ԱԺ պետաիրավական հանձնաժողովում այսօր՝ սեպտեմբերի 5-ին,  քննարկվում է ընտրական բարեփոխումների համար մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցող` արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ կառավարությունը ձեռնարկել է գործողությունների ամբողջություն` քաղաքացիների կամաարտահայտությունների վրա ազդելու հնարավորությունները բացառելու համար:
 
Նրա խոսքով` քաղաքացիներն առաջիկա ընտրություններին պետք է լինեն ազատ և կարողանան ընտրել անկաշկանդ: Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց նաև մի շարք այլ առաջարկություններ, որից հետո  արձագանքեց հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ կողմ է խստացնելուն, կողմ է որ ընտրակեղծարարները պատժվեն, սակայն մտահոգություններ ունի, որոնք կապված են քաղաքացիների հետ․ «Եթե ինչ-որ մեկը գնում է տատիկի տուն և ընտրակաշառք է առաջարկում, տատիկն էլ ասում է` լավ, բարի դեմքով ժպտում է, կամ աչքերը ճպճպացնում է, ասում է այո, տատիկին պետք է երեք տարի դատապարտե՞լ»:
 
Արփինե Հովհաննիսյանն անդրադարձավ ընտրողի կողմից ընտրակաշառք պահանջելու փոփոխությանը:
 
«Ընտրության շրջանում մարդը մտնում է որևէ հիմնադրամ, որոնք ասոցացվում են կուսակցությունների հետ «Իմ քայլը», «Ծառուկյան», «Լույս», «ՀՀԿ», օրինակ եմ բերում և ասում է` բարև ձեզ հայրս սրտի վիրահատության խնդիր ունի, անհրաժեշտ է գումար, սա ընտրակաշառքի պահա՞նջ է, կամ ասում է` ես ձեր աջակիցն եմ միշտ ձեզ եմ ընտրել, երեխայիս դեղի խնդիր կա, սա ընտրակաշառք պահանջել համարվո՞ւմ է, թե՞ ոչ»,- ասաց նա: