lragir.am-ը գրում է․
 
Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանի երրորդ հանդիպումից առաջ, որ սպասվում է սեպտեմբերի 8-ին Մոսկվայում, Հայաստանի եւ Ռուսաստանի փորձագիտական մի շարք շրջանակներ, մեդիառեսուրսների ապահովությամբ, փորձում են գեներացնել հայ-ռուսական հարաբերության ճգնաժամի, Հայաստանի նոր իշխանության հանդեպ ՌԴ իշխանության անվստահության եւ դժգոհության մասին մտայնություն եւ հանրային տրամադրություն:
 
 
Այդ ամենի բուն նպատակը հասկանալի է, քանի որ մարտավարությունը կամ ռազմավարությունը նոր չէ: Այն կիրառվում էր նաեւ Սերժ Սարգսյանի դեմ ու նաեւ դրա շնորհիվ այդ շրջանակները կարողացան հասնել նրան, որ Սերժ Սարգսյանը հրաժարվեց Եվրամիության հետ Ասոցացման գործընթացից:
 
 
Ընդ որում, շրջանակը, որ աշխատում էր Սերժ Սարգսյանի դեմ մոտ տասը տարի, զգալիորեն թուլացավ միայն ապրիլյան քառօրյայից հետո, քանի որ թե Հայաստանը, թե Ռուսաստանը կանգնեցին այդ շրջանակի հակապետական գործունեության հետեւանք-փաստի դեմ՝ ամեն մեկն իր մասով: Ներկայում այն կրկին աշխուժանում է, Հայաստանում թավշյա հեղափոխության ու իշխանափոխության գործընթացից հետո: Դրան ներկայում սկսել են հարել նաեւ ՀՀԿ տարբեր խմբեր ու անհատներ, որոնք Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում նրան էին փորձում պաշտպանել այդ գրոհներից:
 
 
Իրավիճակն այժմ այլ է, նրանք ձեռնամուխ են եղել Նիկոլ Փաշինյանի դեմ այն նույն խաղին, որին դիմակայում էին, երբ խաղը Սերժ Սարգսյանի դեմ էր: Խոշոր հաշվով դա իհարկե է խաղ է Հայաստանի դեմ: Միաժամանակ, այդ խաղը ներկայում շարունակում է լինել նաեւ Սերժ Սարգսյանի դեմ:
 
 
Դրա վառ վկայությունն էր ռուսական ՆՏՎ-ին Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցը, որտեղ նա ռուսական լսարանի համար հայտարարում էր, որ այդ ամենի մեղավորը Սերժ Սարգսյանն էր, որը գնաց Սահմանադրության փոփոխության եւ վարչապետի պաշտոնին, փաստացի երրորդ ժամկետի: Ըստ Քոչարյանի, եթե դա չլիներ, չէր լինի նաեւ թավշյա հեղափոխությունը:
 
 
Ընդ որում, Քոչարյանը գուցե իրավացի է, այն իմաստով, որ եթե Սերժ Սարգսյանը չառաջադրվեր վարչապետի պաշտոնին, եւ այդ թեկնածուն լիներ Կարեն Կարապետյանը կամ որեւէ այլ ֆիգուր, Նիկոլ Փաշինյանի շարժումը գուցե չհավաքեր այն թափը, որ հավաքեց: Իհարկե այստեղ ՀՀԿ-ն հայտնվում է անհարմար վիճակում, որովհետեւ ամբողջ կուսակցությունն էր Սարգսյանին համարում անփոխարինելի, բացառությամբ Դավիթ Հարությունյանի, որը հայկական նախկին իշխանության մեջ Ռոբերտ Քոչարյանի հաջողված կադրերից էր եւ նրա հորդորով մտել էր ՀՀԿ 2007 թվականի խորհրդարանի ընտրությունից առաջ:
 
Ու քանի որ ՀՀԿ-ն պնդում էր Սերժ Սարգսյանի անփոխարինելիությունը, ներկայում չի կարող համաձայնել Ռոբերտ Քոչարյանի հետ, համենայն դեպս բարձրաձայն: Բայց քանի որ ՀՀԿ զգալի խմբեր միացել են Ռոբերտ Քոչարյանի այն խաղի աշխուժացմանը, որը նա մինչեւ 2016 թվականի ապրիլ խաղում էր Սերժ Սարգսյանի դեմ, հիմա վերականգնում է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, ապա փաստացի ստացվում է, որ այդ մասով ՀՀԿ-ն եւս ընդունում է Քոչարյանի գնահատականի իրավացիությունն ու դուրս գալիս նաեւ Սերժ Սարգսյանի դեմ:
 
 
Դա իմիջիայլոց, քանի որ Ռոբերտ Քոչարյանի բուն ուղերձը Կրեմլին է, բայց այստեղ ստացվում է, որ Քոչարյանը Սերժ Սարգսյանին մեղադրելով, մեղադրում է հենց Պուտինին: Բանն այն է, որ 2017 թվականի մարտին Մոսկվայում ընդունելով Սերժ Սարգսյանին, Պուտինն իր «օրհնությունն» էր տվել Հայաստանում կառավարման մոդելի փոփոխությանն ու հույս հայտնել, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանը կապահովի սահուն անցումը:
 
 
Իհարկե, ստացվեց, որ անցումն այդքան էլ սահուն չէր, համենայն դեպս առերեւույթ, սակայն խնդիրն այն է, որ Պուտինը տվել էր իր հավանությունը Սերժ Սարգսյանի ծրագրերին, եւ նրան մեղադրելով, Ռոբերտ Քոչարյանը մեղադրում էր փաստորեն Պուտինին:
 
 
Իհարկե այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու՞ է Պուտինը շնորհավորում Քոչարյանի ծնունդն ու դնում այդ տեղեկությունը Կրեմլի կայքում: Բայց պետք է նաեւ հարցնել, թե հետո ինչու է Պեսկովը մեկնաբանում եւ ասում, որ չեն խոսել նրա դեմ քրեական հետապնդման մասին: Իհարկե, որեւէ մեկը չի հավատա, թե իսկապես չեն խոսել, բայց, եթե Կրեմլի խոսնակի մակարդակով ասում են, որ չեն խոսել, ուրեմն դա նշանակում է, որ հրաժարվում են Քոչարյանի դեմ այդ գործի համար պատասխանատվությունից:
 
 
Ըստ այդմ հարց է առաջանում՝ ինչու՞ շնորհավորել, իսկ մի քանի ժամ անց հրաժարվել քաղաքական պատասխանատվությունից: Բանն էլ հենց այն է, որ անձնապես շնորհավորել են քաղաքական պատասխանատվությունից ազատվելու համար, ինչով էլ պայմանավորված է թերեւս այն, որ դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի մոտ առաջացավ Հայաստանից առժամանակ հեռանալու ցանկություն:
 
 
Այլ կերպ ասած, չի հաջողվում Պուտինին ներքաշել Հայաստանի ներքին հարցերում հարաբերությունների պարզաբանման տրամաբանության շրջանակ եւ այդ շրջանակում նրան մատուցել հայ-ռուսական հարաբերության հարցը: Գուցե Պուտինի համար ավելի լավ ժամանակներում դա հաջողվեր, ինչպես եղավ մինչեւ 2013-ի սեպտեմբերի 3, սակայն այդ ժամանակները մնացել են ժամանակային առումով ոչ շատ հեռու, սակայն իրավիճակային առումով շատ խորը անցյալում:
 
ՌԴ նախագահը ներկայում խնդիրը դիտարկում է շատ ավելի լայն ու լուրջ հարցերի շրջանակում, ինչի վկայությունն էր նրա օգնական Ուշակովի հայտարարությունը, որ արել էր նախօրեին՝ Փաշինյանի այցի կապակցությամբ: Նա ասել էր, որ հարցեր են կուտակվել թե հայկական, թե ռուսական կողմում եւ ակնկալում են լուրջ ու անկեղծ խոսակցություն: Հատկանշական է ու թերեւս աննախադեպ, երբ ՌԴ նախագահի օգնականի մակարդակով արձանագրվում է, որ խնդիրը երկուստեք է եւ չի գալիս միայն Հայաստանից: Դա այն դեպքում, երբ Հայաստանում առավոտից երեկո շեփորվում է միտքը, թե Երեւանը ձախողում է հայ-ռուսական հարաբերությունը: Պարզվում է, որ հարցեր կան երկու կողմում, եւ Ռուսաստանը նախագահի օգնականի մակարդակով ճանաչում է այդ իրողությունը:
 
Ծիծաղելի է կարծել, թե Պուտինի համար ներկայում լուրջ կարող են լինել Հայաստանի ներքին «ռազբորկաները»: Միեւնույն ժամանակ, լրջացումը հենց այն է, ինչ իսկապես պահանջվում է հայ-ռուսական հարաբերությանը, ինչի առաջնային գրավականներից մեկն էլ հենց այն է, որ այն վերջապես դուրս բերվի ընդամենը Հայաստանում ներքին հարաբերությունների պարզման գործիք լինելու կարգավիճակից, երբ Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունները Ռուսաստան կգնան լոկ իրենց անձնական կամ քաղաքական հարցերը լուծելու համար, եւ ըստ դրա կգնահատվի հայ-ռուսական հարաբերության այսպես ասած լավ կամ վատ լինելը:
 
 
Հենց այդ տրանսֆորմացիայի հեռանկարն է, որ իրար է խառնել թե հայաստանյան, թե ռուսական տիրույթի բոլոր այն քաղաքական, փորձագիտական շրջանակներին, որոնք տարիներ շարունակ կշտացել են հայ-ռուսական հարաբերության հենց այդ բնույթի հաշվին: Եթե բնույթը փոխվի, ապա կա «քաղցի» մեծ վտանգ: Դա է պատճառը, որ նրանք ավելի ու ավելի մեծ եռանդով են ներգրավվում հայ-ռուսական հարաբերության այդ բնույթը փրկելու գործին:
 
 
Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ