Վանեցյանի ցավալի հայտարարությունը․ Ինչ ժառանգություն է թողնում Ռուբեն Հայրապետյանը․․․
 
Նախօրեին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացայի նախագահի ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին: Նշելով, որ ինքն առաջադրվել է ֆուտբոլային ակումբների կողմից Արթուր Վանեցյանը վստահեցրել էր, որ ԱԱԾ տնօրենի և ՀՖՖ նախագահի պաշտոնների համատեղումը կկարողանա արդյունավետ իրականացնել. «Ժամանակը ցույց կտա, որ չի խանգարի: Ոչ անվտանգությունը կտուժի, ոչ էլ ֆեդերացիայի աշխատանքները»,- նշել էր Վանեցյանը:
 
Վերջինս վստահեցրել էր նաև․ որ ոլորտն ուսումնասիրել է, ունի ծրագրեր, որոնք պատրաստվում է իրականացնել, իսկ այդ ծրագրերը կներկայացնի ՀՖՖ նախագահի ընտրության օրը: ԱԱԾ տնօրենի խոսքով, որ առաջնահերթություն է համարում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, ինչի համար հիմքեր և ռեսուրսներ տեսնում է. «Ֆուտբոլի ֆեդերացիան բավականին ինքնաբավ կազմակերպություն է: Այն, ինչ ունենք, արդյունավետ օգտագործելու դեպքում կարող ենք լուրջ արդյունքներ արձանագրել»,- ընդգծել էր Վանեցյանը :Նա հայտնել նաև, որ արդեն հանդիպում է ունեցել Հայաստանի առաջնության մասնակից ակումբների ղեկավարների հետ: Կարծում ենք սեպտեմբերի 22-ին կայանալիք ընտրություններում Վանեցյանի հաղթանակը կասկած չի հարուցում: Հիշեցնենք, որ ՀՖՖ-ի գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ Արթուր Վանեցյանի առաջադրման պարագայում ինքը չի դնի իր թեկնածությունը: Հիշեցնենք նաև, որ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ-ն ղեկավարում է 2002 թվականից: Ընտրվելով այս պաշտոնում՝ Հայրապետյանը հայտարարել էր, որ իր գլխավոր խնդիրը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է: Այս հայտարարությունից 16 տարի անց արդեն Վանեցյանն է խոսում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման մասին: Ինչպես ընկալել Վանեցյանի այս հայտարարությունը:
 
16 տարին կարծում ենք բավարար էր մանկապատանեկան ֆուտբոլը գոնե մի քանի քայլ առաջ տանելու համար: Ինչ վիճակում է գտնվում այսօր մեր մանկապատանեկան ֆուտբոլը: Հեռու չգնանք․ անցյալ տարի մեր մինչև 17 և մինչև 19 տարեկանների հավաքականները Եվրոպայի առաջնության ընտրական փուլում այն աստիճան խայտառակ ելույթներով աչքի ընկան, որ հիմա դրանց մասին խոսելն ուղղակի ամոթ է: Օրեր առաջ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը արգենտինացի մասնագետ Գաբրիել Դարիո Դի Նոյայի գլխավորությամբ Երևանում երկու ընկերական հանդիպում անցկացրեց Մոնտենեգրոյի հավաքականի հետ: Առաջին մրցավեճը մեր հավաքականը պարտվեց 1:4, իսկ երկրորդը՝ 1:6 հաշվով: Այս օրերին Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Սանկտ Պետերբուրգում արգենտինացի մեկ այլ մասնագետ Ֆերնանդո Բատիստայի գլխավորությամբ մասնակցում է Վալենտին Գրանատկինի անվան ավանդական հուշամրցաշարին: Առաջին տուրում մեր հավաքականը 1:0 հաշվով զիջեց Լիտվային, երկրորդ տուրում 1:4 հաշվով Մոլդովային, իսկ երեկ մեր ֆուտբոլիստները 2:0 հաշվով պարտվեցին Ռուսաստանին: Մեկնաբանությունները կարծում ենք ավելորդ է:
 
Վերջին տարիներին գրանցված արդյունքները ցայտուն կերպով արտացոլում են Ռուբեն Հայրապետյանի կատարած աշխատանքը մանկապատանեկան ֆուտբոլում: Այսօր դժվար է Եվրոպայում մատնանշել պատանեկան մի հավաքական, որին Հայաստանն ի զորու կլինի հաղթել: Ըստ էության մենք 16 տարի ետ ենք մնացել Եվրոպական ֆուտբոլից: Հայրապետյանը շարունակ նշում է կառուցված ակադեմիաների և ֆուտբոլի դպրոցների մասին: Այո, դրանց առկայությունը դրական պետք է որակել , բայց ակադեմիաներ սարքել չի նշանակում զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը: Աֆրիկյան ու լատինամերիկյան շատ երկրներում ակադեմիաներ չկան, իսկ երեխաները սոված են: Այդ երկրներում սակայն ամեն տարի ի հայտ են գալիս բազմաթիվ ֆուտբոլային տաղանդներ, որոնք անմիջապես հայտնվում են Եվրոպայում: Ի՞նչ ուղի կընտրի Արթուր Վանեցյանը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար: Տարբերակները մի քանիսն են, որոնց կանդրադառնանք ավելի ուշ: Ռուբեն Հայրապետանը Արթուր Վանեցյանին թողնում է մի այնպիսի ժառանգություն, որի տակից դուրս գալու համար իսկապես լայնածավալ աշխատանքներ պետք է տարվեն: Ովքեր՞ են վաղը կամ մյուս օրը խաղալու մեր ազգային հավաքականում: Այն տղաները, որոնք այսօր 1:6 կամ 1:4 հաշվով պարտվո՞ւմ են Մոլդովային կամ Մոնտենեգրոյին:
 
Դեռ չընտրված ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում խոսելով մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման մասին, Վանեցյանը անուղղակի կերպով հասկացնել է տալիս, որ մոտ ապագայում կոպիտ ասած մեծերի ֆուտբոլից լուրջ արդյունքներ ուղղակի չի կարելի ակնկալել: Խայտառակ չլինելու համար Վանեցյանն ունի միայն մեկ տարբերակ: ՀՖՖ-ն լուրջ աշխատանքներ պետք է կատարի արտասահմանում բնակվող հայ ֆուտբոլիստներին մոբիլիզացնելու համար: Եթե այսօր Հայաստանի ազգային հավաքականը 1:6, 1:4, կամ 0:5 հաշվով պարտվում է Լեհաստանի, Դանիայի կամ Ռումինիայի հավաքականներին, ապա վաղը նույն հաշվով կպարտվենք արդեն Մոլդովային, Լիտվային, ինչու չէ նաև Լյուքսեմբուրգին կամ Մալթային: Ուստի սփյուռքի հայ ֆուտբոլիստների մեր հավաքականներում ներգրավելը կարևորագույն խնդիրներից մեկն է:
 
Ստեղծված իրավիճակում մնում է հուսալ, որ Արթուր Վանեցյանին այնուամենայնիվ կհաջողվի ռելսերի վրա դնել մանկապատանեկան ֆուտբոլը և 5-6 տարի հետո մենք կունենանք սերունդ, որի հետ իսկապես կարելի կլինի հույսեր կապել:
 
Հեղինակ՝ Դավիթ Ջալալյան