Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Արցախի կառավարության հրավերով մասնակցել է Արցախի անկախության օրվա միջոցառումներին:
 
Հովիկ Աբրահամյանը ներկայում պաշտոնյա չէ, եւ նրան պաշտոնական միջոցառմանը հրավիրելը կարող էր մեկ հիմնավորում ունենալ՝ նրա անգնահատելի ծառայությունները Արցախի, նրա անվտանգության ու անկախության ամրապնդման գործում: Կարո՞ղ է Արցախի ղեկավարությունը փաստեր բերել, թե ինչ ծառայություններ է մատուցել Հովիկ Աբրահամյանը Արցախին:
Նա պաշտոնանկ արվեց ապրիլյան պատերազմից հետո, եւ թեեւ այդ պաշտոնանկությունն ուղիղ առնչություն չուներ պատերազմի հետ, այնուամենայնիվ այդ օրերին բացահայտվեց Հայաստանի ու Արցախի իշխանությունների հանցավոր գործունեությունը անվտանգության, բանակի մատակարարման հարցերում: Հովիկ Աբրահամյանն այդ իշխանության առանցքային դեմքերից մեկն էր երկար տարիներ:
Փոխարենը, ներկայում Հովիկ Աբրահամյանը «անցնում» է երկու քրեական գործով, մեկը կապված նրան փաստացի պատկանող տարածքում մեծ քանակի զենքի հայտնաբերման հետ, որը հնարավոր է օգտագործվել է մարտի 1-ին, մյուսը՝ կապված ռեկետի ու գողության հետ: Այս երկու գործերը բնութագրում են հենց այն վարչակարգը, որի առանցքային անդամն էր Հովիկ Աբրահամյանը:
Հիմա, Արցախի կառավարությունը, կամ Բակո Սահակյանը նրան հրավիրել է պաշտոնական միջոցառմանը: Հնարավոր է իհարկե, որ Բակո Սահակյանը դա համարում է ոչ թե հանցագործություն, այլ ծառայություն հայրենիքին: Այստեղից էլ կարելի է եզրակացնել, որ նրանք հանդիպելու անհրաժեշտություն են ունեցել ու դա քողարկել են Արցախի անկախության օրվա շղարշով:
Իսկ խոսելու երեւի շատ բաներ կան: Նախեւառաջ նախկին վարչակարգի, դրա ներկայացուցիչների դեմ քրեական գործերի մասով, եւ դա բնական է, որովհետեւ Արցախի ներկայիս իշխանությունը հեռացող համակարգի օրգանական շարունակությունն է:
Բակո Սահակյանը թավշյա հեղափոխությունից հետո հայտարարեց բարեփոխումների մասին, մի քանի կոսմետիկ կադրային փոփոխություն արեց ու վերջ, թերեւս հույս ունենալով, որ ամեն ինչ կանցնի: Մյուս կողմից, Արցախի իշխանությունը, անձամբ Բակո Սահակյանն իրենց պահվածքով Հայաստանում առիթ են տվել խոսակցությունների, որ Արցախը դարձել է «հակահեղափոխության որջ», եւ՝ ոչ առանց հիմքի:v