Կարագի գինը կտրուկ թանկացել է 
Երեւանյան սուպերմարկետներում եւ խանութներում կարագի մեկ կգ-ն 20-30 դրամով թանկացել է: Թեեւ միջազգային շուկայում կարագի գինը նվազում է, Հայաստանում հակառակ երեւույթն է գրանցվում: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ մեկ կիլոգրամ կարագի գինը միջազգային շուկայում այս տարվա հունվարի 2-ի դրությամբ նվազել է՝ կազմելով 4.2 դոլար: Մինչդեռ Հայաստանում կարագի մեկ կիլոգրամը կազմում է մոտ 9 դոլար` 4.8 դոլարով ավելի միջազգային գնից:
Երեւանյան սուպերմարկետներում եւ խանութներում Նոր զելանդական տեսակի կարագի մեկ կիլոգրամը վաճառվում է 4300-4400 դրամով, իսկ «Անքոր»-ը` 4640-4700 դրամով: Մինչդեռ մի քանի օր առաջ Նոր զելանդական կարագի մեկ կգ-ն վաճառվել է 4280 դրամ, իսկ «Անքոր»-ը` 4610 դրամ: Սա եւս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ միջազգային շուկայում որեւէ ապրանքատեսակի գնանկում չի անդրադառնում հայաստանյան գների վրա, իսկ բարձրացումները վայրկյան առաջ տեղ են հասնում: