Հայաստանում որեւէ աշխատավարձով նման շքեղ առանձնատուն չես գնի. Օսիպյանը ՝ Գասպարյանի առանձնատան մասին.
 
Հայաստանի Հանրապետությունում որեւէ աշխատավարձով չես կարող գնել նման շքեղ առանձնատուն: : Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով հարցին, թե ոստիկանապետի աշխատավարձով հնարավոր է շքեր առանձնատուն գնել, ինչպես դա արել է նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը: 
 
«Թե ի՞նչ ճանապարհով է այն գնվել կամ կառուցվել, այդ հարցով կխնդրեմ դիմեք իրեն՝ կառուցողին կամ սեփականատիրոջը»,- ասաց Օսիպյանը:
 
Հիշեցնենք, որ  Հատուկ քննչական ծառայությունը Վլադիմիր Գասպարյանի 3 մլն դոլարանոց առանձնատանը վերաբերող հոդվածի հիման վրա քրգործ է հարուցել: 
 
«Hetq.am» լրատվական կայքում հրապարակված «Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր» վերտառությամբ հոդվածի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ: