաքացի է:
 
 
Եթե Միքայել Հարությունյանը 2002 թվականից ունի ՌԴ անձնագիր, նշանակում է՝ չէր կարող լինել ՀՀ պաշտպանության նախարար, քանի որ, ըստ ՀՀ 2005 թվականի Սահմանադրության հոդված 85-ի՝ ՀՀ վարչապետն ու նախարարները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։
 
Այնինչ, Միքայել Հարությունյանը 1994-2007 թվականներին եղել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 1995-ի մայիսին, 2000-ի մայիսին, 2007-ից 2008-ը եղել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար:
 
 
Բացի այս՝ Հարությունյանը չէր կարող ունենալ նաեւ երկքաղաքացիություն, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում երկքաղաքացիության ինստիտուտը ներդրվել է 2008 թվականի ապրիլին՝ Սահմանադրական փոփոխություններից հետո, երբ փոփոխություններ ընդունվեցին նաեւ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում:
 
Փաստաբան Նորայր Նորիկյանը հաստատում է այն միտքը, որ խախտվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Ավելին՝ փաստաբանը նշում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի կողմից ՀՀ քաղաքացի լինելուց բացի այլ քաղաքացիություն ձեռք բերելու պայմաններում նա անհապաղ պետք է ազատվեր աշխատանքից. «Հետեւաբար իրավասու մարմինները այս պահին պետք է հասկանան, թե ինչու չեն կատարվել ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրության պահանջները: Ինչպե՞ս է Միքայել Հարությունյանը, հանդիսանալով պաշտպանության նախարարի պաշտոնակատար, ձեռք բերել օտար երկրի քաղաքացիություն»,-հավելում է Նորիկյանը: Վերջինս նշում է, որ պետք է առանձին ուսումնասիրություն կատարվի, թե Հարությունյանը երբվանից է հանդիսացել ՀՀ քաղաքացի, այնուհետեւ հասկանալ, թե Հարությունյանը երբ է նախաձեռնել գործընթաց՝ ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու եւ այդ գործընթացն ինչ խողովակների միջոցով իրականացվել.
 
«Պետք է պարզել՝ այդ ժամանակվա վարչապետը, նախագահը չե՞ն իմացել Հարությունյանի՝ ՌԴ անձնագիր ձեռք բերելու մասին, եթե իմացել են, ապա ինչու չեն ազատել զբաղեցրած պաշտոնից: Եւ դա ավելի մեծ խայտառակություն կլինի: Ստացվում է՝ այլ երկրի քաղաքացիություն ունեցող անձը ղեկավարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը»,-մեր զրույցում ասաց փաստաբանը:
 
«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ այս տվյալները նոր քրեական գործի հիմք հանդիսանան, Նորայր Նորիկյանն ասաց.
 
«Ես, իհարկե, չեմ բացառում: Բայց հավելյալ տեղեկատվություն ու ուսումնասիրություն է հարկավոր: Պետք է հասկանալ՝ ինչ արարք է կատարվել, եւ ովքեր են միջնորդել: Ես չեմ բացառում նաեւ, որ հետին թվով է Հարությունյանին շնորհվել ՌԴ քաղաքացիություն: Հստակ գնահատական տալու համար էլի մանրամասներ են պետք: Բայց անկախ ամեն ինչից, այստեղ միանշանակ կա օրենքի խախտում. Միքայել Հարությունյանը չէր կարող զբաղեցնել ԶՈՒ ԳՇ պետի կամ պաշտպանության նախարարի պաշտոնները՝ միաժամանակ լինելով այլ երկրի քաղաքացի»,-մեր զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը: