ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման մեջ ներկայացված հանգամանքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: «Ուսումնասիրության նպատակով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը Երևանի քաղաքապետարանից և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից պահանջել է տեղեկատվություն և փաստաթղթեր: Ուսումնասիրության արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ»,– ասված է դատախազության պատասխանում: «Հետք»-ն օգոստոսի 24-ին հրապարակել էր «Սուրիկ Խաչատրյանն իր առանձնատունը 8 տարի կառուցել է առանց շինթույլտվության» վերտառությամբ հոդված, որտեղ նշված էր, որ շուրջ 8 տարի Սյունիքի նախկին մարզպետը Երևանում կառուցել է առանձնատուն, իսկ շինթույլտվություն ստացել է բոլորովին վերջերս՝ 2018 թվականի հունիսին: