Անցած օրերը դրամատիկ էին նաև Մարտի 1-ի գործի հեռանկարի տեսանկյունից։ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռախոսազանգ կատարեց Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձի առթիվ, դրան զուգահեռ Մոսկվան իր թևերի տակ առավ Մարտի 1-ի գործով մեկ այլ մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին՝ հայտարարելով, թե չի պատրաստվում արտահանձնել նրան։ Թվում է՝ Մոսկվայի դեմքով հայտնվել է արտաքին շահառու, որն անում է ամեն ինչ՝ Մարտի 1-ի ոճրագործության բացահայտումը կանխելու, նման հեռանկարը չեղարկելու համար։
 
Այս ամենն ավելի առարկայական դարձավ երեկ, երբ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը տեղեկատվություն տարածեց, որ երկրորդ նախագահը պատրաստվում է մի քանի օրով լքել Հայաստանը։ Հասարակության մոտ կասկածներ են առաջացել, որ Քոչարյանը ճողոպրում է Հայաստանից՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից, այնքան մոտ թվացող արդարադատությունից։
 
Իրականում՝ Քոչարյանը փախուստի ճանապարհ չունի․ Մարտի 1-ի գործում այնքան շատ են նրա մեղսակցությունը հաստատող իրեղեն ապացույցները, որ շատ շուտով Քոչարյանը չի հիշվելու քաղաքական կյանքում՝ հայտնվելով քրեական քրոնիկոնի հերոսի դերում։ Չնայած Մոսկվայի պրովակացիոն վարքագծին՝ ամենևին փաստ չէ, որ Ռուսաստանի իշխանությունները հետևողականորեն աջակցելու են Ռոբերտ Քոչարյանին։ Նախ՝ համաշխարհային արդի իրողությունների պայմաններում Վլադիմիր Պուտինի աջակցությունը գերագնահատել չի կարելի, մյուս կողմից՝ Մոսկվան, ըստ ամենայնի, ցուցադրական դեմարշ է անում Հայաստանի նոր ղեկավարության դեմ ու բնավ բացառված չէ, որ հայ-ռուսական հարաբերություններում առաջացած ճգնաժամը հաղթահարելուց հետո Ռոբերտ Քոչարյանը թողնվի բախտի քմահաճույքին՝ ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Մոսկվան վարվել է տարբեր երկրներում իր բռնապետ դաշնակիցների հետ, երբ հարկադրված է եղել համաձայնությունների գնալ Արևմուտքի հետ։
 
Երբ մի պատուհան փակվում է, մյուսն, անշուշտ, բացվում է․ Մարտի 1-ի հանցագործությունն այնքան բազմաշերտ ու մասշտաբային է, որ դրա բացահայտումից հնարավոր չէ խուսափել, եթե նույնիսկ Քոչարյանը դիմի փախուստի։ Դա նման է փախուստ իրականությունից, որը, վաղ թե ուշ, երկրորդ նախագահին կանգնեցնելու է ավելի տխուր փաստի առաջ՝ ավելի անփառունակ ու նվաստացուցիչ դարձնելով նրա անխուսափելի կապիտուլիացիան, քաղաքական ու բարոյական ֆիասկոն։
 
«Երեկ, ուշ երեկոյան ՄԻԵԴ քարտուղարությունը ծանուցեց, որ «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը/որոշումը հրապարակվելու է այս ամսվա 20-ին: Նույն ժամանակ նաև Մուշեղ Շուշանյանն է ծանուցվել «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործով վճռի/որոշման նույն օրը հրապարակման մասին: Սրանք մարտիմեկյան առաջին գործերն են, որ ՄԻԵԴ-ն ավարտել է և ավարտական դատական ակտ է հրապարակելու», -երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահե Գրիգորյանը:
 
Սա իսկապես շրջադարձային դրվագ է Մարտի 1-ի գործով, որովհետև միջազգային իրավունքի ուժով, իրավա-քաղաքական գնահատական է տրվելու Ռոբերտ Քոչարյանի արյունոտ վարչախմբին՝ էապես սահմանափակելով նրա պաշտպանական ռեսուրսները, քրեական գործը քաղաքականացնելու երկրորդ նախագահի ձգտումը։
 
Ռոբերտ Քոչարյանի շուրջ օղակը սեղմվում է, որովհետև նրա իշխանության հանցագործությունների մասին բարձրաձայնում է ոչ միայն հայկական իրավապահ համակարգը, որի գործողությունները Քոչարյանը համարում է քաղաքական վենդետայի դրսևորում, այլ նաև՝ Եվրոպական դատարանը, որի վճիռները նախադեպային են և համապատասխան միջազգային իրավական համատեքստ կապահովեն Մարտի 1-ի գործում։ Կարծում ենք՝ սեպտեմբերի 20-ից հետո Քոչարյանը ՄԻԵԴ-ին չի մեղադրի քաղաքական վենդետայի մեջ կամ կայացված վճիռները չի համար իրավական աղբ։
 
Անդրադառնալով ՄԻԵԴ սեպտեմբերի 20-ին որոշումներին՝ Վահե Գրիգորյանը գրում է․ «․․․Հավատում եմ, որ այն լինելու է հենց այն, ինչին միշտ էլ հավատացել ենք, գնացել ենք հաղթահարելով մեր կամքը մաշեցնող կասկածները (միգուցե չկարողանանք և ավելի ամրապնդենք մարդկանց հուսահատությունը): Այս և նման գործերը հատ առ հատ վերաբացվելու են, վերաքննվելու են, ապօրինի դատապարտվածների իրավունքները վերականգնվելու են, սպանությունները մանրամասն քննության են ենթարկվելու, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի պատմությունները ջրի երես են հանվելու, քաղաքական նկատառումներով տարիների ընթացքում մարդկանց մասնագիտական կործանված կարիերաները վերականգնվելու են …
 
Մարտի 1-ի գործով «Ճշմարտության համապարփակ զեկույցը» լինելու է …
 
Անցումային արդարադատությունը լինելու է եւ այդ գործընթացի մեկնարկն արդեն տրված է: Դրա իրավական բաղադրիչը սկսվելու է 2018թ.-ի սեպտեմբերի 20-ից …»:
 
Սա այն դեպքն է, երբ փաստաբանի համառոտ տեքստում պատկերավոր նկարագրված են Հայաստանի ողջ հասարակության սպասումներն ու վճռականությունը։
 
Հեղինակ՝ Սարգիս Արծրունի