Պաշտոնաթող լինելուց ի վեր և անմիջապես հաճախ սկսեցին տարածվել լուրեր, թե այս կամ այն մասնավոր հիմնարկի բաժնետոմսերն ամբողջությամբ կամ նրանց մի մասը պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքին: Հատկապես 2010 թվականին ռուսական versia.ru կայքը հրապարակեց 3 տասնյակ բիզնեսների վերաբերյալ տեղեկություն, որը արագ և լայնորեն տարածվեց: Թեև եղան հերքումներ՝ երկրորդ նախագահի գրասենյակի կողմից, սակայն միևնույն է՝ մեզանում հերքումները սովորաբար մարդկանց գիտակցությանը դժվար են հասնում, քան ասեկոսեները: «2-3 անգամ հերքելուց հետո ուղղակի սկսել եմ ուշադրություն չդարձնել, որովհետև տեսնում ես, որ անիմաստ է: Աբսուրդի հավատող մարդուն դժվար է ինչ-որ բանի մեջ համոզել»,- ասում է ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը:
 
Եվ սովորաբար, մարդկանց դժվար է հակառակում համոզվել այն բանին, ինչին հավատացել են տևական ժամանակ:
 
 
Իսկ հալած յուղի պես ընդունված այդ լուրերում նշվում էր 90 տոկոս «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում, 50 տոկոս «Արդշինինբանկ»-ում, նույնքան՝ ՄԱՊ ընկերությունում, «Նաիրի» բժշկական կենտրոնում, «SAS սուպերմարկետների ցանց»-ում, «Հ2» հեռուստաընկերությունում, «Նոյ» կոնյակի-գինու գործարանում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, «Հայփոստ» ընկերությունում, ՎիվաՍելում, Ղարաբաղ Տլեկոմում և այլն:
 
Կարճ ասած՝ այն բոլոր ձեռնարկությունները, որոնք բացվել են Ռոբերտ Քոչարյանի ժամանակ կամ վերագործարկվել կամ աշխատել մեծ շահույթով, Քոչարյանը մասնաբաժին ունի, իսկ այն ձեռնարկությունները, որոնց բացման կարմիր լենտը կտրել է անձամբ, իրենն են 100 տոկոսով:
 
 
Քոչարյանն ասում է. «Այն, ինչ-որ իմ ժամանակ ստեղծվել է կամ սեփականաշնորհվել կամ ինչ-որ դրսի ներդրողներն են եկել մի պրոյեկտի մեջ, բոլոր այդ պրոյեկտները կապում են իմ հետ, կապում են գիտե՞ք ինչի համար, կապողը չի պատկերացնում, որ կարող է, օրինակ՝ Քաջարանի պղնձամոլիպդենային կոմբինատը սեփականաշնորհվել և փայ չմտնել: Չի պատկերացնում»:
 
Այդ բոլոր ընկերությունների ընդհանուր բաժնետոմսերի արժեքը գումարել էին և ստացել 4 մլրդ դոլար կարողություն, որը հետագայում ասեկոսեների տրամաբանությամբ բազմապատկվել էր: Ընդ որում, Նիգերիայում ադամանդի հանքերի, Ռուսաստանում առևտրի կենտրոնների և այլնի մասին խոսելով հանդերձ, մոռացել էին դրանց բաժնետոմսերն էլ հաշվել՝ հավանաբար կոնկրետ չիմանալով, թե որ հանքերն են ու որ առևտրի կենտրոնները:
 
Վերջին հետհեղափոխական իրադարձություններն առիթ դարձան որ հասարակությունում սկսեն նորից խոսել այդ առիթով, ոմանք շահարկում էին, լրատվամիջոցներն էլ, առիթը բաց չթողնելով, այդ հարցը տվեցին ուղիղ Քոչարյանին, իր գրասենյակի ղեկավարին: Այդ ամենի արդյունքում մի քանի լրատվամիջոց, չբավարարվելով միակողմանի հերքումներով, հարցումներ և այլ հետաքննական նախաձեռնություններով հանդես եկան: Հրապարակային հերքումներ տարածվեցին նաև այդ նույն կազմակերպությունների կողմից: Ընդամենը 10 օր պահանջվեց՝ լույս սփռելու համար Քոչարյանների ընտանիքի աստղաբաշխական ունեցվածքի մասին 10 տարուց ավելի շրջանառվող ասեկոսեների վրա:
 
 
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան երկու տասնյակ ընկերություններ, ավելի ճիշտ՝ հենց հիշյալ կայքում գրված ընկերություններից գրեթե բոլորը հերքեցին Ռոբերտ Քոչարյանի, նրա ընտանիքի անդամների և նրանց փոխկապակցված անձանց հետ՝ երբևէ ունեցած կապը: Ընդ որում, նրանց մի մասը պարզապես հերքում էր, մի մասն էլ անգամ նեղանում, որ իրենց քրտնաջան աշխատանքով քար-քարի վրա դրածը վերագրում են ուրիշին:
 
Հերքող հայտարարություններով հանդես եկան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, «Ղարաբաղ Տելեկոմ»-ը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, «Նաիրի» բժշկական կենտրոնը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ը, «Ռոբերտո» կոշիկների ցանցը, «Արարատցեմենտ»-ը, «Գոլդեն Փելիս» և «Էրեբունի» հյուրանոցները, «Հայբիզնեսբանկ», «Յունիբանկ»,  «Կոնվերս բանկ», «Արդշինբանկ» բանկերը, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը, Հայկական երկրորդ հեռուստաալիքը, Emporio Armani ապրանքանշանը, «Ռենկո» ընկերությունը և այլն:
 
Ինչո՞ւ էին այս հիմնարկները կապում Ռոբերտ Քոչարյանի անվան հետ: Մենք կարող ենք ենթադրել հետևյալը. Ռոբերտ Քոչարյանը, որքան էլ չուզենան իր ընդիմախոսները, կառավարման ղեկը հանձնեց երկնիշ տնտեսական աճով, արտաքին պարտքի նվազ բեռով, աղքատության նվազման հստակ քայլերով, որն իջել էր մինչև 26 տոկոսի: Հենց հաջորդ տարի աղքատությունը հասավ 35 տոկոսի, արտաքին պարտքը գրեթե կրկնապատկվեց, տնտեսական աճն էլ փոխվեց անկման: Երևի թե Քոչարյանին իրենց հակառակորդ համարողների համար հեշտ էր նրան վարկաբեկելը՝ ցույց տալով, իբր 35 տոկոս աղքատություն ունեցող երկրում կա 4 մլրդ դոլար կարողություն ունեցող մարդ:
 
Ինչո՞ւ էին վարկաբեկում և ո՞վքեր էին կանգնած այդ ամենի հետևում, կարող ենք միայն կռահել: Պատճառները երևի ավելի հասկանալի են այդ տարիների պրիզմայով նայելուց՝ որպեսզի մարդիկ անընդհատ չհիշեն անցած ժամանակները, որոնք ակնհայտորեն շահեկան չէին, դրական լույսերով էին ներկայանում առաջին և երրորդ նախագահի կառավարման ժամանակների համեմատության մեջ, մարդկանց հիշողությունն էլ դեռ թարմ էր:
 
Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ այդ ընկերություններն իրենք չէին հերքում: Կարծում ենք, որ այստեղ գործ ունենք պարզապես բիզնեսն անվտանգ պահելու մտադրության հետ: Ռոբերտ Քոչարյանը 2008-ից հետո ևս համարվել է մեծ ուժ՝ անկախ այն բանից, որ նա չէր մասնակցում քաղաքական գործընթացների, երկրի կառավարմանը ևս և ընդամենը երբեմն տեսակետ էր հայտնում որոշ կարևոր հարցերի շուրջ: Որոշ ձեռնարկությունների հավանաբար ձեռնտու էր իր՝ Քոչարյանի հետ կապելը. Հավանաբար, կարծիք էր ձևավորվել իրենց մոտ, որ այդկերպ իրենց չէին նեղացնի, հարկայինը չէր խեղդի և այլն: Իսկ այժմ, արդեն, ընդհակառակը, կարող են համարել, որ վտանգի տակ են այն բոլոր ընկերությունները, ում անունը կկապվի Ռոբերտ Քոչարյանի, նրա ընտանիքի անդամների, մոտակա և հեռավոր ազգականների հետ: Կարծում ենք՝ այս տրամաբանությունը կարող է լինել...
 
Բայց այսքան ժամանակ որևէ լրատվամիջոց, որևէ քարոզիչ, որ հեշտությամբ հայտարարել է 4 մլրդի մասին՝ որպես սեփական աչքերով տեսած իրողություն, որևէ անգամ դիմե՞լ է, հարցում ուղարկե՞լ է այդ կազմակերպություններին՝ տեսնելու, թե ում են պատկանում: Կամ եթե արել է՝ հրապարակե՞լ է արդյունքը:
Այս հետաքննություն/հարցումներն, այնուամենայնիվ, պարզեցին նաև, թե Քոչարանի ընտանիքին իրականում ինչ ունի: Այդ հրապարակած ցանկից երեքի պրագայում պարզվեց, որ ասեկոսեներ չէին, այլ՝ իրականություն: Սեդրակ Քոչարյանը հանդիսանում է «Գրիտտի» ՍՊ ընկերության բաժնետեր՝ Stefano Ricci ապրանքային նշանով, «Կապուտակ Սևան» հանգստյան տան ընկերության 50 տոկոսի բաժնետեր, «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի՝ 30 տոկոս: Ասում են՝ կան մի քանի այլ ընկերություններ ևս, որոնցում Քոչարյանի ընտանիքի անդամներն ունեն բաժնետոմսեր, սակայն դրանք ռուսական՝ հասարակության մեջ ցնցում առաջացրած կայքում չկային: Ամենահետաքրքիրն էլ նա է, որ և այս ընկերությունները որոնց մասին մենք նշեցինք, և այլ ընկերություններում իրենց մասնակցությունը, պարզվում է, բաց են և հրապարակային: Այսինքն՝ չեն էլ թաքցվել: Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանը, որպես անկախ տնօրեն, 2009-ից աշխատում է ԱՊՀ-ում խոշորագույն «ԱՖԿ Սիստեմա» ընկերությունում և, ինչպես նշում է գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, ստանում է բարձր պարգևավճար: Պարզվում է՝ այս տեղեկությունը նույնպես բաց է եղել և թափանցիկ:
 
Իսկ այս ամենի մասին գործող իշխանությունը, որը մինչ այս լինելով ակտիվ ընդդիմություն՝ տարածում էր անխնա, չգիտի՞, կամ չունե՞ր հնարավորություն ստուգելու: Հստահաբար՝ ուներ: Կամ եթե կան այլ եկամուտներ, որոնք փակ են եղել մինչ այս, այժմ տիրապետում են բոլոր լծակներին, չե՞ն ստուգել: Վստահաբար՝ ստուգել են, ավելին, ամենայն հավանականությամբ, դա արել են իշխանությունը ստանալուց անմիջապես հետո:
 
Որոշ մարմիններ հստակ տիրապետում են, թե ով ինչ է բացել, որ ընկերությունում ինչքան բաժնեմաս ունի, որքան հարկ է տալիս ու որքանը՝ թաքցնում, ուղղակի է կառավարում այդ ընկերությունները, թե՝ միջնորդավորված: Ու շատերն են պնդում, որ եթե Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բիզնես գործունեության վերաբերյալ որևէ հակընդդեմ բան ունենային, ապա ոչ թե կմտորեին Մարտի 1-ի վերաբերյալ նոր բացահայտումներ մոգոնելու մասին, այլ հենց թիրախ կդառնար, ասենք, ապօրինի հարստացումը:
 
Բլեֆները շատ են, ժամանակը՝ նույնպես, և դրանք սովորություն ունեն բացահայտվելու:
 
 
Ահարոն Համբարձումյան