Ռոբերտ Քոչարյանը շարունակում է հարցազրույցներ տալ ռուսական լրատվամիջոցներին՝ ուղերձներ հղելով առաջին հերթին ոչ թե մեր հասարակությանը, այլ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը։ Իհարկե, շատ հնարավոր է, որ հենց Մոսկվան է որոշակի ինֆորմացիոն ռեսուրս ապահովում Քոչարյանի համար՝ նրա հետ կապված քաղաքական մտադրություններ կամ նախագծեր ունենալու պատճառով։ Համենայնդեպս, այսօր տեղի ունեցած մի շարք իրադարձություններ հենց դա են հուշում։
 
Եթե վերադարձել եմ քաղաքականություն, ապա ենթադրելի է, որ կմասնակցեմ առաջիկա խորհրդարանական ընտրություններին. այսօր «Sputnik Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, թե վաղ է խոսել ձևաչափի մասին, դեռ բավական ժամանակ կա, դինամիկ փոփոխվում է իրավիճակը և փոփոխվելու է։
 
 
Ի դեպ, դինամիկ փոփոխությունների մասին Ռոբերտ Քոչարյանն այսօրվա հարցազրույցում մի քանի անգամ է խոսել, այդ թվում՝ պատասխանելով հարցին, թե դիտարկո՞ւմ է հնարավորությունը, որ քաղաքական ուժերը կբևեռացվեն իր շուրջը, և օրինակ՝ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն կաջակցեն իրեն իր քաղաքական պայքարում։ «Դիտարկում եմ, որ կարող եմ դառնալ ընդդիմադիր բևեռի կենտրոն կամ կենտրոններից մեկը, և ակնկալում եմ, որ այդպես է լինելու, ինչ վերաբերում է այլ կուսակցությունների դիրքորոշմանը, ապա հարցրե՛ք այդ կուսակցություններին: Վիճակն այնպիսի դինամիկ փոփոխություններ է ունենալու, որ ամեն ինչ հնարավոր է, բայց կրկնում եմ՝ իրենց տեղը ես չեմ կարող նման բան ասել»,- ասել է երկրորդ նախագահը։
Իհարկե, բաց է մնում այն հարցը, թե Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ է հասկանում «դինամիկ փոփոխություններ» ասելով։ Արդյո՞ք նա կարծում է, որ իր քաղաքական ակտիվությունն է հանգեցնելու դինամիկ փոփոխությունների, թե՞ Քոչարյանը հաշվարկ է կատարում այլ իրադարձությունների ու գործոնների վրա կամ տիրապետում է որոշակի տեղեկատվության, որն առայժմ հասու չէ մեզ։ Ի՞նչ է դինամիկ փոխոխությունը՝ Քոչարյանի պատկերացմամբ. դա այն է, որ մինչ խորհրդարանական ենթադրյալ արտահերթ ընտրություններն էապես կփոխվի նրա շուրջ ստեղծված համատե՞քստը, թե՞ երկրում կձևավորվի այնպիսի վիճակ, որը Քոչարյանին թույլ կտա հաջողությունների հասնել առանց արտահերթ ընտրությունների, ասենք՝ գործող խորհրդարանի միջոցով։ Դժվար է այս հարցերին միանշանակ պատասխաններ տալ, սակայն շատ ավելի հավանական է, որ Քոչարյանը առայժմ ընդամենը մեծացնում է ինտրիգը՝ իր անձի շուրջը որոշակի խորհրդավորություն ստեղծելով։
 
Մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է իր կերպարը կառուցել, այսպես կոչված, ռուսական գծի մեջ։
 
Ինձ համար անհասկանալի է, թե ինչու պետք է Հայաստանն այդ մակարդակով մասնակցեր հուլիսին Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, երբ ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի հարաբերությունները զրոյական վիճակում են: Միայն սելֆիների համար ՆԱՏՕ-ի միջանցքներում մասնակցել և դրանով հարցեր առաջացնել մեր գործընկերների մոտ՝ չեմ կարծում, որ սա հեռատեսական է՝ նույն հարցազրույցում ասել է Քոչարյանը։
 
Ակնհայտ է, որ երկրորդ նախագահը իր քաղաքական առանցքը կառուցում է, այսպես կոչված, «ռուսական» կուսակցության քաղաքական պլատֆորմով։ Ի դեպ, երկրորդ նախագահը դիմում է իր կարգավիճակին անհարիր, ամոթալի մի հնարքի՝ ըստ էության, այսպես ասած, «գործ տալով» գործող իշխանության, Նիկոլ Փաշինյանի թիմի վրա։ Նա ասել է, որ այսօրվա իշխանությունները երկար տարիներ հանդես են եկել Ռուսաստանի դեմ, հանդես են եկել այն ծրագրերում, որոնք Ռուսաստանի շահերի հետ որևէ առնչություն չեն ունեցել տարածաշրջանում. «Դժվար է պատկերացնել, որ մեկ օրում այս ամենը կարելի է փոխել: Հանդես էին գալիս ռուսական ռազմաբազան այստեղից հանելու մասին, Մաքսային միության դեմ հայտարարություններով և այլն: Խնդիրը սրա մեջ է, կրկնում եմ՝ լավ է, որ փորձում են հասցրած վնասը շտկել, թե ինչ հաջողությամբ դա կիրականացվի՝ ցույց կտա ժամանակը: Եվ ամբողջ թիմը, այսպես ասենք, այնպիսի թիմ է, որում գրեթե մարդ չկա, ով իր անցյալում չլիներ այլ աշխարհաքաղաքական մոտեցումների կրող, բոլորն ավելի շատ արևմտյան, ՆԱՏՕ-ական, գրանտներից օգտված մարդիկ են»:
 
Իհարկե, այստեղ էլ առաջանում են այլ՝ լրացուցիչ հարցեր։ Արդյո՞ք Քոչարյանն է, այսպես ասած, տրվում ռուսական շահերին՝ Մոսկվային առաջարկելով իր ծառայությունները ու «տղա բերելով դրսից», թե՞ Մոսկվան է իր ծրագրերում ներառել Քոչարյանին՝ փորձելով «խմբագրել» հայկական հեղափոխության արդյունքները։ Սրանք հարցեր են, որոնք միանշանակ պատասխաններ չունեն՝ գոնե առայժմ։
 
Սակայն այսօր տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք հուշում են, որ Մոսկվան տոտալ գրոհ է սկսել Հայաստանի իշխանությունների դեմ՝ առնվազն օգտագործելով Քոչարյանին, եթե անգամ երկրորդ նախագահը չկա ռուսական կողմի հեռանկարային ծրագրերում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում ջերմորեն շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան 64-ամյակի առթիվ. այս հաղորդագրությունը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում:
 
Ռուսաստանը կմերժի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին Հայաստանին արտահանձնելու հարցում, քանի որ նա ՌԴ քաղաքացիություն ունի. այս մասին էլ տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին: «ՌԴ իրավապահ մարմինները Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու մասին հարցում են ստացել, և այժմ այն գտնվում է քննարկման փուլում»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ մանրամասնելով, որ արտահանձնումը կմերժվի, քանի որ Հարությունյանը 2002 թվականից ռուսական անձնագիր ունի:
 
Աղբյուրը չի բացահայտել ՌԴ և ՀՀ իրավապահ մարմինների նամակագրության մանրամասները՝ նշելով միայն, որ հարցումը ստացվել է Ռուսաստանում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի գծով։
 
Այսպիսով՝ Ռուսաստանը բացահայտորեն միջամտում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ խոչընդոտելով Մարտի 1-ի բացահայտմանը և, ըստ էության, հակահեղափոխության ռևանշ հրահրելով՝ Ռոբերտ Քոչարյանի դեմքով։
 
Սակայն շատ ավելի տխուր վիճակում է հայտնվում Հայաստանը։ Ստացվում է՝ մենք ունենք իշխանություն, որն ամեն առիթով Մոսկվային հավաստիացնում է, որ արտաքին քաղաքականության վեկտորը չի փոխվելու, և երկրորդ առանցք, որի ղեկավարը հանդես է գալիս «ռուսական» կուսակցության դիրքերից։ Ներքաղաքական այսպիսի ստատուս քվոն իրավամբ ռիսկային է Հայաստանի անվտանգության ու նրա հեռանկարի համար։
 
Հեղինակ՝ Սարգիս Արծրունի