Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն ընտրելու վերաբերյալ: Այս որոշումը հաջորդել է Հայաստանից ժամանակավորապես հեռանալու մասին Ռոբերտ Քոչարյանի մտադրությանը, որի փաստաբանները դա պայմանավորել էին Գերմանիայում բժշկական հետազոտություն անցնելու մտադրությամբ: Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն էր հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանը մի քանի օրով կհեռանա Հայաստանից, ասելով, որ քննությունը չի սահմանում նրա համար հեռանալու արգելք: Հետո պարզ դարձավ, որ Քոչարյանը հեռանալ չի կարող, քանի որ նրա անձնագրերը, այսպես ասած՝ քաղաքացիական և դիվանագիտական, գտնվում են ՀՔԾ տրամադրության տակ:
 
Փաստաբանները հայտնել էին, որ աշխատում են այդ հարցը լուծելու ուղղությամբ: Փաստորեն դա չի ստացվել, և Ռոբերտ Քոչարյանը չի կարող հեռանալ, նրա խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ռոբերտ Քոչարյանը մինչ այդ հայտարարել է, որ բացարձակապես չի պատրաստվում հեռանալ կամ խուսափել քննությունից և ավելին՝ վերադարձել է քաղաքականություն իր արժանապատվությունը պաշտպանելու համար: Սակայն ստացվում է, որ ՀՔԾ-ն չի վստահել նրա այդ խոսքերին, և չհեռանալու մասին ստորագրությամբ խափանման միջոցի ընտրությունը ուղղակի վկայում է, որ քննչական ծառայությունը մտավախություն է ունեցել, որ Ռոբերտ Քոչարյանը կխուսափի քննությունից և չի վերադառնա Հայաստան:
 
Կայի՞ն այդպիսի հիմքեր, թե՞ եղել են նույնիսկ որոշակի տեղեկություններ, որոնք քննությանը ստիպել են կիրառել այդ խափանման միջոցը: Ի վերջո, հարց է առաջանում այդ համատեքստում, թե ինչո՞ւ մինչ այդ չէր կիրառվում դա, երբ խափանման միջոց կալանքը փոխվեց: Մոռացե՞լ էին քննիչները և հիշեցին, երբ Քոչարյանը դիմեց հեռանալու համար, թե՞ իսկապես ունեին կասկածներ, որ նա մտադիր է, այդուհանդերձ, խուսափել քննությունից և չվերադառնալ:
 
Այդ իմաստով հետաքրքիր է, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանից մի քանի օրով հեռանալու որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանում իր գործի քննությունից առաջ: Իհարկե, այս տեսանկյունից ժամկետներ հայտնի չեն, սակայն այստեղ, իհարկե, կա ինտրիգ՝ Քոչարյանին կալանավորելու նոր որոշում կլինի՞, թե՞ ոչ: Սրան զուգահեռ հատկանշական է, որ երկրորդ նախագահի՝ Հայաստանից մի քանի օրով հեռանալու մտադրությունը փաստորեն համընկավ ՌԴ նախագահ Պուտինի, այսպես ասած, աղմկահարույց շնորհավորանքին, որը շատերը դիտարկեցին որպես Քոչարյանին աջակցություն: Մյուս կողմից, սակայն, հետագա իրադարձությունները և, մասնավորապես, Պուտինի խոսնակ Պեսկովի հայտարարություն-պարզաբանումները թողեցին առնվազն երկակի տպավորություն՝ առ այն, որ Պուտինը հին ընկերության բերումով շնորհավորել է նրան և հրապարակել դա, բայց նրա հետ չի քննարկել քրեական հետապնդման հարցեր, ինչի մասին Պեսկովի հրապարակային հայտարարությունը կարող էր նշանակել, որ, այդուհանդերձ, նա չի ստանձնում որևէ պատասխանատվություն Քոչարյանի գործում նրա ճակատագրի համար:
 
Այս ամենին ավելանում է նաև այն, որ առաջիկա օրերին ՌԴ նախագահը հանդիպելու է Նիկոլ Փաշինյանի հետ և կասկած չկա, որ դրանում կարող է շոշափվել Քոչարյանի թեման՝ ուղղակի, կամ այլ հարցերի համատեքստում, որն էլ, իր հերթին, կարող է որոշակի ազդեցություն ունենալ Հայաստանում գործի ընթացքի վրա: Այդ ամենի ֆոնին հատկանշական է, որ երկրորդ նախագահը հանկարծ ունեցավ «բժշկական դադար» վերցնելու ցանկություն ու մտադրություն, որը, սակայն, ՀՔԾ-ն կանխեց և ստիպեց վայր դնել ճամպրուկը:
 
Հեղինակ՝ Արամ Ամատունի