Հեղափոխությունից հետո գաղտնիք չէ, որ նոր իշխանությունները որդեգրեցին թափանցիկության սկզբունքը։ Դա հատկապես զարմանալիորեն դրսևորվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գործունեության մեջ, որովհետև նախկինում ԱԱԾ-ի կողմից նման գործելաոճ չէինք արձանագրել: Հասարակությունը ամեն օր մի նոր բան էր լսում նրանից, մի նոր բացահայտման ականատես լինում, իսկ դա, ինչ խոսք, նոր և ոգևորող բան էր հեղափոխական օրերում:
 
Բայց կարծես թե այդ ամենը քիչ-քիչ սկսում է նվազել։ Երեկ լրագրողների հետ զրույցում Վանեցյանը չհամաձայնեց դիտարկմանը, թե իր ղեկավարած կառույցը կարծես թե հանգստացել է: Տնօրենի խոսքով՝ ԱԱԾ-ն ոչ թե հանգիստ է, այլ ուղղակի չի հրապարակում արած բացահայտումները. «Ես ի սկզբանե ասել եմ, որ ճիշտ չեմ համարում ԱԱԾ-ի հրապարակային աշխատանքը, բայց ստեղծված իրավիճակից ելնելով, սկզբնական շրջանում հետաքրքրությունը շատ մեծ էր, և հրապարակայնությունը շատ-շատ էր»:
 
Նա լրագրողներին հորդորեց կամաց-կամաց սովորել, իր այլևս հարցազրույցներ չտալուն։ Հետո զգալով, որ ասածի տարընկալումներ կարող են լինել, հստակեցրեց. «Չէ, բաց լինելու եմ, խնդրում եմ չշփոթել: Ուղղակի փորձելու ենք հնարավորինս սահմանափակել հարցազրույցները, քանի որ, կարծում եմ, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնն այդքան չպետք է հրապարակային լինի»:
 
Սակայն այդ դեպքում հարցը փոքր-ինչ պարադոքսալ բնույթ է ստանում` եթե ԱԱԾ-ն նոր բացահայտումներ է անելու ու դրանք չի հրապարակելու, իմաստը ո՞րն է։ Բա այս դեպքում այն ո՞վ էր խոսում թափանցիկության ու հարկատուներին հաշվետու լինելու սկզբունքի անհրաժեշտության մասին: