Դատելով մամուլում հայտնված տեղեկություններից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջը կարող է այնքան էլ բարի չլինել. 168.am-ը, վկայակոչելով սեփական անանուն աղբուրները,հայտնում է, որ իշխանությունները սկսել են ակտիվորեն նյութեր հավաքել` ընդդեմ հասարակության կողմից վերջին տարիների բազմապիսի արատների հետ նույնականացվող գործչի ու պատրաստվում են տեսանելի ապագայում նրան արժանացնել Յուրի Խաչատուրովի ճակատագրին:
 
Ինչ խոսք՝ դեռևս ժամանակ կպահանջվի՝ պարզելու նման լուրերի  ճշմարտացիությունը, սակայն պետք է խոստովանել, որ տեսականորեն բնավ չի բացառվում իրադարձությունների նմանօրինակ զարգացում.
այն լիովին տեղավորվում է հեղափոխական իշխանությունների կողմից վարվող քաղաքականության տրամաբանության մեջ՝ հաշվի առնելով արդարադատություն իրականացնելու հարցում իշխանությունների բավական անբռնազբոս պահվածքն ու օբյեկտիվ կամ սուբյեկտիվ բնույթ կրող խոչընդոտների անտեսումը:
Ինչ խոսք՝ Տիգրան Սարգսյանին պատասխանատվության ենթարկելը կարևորագույն քայլ կդառնա երկրում արդարության հաստատման տեսանկյունից, սակայն պետք է խոստովանել,
որ այս հարցում կարող են առաջ գալ  շատ կոնկրետ խոչընդոտներ. ԵԱՏՄ գործոնը կարող է խանգարել, ու Ռուսաստանն այս անգամ էլ Փաշինյանին սկսի մեղադրել ԵԱՏՄ հեղինակությունը խաթարելու փորձեր անելու մեջ՝ ՀԱՊԿ-ին զուգահեռ:
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 8-ին կայանալու է Պուտին-Փաշինյան հանդիպումը:
Սրա ֆոնին գայթակղիչ հարց է առաջանում՝ բանակցող կողմերի միջև կարո՞ղ է քննարկվել Տիգրան Սարգսյանի հարցը, թե՞ կողմերը միայն կսահմանափակվեն առայժմ Քոչարյանի թեման արծարծելով՝ շրջանցելով առավել խրթին թեմաները:
Կամ Երևանի կոշտ դիրքորոշման պարագայում կոնկրետ ինչպիսի՞ն կլինի Մոսկվայի արձագանքը,
Լավրովը կրկին կսկսի՞ հրապարակայնորեն խոսել այս անգամ արդեն ԵԱՏՄ հեղինակությանը հասցվելիք վնասների մասին, թե՞ Փաշինյանին կհաջողվի, այնուամենայնիվ, ըմբռնում գտնել Կրեմլում Պուտինի հետ ունենալիք առանձնազրույցի շրջանակներում, և եթե այո, ապա ինչի՞ դիմաց:
Բոլոր դեպքերում պետք է արձանագրել, որ հեղափոխական իշխանությունները բավական լուրջ են տրամադրված երկրում արդարության մթնոլորտ հաստատելու հարցում ու որոշել են ոչնչի առաջ կանգ չառնել՝ կյանքի կոչելու համար այն իդեալները, որոնք ընկած են հեղափոխության հաղթանակի հիմքում. մնացածը դիվանագիտական առևտրի հարց է…