ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում պատասխանել է ներքին և արտաքին քաղաքականության,
Հայաստանում տիրող իրավիճակի, իր դեմ հարուցված քրեական գործի մասին հանրությանը հետաքրքրող հարցերին։
 
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ զրուցել է Հովհաննես Շողիկյանը։
– Դուք հայտարարել եք քաղաքականություն վերադառնալու մասին՝ պայմանավորելով այլընտրանքային տեսակետի (դիրքորոշման) անհրաժեշտությամբ:
Ո՞ւմ եք համարում այլընտրանքային դիրքորոշման կրող, և ո՞վ է ձեր քաղաքական հենարանը՝ հաշվի առնելով ներկա իրողություններն ու հասարակության տրամադրվածությունը:
– Նրանք, ովքեր չեն կիսում այն ամենը, ինչ անում է այսօրվա իշխանությունը։
Եվ եթե խոսում ենք հենարանի մասին, ապա առաջին հերթին իբրև հենարան ես տեսնում եմ այն մարդկանց, որոնք հիշում են իմ պաշտոնավարման տարիներն ու գնահատում են այդ տարիների հաջողությունները, հատկապես` տնտեսական և արտաքին քաղաքականության ոլորտում։
Գիտեք` երկիրն էապես փոխվել էր 10 տարվա ընթացքում` 1998-2008թթ.-ին։
Տվյալ դեպքում ես միգուցե ավելի շատ կանգ առնեմ այդ հենարանի վրա։
Այսպես ասենք` ես այն մարդկանցից չեմ, որոնք կարողանում են հաճոյախոսել ժողովրդի առջև, և ես չեմ կարծում, որ դա է երկիրն առաջ շարժելու տարբերակը։
Բայց ես այն մարդն եմ, որը գիտի, թե ինչ է անում, որը կարողանում է կառավարել, կարողանում է նպատակ դնել երկրի, կառավարության, այլ պետական մարմինների առջև և հասնել հաջողությունների։
Պետք է հասկանանք, թե ինչ է անհրաժեշտ մեր ժողովրդին կամ ժողովրդի տարբեր հատվածներին` պոպուլիզմ, հուզումներ, մարդիկ, որոնք շատ զգացմունքային ճառեր կարող են ունենալ,
կարող են ասել`ժողովուրդ ջան, ես ձեզ սիրում եմ և այլն, թե մարդիկ, որոնք, իրենց տեսակից ելնելով, այդքանը չեն կարողանում անել, բայց կարողանում են ստեղծել տարեկան 30-40 հազար աշխատատեղ, կարողանում են ներդրումներ բերել Հայաստան,
կարողանում են կայունություն ապահովել Հայաստանում և, իհարկե, անվտանգության հարցերը լուծում են պրոֆեսիոնալ ձևով, հիմնովին և երկարատև։
Ուրեմն իմ հենարանն այն մարդիկ են, որոնց պետք են շատ կոնկրետ հաջողություններ Հայաստանի Հանրապետությունում, որ իրենց կյանքը և կյանքի որակը բարելավվի էապես, իսկ սա ավելի խորը հասկացություն է, քան զուտ աշխատավարձը և այլն։
– Դիտարկո՞ւմ եք ձեր մասնակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին և ի՞նչ ձևաչափով...
– Եթե ես հայտարարել եմ, որ վերադարձել եմ քաղաքականություն, ապա բնականաբար պետք է ենթադրել, որ մասնակցելու եմ այդ ընտրություններին։ 
Դեռևս վաղ է խոսել ձևաչափի մասին։ Դեռ երկար ժամանակ կա, և բավական դինամիկ փոփոխվում և փոփոխվելու է իրավիճակը։ Ես կցանկանայի հիմա բաց թողնել հնարավոր ձևաչափերի հարցը։v