ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:
 
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, ինչպես նաեւ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն բարեկամ երկու պետությունների միջեւ մի շարք ոլորտներում փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր:
 
Նախագահ Սարգսյանը կայցելի նաեւ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն եւ Սուրբ Գեւորգ եկեղեցի, որտեղ հանդիպում կունենա հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակներում Նախագահը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին եւ հարգանքի տուրք կմատուցի: