Ի պատիվ քաղաքի հիմնադրման 2800-ամյակի, Երևանում նոր այգի կկառուցվի: Հիմնովին վերափոխված մոտ 1 հեկտար տարածքում կլինեն բազմատեսակ ծառեր, թփեր, ճեմուղիներ, արհեստական լճակ՝ 400 քմ, ամֆիթատրոն, շախմատ, խաղահրապարակներ, ավտոկայանատեղի և վերանորոգված կանգառ: Այգին կլուսավորվի լամպերով, կգործի Wi-Fi, նստարանների մոտ և կանգառում կլինեն գաջեթների լիցքավորիչներ: Դե իսկ միջոցառումների համար լինելու է մեծ բեմ, Ամանորին էլ տոնական եղևնին կզարդարի այգու կենտրոնական հատվածը: Նոր կառուցված 9 մետրանոց հուշակոթողի վրա հայերենով և ուրարտերենով ներկայացված կլինի Էրեբունիի ստեղծման վերաբերյալ արձանագրությունը:
 
Այգին հարմարեցված է լինելու նաև սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար: Գլխավոր յուրահատկությունն այն է, որ այստեղ չի լինելու որևէ կոմերցիոն կառույց՝ խանութ կամ սրճարան, այսինքն՝ բիզնես շահ չի հետապնդելու: Ամբողջությամբ բարեկարգված այգու բացումը տեղի կունենա մայրաքաղաքի հոբելյանական տոնակատարությունների ժամանակ: Բարեկարգման աշխատանքներն ավարտվել են, ներկայումս ընթանում է այգու կանաչապատման գործընթացը:
 
«Էրեբունի» այգին Բադալյանների ընտանիքի կողմից նվեր է մայրաքաղաքին: Վերակառուցման աշխատանքներն էլ կատարվում են «Վահագն Բադալյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով, որը ստեղծվել է Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանների կողմից:
 
 
                                                                                             Հեղինակ՝ Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ