ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարելուց հետո չէր մանրամասնում, թե ինչպես և ինչ ձևաչափով է պատկերացնում իր վերադարձը։ Ակտիվ քաղաքական կյանքին վերադառնալու ճանապարհին նախատեսվող առաջին քայլը Քոչարյանը բացահայտել է Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում. նա պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Ձևաչափի ու քաղաքական թիմի մասին որևէ ինֆորմացիա երկրորդ նախագահը չի հայտնել՝ պատճառաբանելով, որ դեռ երկար ժամանակ կա, իսկ իրավիճակն էլ դինամիկ է փոխվում։ «Չեմ կարծում, որ հիմա ճիշտ է ձևաչափերի մասին խոսելը։ Հիմա պետք է կազմակերպչական քայլերով ձևավորել այն միավորը, որով դու ներկայացել ես քաղաքական դաշտում, այն թիրախները, որոնց ուղղված է լինելու քո գործունեությունը, և այն ընտրողների զանգվածը, որի մասին դու մտածում ես, որ կարող են լինել քո ապագա հենարանը։ Սա է այս պահի հիմնական խնդիրը կոնկրետ ինձ համար և այն թիմի համար, որ ձևավորվում է իմ շուրջը», -աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է նախագահը։
 
Թե ով է ծառայելու կամ արդեն ծառայում Քոչարյանին՝ որպես քաղաքական հենարան, նույնպես չմանրամասնվեց, դիվանագիտորեն խուսափեց նշելուց. «Առաջին հերթին, իբրև հենարան, ես տեսնում եմ այն մարդկանց, որոնք հիշում են իմ պաշտոնավարման տարիներն ու գնահատում այդ տարիների հաջողությունները, հատկապես` տնտեսական և արտաքին քաղաքականության ոլորտում»:
 
Հնարավոր դաշինքների մասին երկրորդ նախագահը նույնպես կոնկրետ ոչ մի խոսք չասաց, բայց որ արդեն հայտարարում է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկության մասին, ենթադրելի է, որ որոշակիացված է, թե որ քաղաքական խաղացողներն են աջակցելու իրեն։ Այս առումով մի նկատառում, այնուամենայնիվ, Քոչարյանն արեց. «Առաջին հերթին փորձում եմ հույսս դնել ինձ վրա և իմ շուրջը միավորվող ուժերի ընտրազանգվածի` քաղաքացիների վրա։ Եվ որքան այդ ուժն ավելի հզոր լինի, այնքան ավելի մեծ է լինելու դաշինքներ կազմելու հնարավորությունը»:
 
Երկրորդ նախագահը չբացառեց, որ կարող է դառնալ ընդդիմադիր բևեռի կենտրոն կամ կենտրոններից մեկը: