Սանկտ Պետերբուրգում ավարտվել է սպանության եւ ծայրահեղականության մեջ մեղադրվող 29-ամյա Սերգեյ Կատկովի դեմ քրեական գործի քննությունը, հաղորդում է «Ռոսբալտը»` վկայակոչելով Քաղաքային Քննչական կոմիտեի մամուլի ծառայությանը: Կատկովը  «Լինկոլն-88» խմբի անդամ էր: Այն 2007-ի ամռանը ստեղծել էր դեռ անչափահաս Զելենոգորսկի դպրոցներից մեկի 11-րդ դասարանի աշակերտ  Անդրեյ Լինոկը:
 
Ավազակախմբում կար 22 մարդ:   Գրեթե բոլոր դեպքերում երիտասարդները նույն կերպ էին գործում. նրանք ընտրում էին  միայնակ զոհի, խմբով հարձակվում նրա վրա, արագ ծեծում ու փախչում: Հանցագործությունները նկարահանվել են եւ տեղադրել համացանցում: Իր առաջին հանցագործությունը խումբն իրականացրել է 2007-ի օգոստոսի վերջին: Մետրոյի վագոնում նրանք հարձակվել են երկու տղամարդկանց վրա, որոնք կովկասյան արտաքին ունեին:
 
Հետո նրանք սկսել են ծեծել օտարերկրյա քաղաքացիների, սպանել են Հայաստանի քաղաքացի Սարգսյանին: 2007 թվականի սեպտեմբերի 22-ին խումբը 5 հարձակում է գործել ոչ սլավոնական արատաքին ունեցող անձանց վրա: Ավազակախմբի մասնակիցներին տարբեր ժամկետներով ազատազրկել են: Մի մասը վաղեմության ժամկետի շնորհիվ խուսափել է պատասխանատվությոնից:
 
Կատկովը մինչեւ 2018-ի մայիս հետախուզվում էր, երբ ձերբակալվեց: Նրա դեմ քրեական գործն ուղարկվել է դատարան: Ավազակախմբի ղեկավարը՝ Անդրեյ Լինոկը 2016 թվականին դուրս է եկել գաղութից: