«Ինտերֆաքս» գործակալությունը նախօրեին տեղեկություն է տարածել՝ հղում անելով ՌԴ դիվանագիտական աղբյուրին, որ Մոսկվան չի արտահանձնելու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, որն անցնում է Մարտի 1-ի գործով, մեղադրյալ է և հետախուզման մեջ է Ինտերպոլով: Ըստ լուրի՝ Մոսկվան ստացել է Հայաստանի իրավապահների հարցումը, սակայն չի արտահանձնի, քանի որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է: Ինչպես հայտնի է, ՌԴ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ ՌԴ-ն չի արտահանձնում իր քաղաքացուն որևէ երկրի:
 
Այս տեղեկատվության մեջ ուշագրավ և կարևոր հանգամանքները մի քանիսն են: Նախ՝ Մոսկվան, ըստ էության, պահում է ոչ միայն Միքայել Հարությունյանին, այլ փաստորեն, նաև Մարտի 1-ի գործի բացահայտման հեռանկարը, այսինքն՝ խանգարում է դրան: Դա նշանակում է պատասխանատվություն ստանձնել այդ գործի համար: Ըստ այդմ՝ այստեղ հարց է, թե արդյո՞ք Ռուսաստանը կհամաձայնի, որ թեկուզ իր տարածքում, բայց Հայաստանի իրավապահները քննչական գործողություն իրականացնեն Միքայել Հարությունյանի նկատմամբ: Մյուս կողմից՝ օգոստոսի 17-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ, իր կարծիքով, Մարտի 1-ի գործն, ըստ էության, բացահայտված է: Միևնույն ժամանակ, ՀՔԾ պետը օրերս հայտարարեց, որ 0038 հրամանից բացի, կան այլ փաստաթղթեր:
 
Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ գործի, այսպես ասած, առանցքը մոտ ապագայում կտեղափոխվի այլ պաշտոնյայի վրա, որը ՌԴ քաղաքացի չէ և չի կարող պատսպարվել այնտեղ: ՀՔԾ պետը հայտարարել է, որ միացվել են տասը անձի սպանության գործը և սահմանադրական կարգի տապալման գործը: Դա տեղի է ունեցել նոր փաստաթղթերի հայտնաբերման կամ ձեռքբեռնման արդյունքո՞ւմ, թե՞ նոր փաստաթղթերն են ի հայտ եկել երկու գործի միավորման և ըստ այդմ՝ աշխատանքի արդյունքում:
 
 
Իր հերթին, Միքայել Հարությունյանը, փաստորեն, դառնում է մի նոր «Պերմյակով» կամ կարող է դառնալ այդպիսին, բարեբախտաբար՝ ոչ այն ողբերգական, դաժան հանցագործության առումով, այլ արտահանձնման հայ-ռուսական թեմայի, ինչը առաջացրել էր երկու երկրների հարաբերության բավականին լուրջ առնվազն նախաճգնաժամային իրավիճակ: Կդառնա՞ այդպիսին Միքայել Հարությունյանի արտահանձնման հարցը, որը, խոշոր հաշվով, դարձյալ վերաբերում է սպանությունների, թեկուզ անուղղակի իմաստով: Խոսքն, իհարկե, Մարտի 1-ի զոհերի մասին է:
 
Կլարվի՞ հայ-ռուսական հարաբերությունը, կամ ավելի շուտ, իհարկե, Ռուսաստանի հանդեպ Հայաստանի հանրության վերաբերմունքը, ինչպես Պերմյակովի դեպքում, երբ Ռուսաստանը այդպես էլ հայկական կողմին չտվեց ոճրագործին: Կրկնենք, ամենևին համեմատելի չեն մեկի ոճրագործությունն ու մյուսին ներկայացված առայժմ մեղադրանքը՝ անմեղության կանխավարկածով հանդերձ, բայց այդուամենայնիվ, զուտ արտահանձման հիմքում պատմությունը ունի կրկնվելու հավանականություն:
 
Լուսանկարը՝ Photolure-ի
 
Հեղինակ՝ Արամ Ամատունի
 
Աղբյուրը՝ 1in.am