Փաշինյանի ակնակը Կրեմլին՝ Պուտինի հետ հանդիպմանն ընդառաջ
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում  ի թիվս այլ հարցերի անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին  առնչվող թեմային՝ այդ կոնտեքստում խոսելով թե՛ Քոչարյանին Կրեմլից ուղղված  հայտնի շնորհավորանքի, թե՛ Լավրովի՝ սեպտեմբերի 3-ին Հայաստանի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունների  մասին:
 
Այսպես՝ Քոչարյանի մասով Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Պուտինից ստացած շնորհավորանքը զերծ է քաղաքական որևիցե ենթատեքստից ու կրում է զուտ անձնական բնույթ՝ միաշամանակ հաճոյախոսելով ՌԴ նախագահին, թե ճանաչելով նրան՝ կարող է ասել, ՌԴ նախագահը գնահատում է մարդկային կապերը:  Իսկ ահա ինչ վերաբերում է մասնավորապես՝ Լավրովի այն հայտարարույանը, թե Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ, ապա Փաշինյանը բավական բազմիմաստ կերպով է արձագանքել դրան՝ հայտարարելով. «Դե շոգ էր էսօր բավականին, իսկապես»։
 
Սեպտեմբերի 8-ին ընդառաջ ՀՀ վարչապետի հնչեցրած հայտարարություններն իրականում կարող են բնութագրական լինել Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպման համար: Փաշինյանի խոսքից պարզ է դառնում, որ վարչապետը ոչ միայն բացարձակապես կաշկանդված չէ (նախևառաջ Կրեմլից Քոչարյանին հղված որոշակի ուղերձների պատճառով), այլև լի է բացարձակ ինքնավստահությամբ ու ինքնաբավությամբ. նա մի կողմից Քոչարյանին իրեն մրցակից չի համարում, մյուս կողմից չի գերագնահատում Լավրովի հայտարարությունների արժեքն ու մտադիր է խնդիրները քննարկել ոչ թե հեռվից հեռու, այլ տետատետ, Պուտնի հետ առանձնազրույցում՝ որպես ինքնիշխան պետության  ազգընտիր առաջնորդ, ով մտադիր չէ դրսից հնչած ամեն մի խոսք գերագնահատել կամ  սեփական գործողությունները պլանավորել ըստ դրսում իշխող տրամադրությունների:
 
Սա, իհարկե, չափազանց կարևոր ու արժեքավոր կեցվածք է՝ որդեգրված Փաշինյանի կողմից մի հանդիպումից առաջ, որի ընթացքում ակնհայտորեն քննարկման առարկա են դառնալու ոչ միայն ներհայաստանյան գործընթացներն, այլև Անդրկովկասի անվտանգությանն առնչվող հարցեր. խոսքն, առաջին հերթին, արցախյան հակամարտության մասին է: Փաշինյանի խրոխտ ու անբռնազբոս կեցվածքը թերևս հարկ է ընկալել որպես յուրատեսակ ազդակ՝ Մոսկվային մի քանի օր հետո կայանալիք բանակցություններին ընդառաջ:
 
Հայաստանը գնահատում ու արժևորում է հայ-ռուսական հարաբերություններն ու կոնկրետ Փաշինյանի ու Պուտինի միջև ստեղծված փոխվստահելի մթնոլորտը, սակայն  այդ ամենը դեռևս չի նշանակում, որ Երևանն իր ամեն մի քայլը պետք է համաձայնեցնի Մոսկվայի հետ այն պարագայում, երբ  խոսքը վերաբերում է առնվազը ներքին քաղաքսկանությանը: Այսպիսով՝ Պուտինի հետ հանդիպումից առաջ Փաշինյանն ընդգծում է ՀՀ մեծացած սուբյեկտայնության գործոնի կարևորությունն ու Հայաստանը դուրս բերում վասալային կարգավիճակից: