Մոսկվան՝ Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպումից առաջ, որը նախապատրաստումը հաստատեց նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ կլինի ամենալարվածը նախորդ երկուսի համեմատությամբ:
 
Մոսկվան շարունակում է բաց հասկացնել, որ դժգոհ է Հայաստանի ներքաղաքական իրավիճակով: Լավրովի մակարդակով կրկին շեշտվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը՝ նշանակում է Մոսկվան Փաշինյանից պատասխաններ է ակնկալում ստանալ: Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ Մոսկվան մտահոգ է Հայաստանում ծավալված իրադարձություններից, սակայն տեղի ունեցող զարգացումները որակում է որպես երկրի ներքին գործ: «Իհարկե մեզ մտահոգում է այն հանգամանքը, որ իրադրությունը Հայաստանում շարունակում է թեժ մնալ, հետաքննվում են տասնամյա վաղեմության իրադարձությունները, գիտեք այդ փաստերի, տեղի ունեցած ձերբակալությունների մասին», – ասել է Լավրովը՝ հավելելով. – «Անկասկած, մենք դա համարում ենք Հայաստանի Հանրապետության ներքին գործը և շատ ենք ցանկանում, որպեսզի այդ ներքին գործերը մնան օրենքի և Սահմանադրության ամուր հիմքի վրա ու արագորեն հաղթահարվեն»: Սա առաջին անգամը չէ, երբ Ռուսաստանի արտգործնախարարը Մոսկվայի մտահոգությունն է հայտնում Հայաստանում տեղի ունեցող զարգացումների առիթով։ 
 
Հուլիսի 31-ին Լավրովը հատուկ հայտարարությամբ էր հանդես եկել, որում, մասնավորապես ասել էր, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից։ Ռուսաստանի ԱԳ նախարարի այս հայտարարությանը նախորդել էին «Մարտի 1»-ի գործի շրջանակում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքի առաջադրումը։ Քոչարյանը ազատության մեջ է այսօր, Խաչատուրովն էլ վերադարձել է Մոսկվա և շարունակում է կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները։ Եթե այս ամենին էլ գումարենք անցած շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ռոբերտ Քոչարյանին շնորհավորելու հանգամանքը, ապա կարելի է ենթադրել, թե Փաշինյան-Պուտին հանդիպումից առաջ ինչ ճնշման գործիքներ բանեցրեց Փաշինյանի ուղղությամբ՝ մինչև հանդիպումը: Մոսկվան, ըստ ամենայնի, կձգտի Փաշինյանից ստանալ վերջնական պատասխան այն մասին, որ այլևս Հայաստանում հետապնդման չեն ենթարկվի Ռոբերտ Քոչարյանը, Միքայել Հարությունյանն ու Յուրի Խաչատուրովը: Հիմա, իհարկե, Մոսկվան միաժամանակ հայտարարում է, թե «տասնամյա վաղեմության իրադարձությունների քննությունը Հայաստանի ներքին գործն է», բայց…   Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ «Անկասկած, մենք դա համարում ենք Հայաստանի Հանրապետության ներքին գործը և շատ ենք ցանկանում, որպեսզի այդ ներքին գործերը մնան օրենքի և Սահմանադրության ամուր հիմքի վրա ու արագորեն հաղթահարվեն», – ասել է Լավրովն ու անմիջապես հավելել, որ՝ «մեզ համար կարևոր է լսել, թե ինչպես է Հայաստանի նոր ղեկավարը գնահատում երկրում իրադրության զարգացման հեռանկարները»: Նշանակո՞ւմ է արդյոք, որ Մոսկվա համարում է, որ Հայաստանի ներքին գործերը օրենքի շրջանակներում չեն ու Սահմանադրության խախտումներ են տեղի ունենում… Բացի այդ կա ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցչի հարցը: Մոսկվան ակնհայտ համարում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը հարված է հասցրել ՀԱՊԿ-ի հեղինակությանը:
 
Այստեղ էլ Փաշինյանից պատասխաններ են ակնկալում: Մի խոսքով Փաշինյանին առաջիկայում բարդ հանդիպում է սպասում Պուտինի հետ: Ընդհանրապես, եթե գնահատենք տարբերությունը, թե ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու Ալիևը Սոչիում՝ էներգետիկ, առտևտրատնտեսական ու այն օրակարգը, որը սպասում է Փաշինյանին՝ Պուտինի հետ առաջիկա հանդիպմանը, պատկերը մեղմ ասած, բավականին տխուր է: