Ազատամարտիկ Աշոտ Իսախանյանը խմբագրությանը ուղղված նամակում հայտնել է, որ ինքը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի «զոհերից» է: Նա նշում է, որ գեներալ Մանվելը շուրջ 22 օր իրեն շղթայակապ է պահել ու խոշտանգել: Մեզ ուղղված նամակում Իսախանյանը գրում է. «Մանելը պիստալետը բերանս էր դրել, որ կրակեր:
 
ԵԿՄ-ում էի այդ ժամանակ և պայմանավորվել էինք ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար գումարներ հավաքել: Մանվելը ասել էր, որ ես կվճարվեմ աշխատանքիս համար: Հետո իմ հետ էտպես վարվեց, որ սաղ փողը իրեն մնար…».-գրել է Աշոտ Իսախանյանը: Նշենք, որ Իսախանյանը նամակով դիմել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին : «Սևան» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալը նշում է, որ բացահայտելու է դատական համակարգում առակա կոռուպցիայի մի շարք դեպքեր: «Ես հիմնավոր փաստ ունեմ, որ 350 000$ քաղաքացիական հայց ունեցողին 18 000$ կաշառքի դիմաց պայմանական ազատել են՝ 2 տարի չկրած մաս թողնելով, իսկ ինձ դատապարտել են 10 տարի 6 ամիս ազատազրկման ընդամենը 130 հազար դրամ պարտքը չվերադարձնելու համար: Ես մարտական արդար ճանապարհ եմ անցել ու այս պիտակը փակցրին անվանս»,- գրում է Աշոտ Իսախանյանը: Նշենք, որ Աշոտ Իսախանյանը 1990-1994 թվականներին մասնակցել է Արցախի և Հայաստանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Սկզբում Ժիրայր Սեֆիլյանի, հետո՝ Սամվել Բաբայանի հրամանատարության ներքո մասնակցել է Շուշիի, Լաչինի, Քարվաճառի ազատագրական մարտերին։ 1992 թվականից Սամվել Բաբայանի հրամանով մարտերին մասնակցել է Մարտակերտի շրջանում ազատագրական պայքարին։
 
Նրա և մարտական ընկերների ջանքերով է անառիկ մնացել Տավուշի մարզի սահմանը։ Պատերազմի տարիներին հակառակորդի գնդակից մի քանի անգամ վիրավորվել է, ինչի հետևանքները մինչ օրս հիվանդության տեսքով հետապնդում է ազատամարտիկին։ Ազատամարտիկը 2-րդ կարգի հաշմանդամություն ունի՝ քայլում է ձեռնափայտով: Նա նաև տեսողության հետ կապված խնդիր ունի: Իսախանյանը արդեն 8 տարի կրում է պատիժը: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Շահբազյանը հունիսի 6-ին «Սևան» ՔԿՀ-ում արտագնա դատական նիստի ժամանակ մերժել է դատապարտյալ 42-ամյա Աշոտ Իսախանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակման հարցով դիմումը։ Վաղը` սեպտեմբերի 4-ին Վերաքննիչ դատարանում լսվելու է Աշոտ Իսախանյանի վաղակետ ազատման հայցը: Իսախանյանը իրեն համարում է նախկին ռեժիմի և Մանվել Գրիգորյանի «զոհը»: «Կյանքս խորտակվեց, բայց դեռ ապրելու և հասարակության մեջ իմ տեղը գտնելու հույսս չի մեռել:
 
Ես վախենում եմ, քանի որ դեռ դատական համակարգում նույն մեխանիզմներն են գործում, իսկ ես և իմ նմանները հավատում ենք թավշյա հեղափոխությանը: Ես խնդրում եմ օգնել ինձ, որ տուն վերադառնամ…»,-եզրափակել է Աշոտ Իսախանյանը: