Հայկ Սարգսյանի գործով դատարանն արդեն ակնհայտ կաշկանդվածություն ցույց տվեց. Երեմ Սարգսյան 
 
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է Սաշիկ Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի կալանքի վերաբերյալ նախնական դատական նիստը:
 
 Նախագահող դատավոր Աննա Դարբինյանը նախ հարցեր հղեց Հայկ Սարգսյանին ծննդավայրի, ազգության, ընտանեկան կարգավիճակի, կրթության մասին: Դատավորի հարցին՝ առողջական խնդիրներ ունեք, Հայկ Սարգսյանը պատասխանեց՝ ունեմ:
 
 Մյուս հարցին՝ ի՞նչ խնդիրներ, Հայկ Սարգսյանը պատասխանեց՝բարձրաձայն ասել չեմ կարող: 
 
 
Այնուհետև Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հինգ րոպե ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար:
 
 Հետո միջնորդությամբ հանդես եկավ, որպեսզի դատարանը դիմի վարույթն իրականացնող մարմնին և պահանջի փաստաթղթերի պատճենների հավաստիությունը:
 
Այս առիթով Երեմ Սարգսյանը հայտարարեց. «Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք իրավական ուժ ունենալ չեն կարող, դրանցից շատերը պատճեններ են»:
 
Պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունը դատարանը թողեց առանց քննության:
 
 Երեմ Սարգսյանն այս առիթով հայտարարեց. «Դատարանն ակնհայտ կաշկանդվածություն ցույց տվեց արդեն և հստակ ցույց տվեց, որ միտված չէ արդար դատաքննություն իրականացնելու»: 
 
 
 Այնուհետև Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ այս գործում դատարանն ու դատախազն ունեն կաշկանդվածություն. «Պետական որոշ մարմինների մասնակցությամբ ՀՀ ոստիկանության, քննչական կոմիտեի և ՀՀ դատախազության անձինք Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործով անտեսել են գործող օրենքները, խախտել տարրական իրավական նորմերը: Նրանց նպատակն է ապօրինի միջոցներով հասնել իրենց առաջ դրված խնդիրներին, որ դեռ 2007թ.-ին կարճված քննությունը վերսկսվի, Հայկ Սարգսյանը կալանավորվի և հետո դատապարտվի: Պետական որոշ մարմիններ ակնհայտորեն մրցակցության մեջ են մտել, թե ով ավելի հնչեղ բացահայտումներ կանի և ավելի հնչեղ անուններ կհնչեցնի, միայն թե տպավորություն ստեղծվի, թե անզիջում պայքար են մղում: Պետական մարմինն այս պահի խնդիր է լուծում: Նախ իրականացվել է միակողմանի նախաքննություն՝ Հայկ Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու միակ նպատակով: Այս ամենը կատարվել է դատախազ Աբգար Առաքելյանի թողտվությամբ: Այս գործը ամբողջությամբ անօրինական է»: 
 
 
 Նշենք, որ դատարանի դահլիճում մեր կողքին էին նստած Հայկ Սարգսյանի որոշ հարազատներ: 
 
 
Նրանցից մեկը պաշտպանի հայտարարության ժամանակ ռեպլիկի կարգով նշեց՝ անարխիա: 
 
 
 
 
 
 
Հեղինակ՝  Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ