Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները պետք է լինեն արդյունավետ. վարչապետ
 
Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները պետք է լինեն արդյունավետ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Թանկի եւ էժանի առումով ես կարծում եմ, որ մենք խնդիրը պետք է ձեւակերպենք այսպես. գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները պետք է լինեն արդյունավետ՝ ո՛չ թանկ, ո՛չ էժան: Ես կարծում եմ, որ դա կեղծ նպատակադրում է, մենք անընդհատ ինչի մասին խոսում ենք, ասում ենք՝ էժանացնենք, էժանացնենք: Ես տրամաբանությունն ընդունում եմ, բայց մի փոքր առաջարկում եմ այլ տեսանկյունից նայենք: Մենք ունենանք գազի եւ էլեկտրաէներգիայի արդյունավետ սակագին, համոզված լինենք, որ այդ սակագինը ձեւավորվել է իր, այսպես ասած, արդյունավետ շուկայական տրամաբանության շրջանակում, եւ ընդհանուր առմամբ աշխատենք, որպեսզի մարդկանց եկամուտները աճեն, որպեսզի այդ սակագներն իրենց համար դառնան մատչելի: Այսինքն՝ ես առաջարկում եմ, ոչ թե անընդհատ գինն իջեցնենք, այլ ունենանք արդյունավետ սակագին, որ բոլորս համոզված լինենք, որ կոռուպցիոն կամ ինչ-որ չարաշահման արդյունքում չի ձեւավորվել եւ մտածենք մարդկանց եկամուտները բարձրացնելու, աջակցման մասին, որպեսզի այդ սակագինը դառնա մատչելի»,- ասաց վարչապետը:
 
Նիկոլ Փաշինյանն առաջարկեց, որ ամեն ինչին նայեն այս տրամաբանությամբ, քանի որ հակառակը զարգացման տրամաբանություն չէ: