Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ։
 
 
Իր ղեկավարած կառույցում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը խոսում էր դեռևս նշանակման օրվանից: Ըստ նրա՝ նախարարության հայտարարած մրցույթներում տենդերները, որպես կանոն, շահել են նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի հետ կապված ընկերությունները: Միևնույն ժամանակ, նախարարը հայտնել էր, որ խոսքը միայն նախարարի մասին չէ, իսկ դրանից հետևում է, որ եթե այդ կոռուպցիոն սխեմայի կծիկը քանդվի՝ այլ խոշոր ֆիգուրանտներ ևս լինելու են:
 
 
Իրականում, անչափ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել՝ հատկապես նախարարություններում կոռուպցիոն բացահայտումների մասով: Իհարկե, ՊՆ-ում, հիմա էլ արդեն Սփյուռքի նախարարությունում հարուցված գործերը վստահություն են ներշնչում, որ նոր իշխանությունները վճռականորեն են տրամադրված պետական համակարգից կոռուպցիան արմատախիլ անելու հարցում: Սակայն մենք նաև հիշում ենք, թե ինչպես էին թավշյա հեղափոխությունից հետո նոր նախարարները մեկը մյուսին հերթը չզեջելով հայտարարում՝ իրենց նախորդներից բաժին հասած աղետալի չափերի հասնող խախտումների, կոռուպցիոն սխեմաների մասին: Եվ հիմա հարց է առաջանում՝ եթե առկա են նման հիմքեր, ինչո՞ւ մինչ օրս որևէ նախկին նախարարի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել: Նույն Սփյուռքի և Պաշտպանության նախարարություններում բացահայտված կոռուպցիոն սխեմաները միայն միջին օղակի պաշտոնյաների ձեռքի գո՞րծն էին, թե՞, այնուամենայնիվ, կոռուպցիայի կուռացիան արվել է ամենաբարձր մակարդակում՝ ինչը, համաձայնեք՝ ավելի մոտ է իրականությանը, քան այն միտքը, որ պետական թալանի մեջ մեղավոր են միայն վարչության պետերը և ՊՌԱԿ-ների տնօրենները: Մեկ այլ օրինակ՝ նախկինում գրեթե օր չէր լինում, որ մամուլը չանդրադառնար սոցապ նախարարությունում առկա կոռուպցիոն դրսևորումներին: Սակայն  սոցիալական ապահովության վարչության մեկ-երկու պետերին «թափ տալուց» բացի, որևէ այլ քայլեր չեն կատարվել: Հետաքրքիր է, իսկ որտե՞ղ է Արտեմ Ասատրյանը...
 
 
Գուցե մեր նորանշանակ նախարարների կողմից արված նման բարձրագոչ հայտարարություններն ընդամենը հեղափոխական էյֆորիայի ֆոնին արված պոպուլիստական հայտարարություննե՞ր էին…
 
Աղբյուրը՝ lurer.com