«Գնաս բարով»Վահրամ Բաղդասարյանին որ լսենք, թե ինչպես է բնութագրում վարչապետ Կարեն Կարապետյանի մեկ տարվա աշխատանքը, շատ բան կհասկանանք։
 
Վերցնենք բնութագրական մի փոքրիկ նախադասություն։ Նախադասությունը ինքնուրույն նախադասություն է, պարբերությունից չեմ կտրում, որ չաղավաղվի․
 
«Վարչապետը Հայաստան եկավ այլ տեսիլքներով, ահա ինչու վարչապետության առաջին օրը հայտարարեց, որ ինքը ծանր ժառանգություն է ստացել նախորդ կառավարությունից»։
 
Կարելի էր պարզապես ասել, որ վարչապետը Հայաստան եկավ այլ պատկերացումներով։ Չնայած դա էլ չէր հասկացվի, որովհետև վարչապետն արդեն Հայաստան «մի անգամ եկել էր»՝ քաղաքապետի պաշտոնով ու տեսիլքով չպիտի առաջնորդվեր, այլ՝ որոշակի պատկերացման պաշարով։
 
Եթե Կարեն Կարապետյանը Հայաստան է եկել, ինչպես Վահրամ Բաղդասարյանն է ասում՝ այլ տեսիլքներով, ուրեմն նա չի պատկերացրել այն Հայաստանը, որը կա։ Երբ մարդ ընկնում է իր համար ոչ պատկերացնելի մի տեղ, դա նշանակում է, որ դա իր տեղը չէ։
 
․․․Մնում է ընդամենը տերյանական անիրական ցնորքով ամփոփել բաղդասարյանական տեսիլքի ողջ բովանդակությունը՝ «Գնաս բարով»։
 
Ընդամենը հիշեցնեմ, որ տեսիլքը անիրական, աննյութ ու անմարմին պատկերացում է։
 
Հասմիկ Բաբաջանյան