Lurer.com-ը գրում է.  
 
 
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Սպուտնիկ Արմենիա»-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է քաղաքականություն իր վերադարձին, ինչպես նաև այն պատճառներին՝ որոնք փաստացի այդ վերադարձի մոտիվացիան են հանդիսանում:
 
 
 Քոչարյանը հայտարարել է, որ հավակնում է դառնալ ընդդիմադիր բևեռ և մասնակցել գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Գլխավոր հարցը՝ թե որ քաղաքական ուժերը կմիավորվեն այդ բևեռի շուրջ՝ Քոչարյանը բաց է թողել, սակայն ակնհայտ է, որ այս պահին Երկրորդ նախագահը չունի վառ արտահայտված քաղաքական հենարան: ՀՅԴ-ն պարբերաբար վերախմբագրում է Քոչարյանի վերաբերյալ հնչեցրած իր գնահատականները: Օրերս Արմեն Ռուստամյանը նշել էր՝ Քոչարյանին սատարում են, սակայն ոչ անվերապահ, ինչը ամբողջությամբ տեղավորվում է «դեմ ըլլալով կողմ ըլլալու»՝ ՀՅԴ տրամաբանության մեջ: Քոչարյանի վերջին հարցազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանի հասցեին հնչեցրած մեղադրանքներից հետո ՀՀԿ-ի անվերապահ աջակցությունը ստանալը ևս բարդ խնդիր է: ԲՀԿ-ն մինչ օրս ընդհանրապես որևէ դիրքորոշում չի հայտնել, չնայած, ինչպես իրավացիորեն նշեց Երկրորդ նախագահը՝ ժամանակ դեռ շատ կա, և իրավիճակն անչափ դինամիկ է փոփոխվում:
 
 
Այս պահին ժամանակն իրոք աշխատում է Քոչարյանի օգտին: Միևնույն ժամանակ, խաղում է նաև Քոչարյանը՝ թիրախավորելով Փաշինյանի կառավարության՝ այս պահի՝ գուցե գլխավոր թերացումը՝ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը: Շատերի կարծիքով, ֆիքսվելով այս հարցի վրա, Երկրորդ նախագահը ցանկանում է ստանալ Կրեմլի աջակցությունը: Իրականումՙ Քոչարյանը նման խնդիր չունի՝ Կրեմլի աջակցությունը գուցե միակ անվերապահ աջակցությունն է, որն այս պահին վայելում է Քոչարյանը: Երկրորդ նախագահին ՌԴ նախագահ Պուտինի հետ կապում են ոչ միայն վաղեմի գործընկերային, այլև ջերմ բարեկամական հարաբերությունները: Եվ բնական է, որ այսօր հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին ՌԴ-ն ցանկանալու է կանխել այդ գործընթացը՝ հենց Քոչարյանի միջոցով:
 
 
Իրականում, դաշնակիցների միջև հարաբերությունների լարումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի համար: Այս ամիսներին արդեն իսկ ականատես եղանք Լարսում որոշակի դրսևորումների, որոնք բարեկամական չես անվանի և որոնք ակհայտ մեսիջ էին Հայաստանի նոր իշխանություններին: ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի շուրջ կրքերը դեռևս չեն հանդարտվում, և ռուսական էլիտան բացահայտ կերպով Փաշինյանի կաբինետին մեղադրում է ՀԱՊԿ իմիջին անդառնալի վնաս հասցնելու մեջ: Բացի այդ՝ ամենայն հավանականությամբ, նոյեմբերից կվերանայվի նաև Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը՝ ինչն էլ իր հերթին կարող է ազդել ներքաղաքական զարգացումների վրա: Նաև չպետք է մոռանալ, որ Հայաստանը թևակոխելու է նախընտրական փուլ, որտեղ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման և առաջացած հետևանքների խաղաքարտը դառնալու է այսպես կոչված ընդդիմադիր բևեռի «ջոկերը»:
 
  
Ռուսաստանը խաղի մեջ է վերադարձնում Քոչարյանին, հակազդելու Հայաստանի նոր իշխանությունների՝ վասալային հարաբերությունները տրանսֆորմացնելու ցանկությանը: Որքանո՞վ դա կստացվի՝ ցույց կտա ժամանակը…