Ինչո՞ւ է անհանգստացրել ընդամենը արտահերթ ընտրության երաշխիքը. նախկին կոալիցիայի հոգու խորքը
 
Ինչո՞ւ է Հանրապետական կուսակցությանն ու Դաշնակցությանը անհանգստացրել Սահմանադրության փոփոխության միջոցով ԱԺ ինքնալուծարման մեխանիզմ ստեղծելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, որի մասին նա հայտարարեց օգոստոսի 17-ի հանրահավաքում: Նիկոլ Փաշինյանը դրա անհրաժեշտությունը պայմանավորեց նրանով, որ խորհրդարանում, այսպես ասած, նախկին մեծամասնությունը կարող է մտածել, թե մեկ տարի անց արտահերթ ընտրության համար վարչապետի հրաժարականը հնարավորություն է այլ վարչապետ նշանակելու և վերցնելու իշխանությունը:
 
Ինչպես հայտնի է, ներկայումս կա խորհրդարանի, այսպես ասած, լուծարման այդ մեխանիզմը՝ վարչապետը հրաժարական է տալիս, խորհրդարանը երկու անգամ տապալում է նոր վարչապետի ընտրությունը և ըստ այդմ՝ լուծարվում է, նշանակվում է խորհրդարանի արտահերթ ընտրություն: Նիկոլ Փաշինյանը ինքնալուծարման մեխանիզմը ցանկանում է ներդնել, այսպես ասած, թավշյա հեղափոխության երաշխիքի համար, որ ինչ-ինչ հանգամանքների բերումով գործարքային խաղեր չլինեն, և հարկ չլինի դարձյալ գնալ ֆորս-մաժորային վիճակի:
 
Ահա այս նախաձեռնությունը, որ արդեն ընթացքի մեջ է, առաջացրել է ՀՀԿ-ի բացահայտ և ՀՅԴ-ի իրեն բնորոշ, այսպես ասած, ամորֆ դժգոհությունը կամ անհանգստությունը: Օրինակ՝ ՀՀԿ-ականները քննադատում են բացահայտորեն, իսկ ՀՅԴ անդամ Արսեն Համբարձումյանն էլ հարցնում է, թե արտահերթ ընտրության քաղաքական համաձայնությունից ոչ ոք չի հրաժարվել, ինչո՞ւ ուրեմն գնալ այլ ճանապարհով: Նախ, օրինակ, նույն ՀՀԿ խոսնակ Շարմազանովը հայտարարել է, թե արտահերթ ընտրությունը դա Նիկոլ Փաշինյանի օրակարգն է, որը իրենց համար պարտադիր չէ:
 
Եվ նաև նույն տրամաբանությամբ՝ եթե արտահերթ ընտրության քաղաքական համաձայնությունն ուժի մեջ է, և Դաշնակցությունը, ՀՀԿ-ն որևէ կերպ մտադիր չեն հրաժարվել դրանից, տորպեդահարել կամ սաբոտաժի ենթարկել այդ պայմանավորվածությունը, ինչո՞ւ են անհանգստանում խորհրդարանի ինքնալուծարման մեխանիզմից, որը բացարձակապես շեղում չէ համաձայնությունից, այլ ընդամենը, այսպես ասած, չգցվելու հավելյալ երաշխիք է Նիկոլ Փաշինյանի և թավշյա հեղափոխություն իրականացրած հանրության համար:
 
Այսինքն՝ դա չի փոխում, խոշոր հաշվով, ոչինչ, ընդամենը հավելյալ երաշխիք է հանրության համար: Հետևաբար, եթե ՀՀԿ-ն ու նաև նրա հետ կոալիցիայի փորձ ունեցող ՀՅԴ-ն մտադիր չեն հետ կանգնել, չեն դիտարկում մտքի, այսպես ասած, խորքում տարբերակ, երբ կգնան նոր վարչապետ ընտրելու ճանապարհով և «կգցեն» հանրությանը, ինչո՞ւ են անհանգստանում հանրությանը տրվող ընդամենը հավելյալ երաշխիքից, արտահերթ ընտրության հավելյալ երաշխիքից: Արդյո՞ք այդ անհանգստությունը չի արտահայտում «մտքի» կամ «հոգու» խորքում եղած ինչ-ինչ պլան «Բ»-երի առկայությունը, որ այդ ուժերի մոտ կարող է առաջացրած լինել Ռոբերտ Քոչարյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն:
 
Տվյալ պարագայում խնդիրն, իհարկե, այն չէ, թե Քոչարյանը գործնականում, իրական քաղաքականության ասպեկտով ինչպիսի շանս ունի որևէ քաղաքական հաջողության համար: Խնդիրն այն է, թե ինչպես են այդ ամենը տեսնում ուժերը, որոնք, խոշոր հաշվով, ավելի շատ աչքի են ընկել պահի տակ ըստ նպատակահարմարության որոշումներով, քան քաղաքական հեռատեսությամբ և սկզբունքայնությամբ:
 
Հեղինակ՝ Արամ Ամատունի
 
Աղբյուրը՝ 1in.am